Հայտնի և անհայտ ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆը - ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նորության նկար Մուղնի» հրատարակչությունը 2008-ի մայիսին լույս է ընծայել «Վաւերագրեր հայ եկեղեցու պատմութեան» խորագրով ԺԶ գիրքըՙ «Վազգեն Ա Պալճեան Ամենայն հայոց կաթողիկոս (1955-1994)» փաստաթղթերի եւ նյութերի ժողովածուն 1375 էջով:

Այս հատորն ընդգրկում է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի 39-ամյա գահակալության 1955-1965 թթ. տասնամյա գործունեության փաստաթղթերն ու նյութերը, որոնք սերտորեն առնչվում են ներազգային եւ միջազգային իրադարձություններին:

Փաստաթղթերի եւ նյութերի այդ ծավալուն ժողովածուն կազմել ու խմբագրել է ծանոթ պատմաբան Գեւորգ Յազըճյանը: Ժողովածուն լույս է տեսել «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի ղեկավար Զավեն Եկավյանի եռանդուն օժանդակությամբ եւ «Մուղնի» հրատարակչության տնօրեն Ռուզան Պետրոսյանը ջանքերով:

* * * *

1955-ի դեկտեմբերի 1-ին, ընտրվելուց երկու ամիս անց, կաթողիկոսն իր առաջին կոնդակում ամենայն պատասխանատվությամբ հռչակեց իր առաքելությունը` առաջնորդել աշխարհացրիվ հայությանը դեպի միասնություն, նպաստել ազգապահպանմանը:

Գրախոսվող հատորում մեծ տեղ է հատկացված այն փաստաթղթերին, որոնք ընթերցողի առջեւ բացում են Հայ եկեղեցին պառակտելու, նրա միասնությունը խաթարելու պատմության ծալքերը եւ ցույց են տրվում Վազգեն Առաջինի գործադրած ջանքերը եկեղեցու միասնությունը վերականգնելու գործում:

Հայ առաքելական եկեղեցու միասնությունը քայքայելու զանազան ուժերի նպատակը հասկանալու համար, կարծում եմ, կարիք կա շատ համառոտ անդրադարձ կատարելու դրա վերաբերյալ:

Հայաստանը պետականության կորստից հետո մի երկարատեւ պատմական ժամանակաշրջանում հայտնվեց օտար տիրապետության տակ: Հայաստանը բաժանվեց շահական Պարսկաստանի ու սուլթանական Թուրքիայի միջեւ: Լիովին քայքայվեց երկրի տնտեսությունը: Հայ ժողովուրդը ենթարկվում էր տնտեսական, սոցիալական, կրոնական, ազգային ու բարոյական հալածանքի: Անհետացել էին հիմնական նախարարական տները: Նրանցից մի քանիսը, որ դեռ շարունակում էին պահպանել իրենց գոյությունը, հեռացել էին երկրի լեռնային շրջանները կամ էլ, չդիմանալով օտար տիրակալների ճնշմանը, հարկադրաբար հրաժարվել էին ազգայինից ու դարձել նրանց կամակատարը:

Այսպիսի պայմաններում Հայաստանում բացակայում էր հայ ժողովրդին համախմբող եւ ազատագրական պայքար կազմակերպող քաղաքական ուժը:

Բայց կար Հայ եկեղեցին, որը փաստորեն մնացել էր երկրի միակ ազգային հաստատությունը: Չնայած Հայ եկեղեցին գործում էր կրոնական դաժան հալածանքների ծանր պայմաններում, երբեմն-երբեմն իր մեջ ուժ էր գտնում միջոցներ ձեռնարկելուՙ հայ ժողովրդին համախմբելու, նրան օտար բռնակալների լծից ազատագրելու համար:

Օտար զավթիչները գիտակցում էին Հայ եկեղեցու համախմբող դերը, դրանից եկող վտանգը, դիմում էին զանազան միջոցների եկեղեցու գործունեությունը խաթարելու եւ կազմալուծելու համար: Նրանք հասան իրենց նպատակին եւ պառակտեցին Հայ եկեղեցին:

Դրա հետեւանքով Էջմիածնի Ամենայն հայոց կաթողիկոսության կողքին միաժամանակ ստեղծվեցին Աղթամարի, Գանձասարի եւ Կիլիկիայի կաթողիկոսությունները, որոնք տեւական ժամանակաշրջանում ոչ միայն պայքարում էին իրար դեմ, այլեւ իրենց գործելակերպով ավելի էին խորացնում հայ ժողովրդի ուժերի ջլատումը:

Բայց օտար նվաճողները դրանով չբավարարվեցին: Նրանք լավ էին հասկանում Էջմիածնի դերը եւ ամեն ինչ անում էին նրա հեղինակությունն ու ազդեցությունը վերացնելու համար: Այդ նպատակով էլ նրանք հաճախ Էջմիածնի կաթողիկոսական աթոռին միաժամանակ նստեցնում էին մի քանի կաթողիկոսի...

Պարսկա-թուրքական դաժան տիրապետության պայմաններում իր գոյությունը մի կերպ պահող Հայ եկեղեցուն ուժգին հարված հասցրեցին հատկապես 16-րդ դարից Հայաստանում հաստատված կաթոլիկ քարոզիչները` իրենց գլխավոր թիրախը դարձնելով Էջմիածնի կաթողիկոսությունը:

Կաթոլիկ եկեղեցու պայքարը Էջմիածնի դեմ ավելի ուժեղացավ 19-րդ դարի կեսերին, երբ առաջին գիծ մղվեց հայ կաթոլիկների առաջնորդ Անտոն Հասունյանը...

Այս շատ համառոտ պատմական էքսկուրսը փաստում է, որ միշտ էլ հանդես են եկել ուժեր, որոնք ամեն միջոցով ձգտել են պառակտել Հայ եկեղեցին, գլխավոր հարվածն ուղղելով հատկապես հայ ժողովրդի համախմբման գործում անգնահատելի դեր ունեցող Էջմիածնի ամենայն հայոց կաթողիկոսության դեմ:

Ի պատիվ Էջմիածնի Ամենայն հայոց կաթողիկոսության, հարկ եմ համարում ընդգծել, որ նա, թեեւ հարուցված բազմաթիվ խոչընդոտներին, դժվարություններին ու դավադրություններին, կարողացավ հաղթահարել դրանք եւ մնալ որպես հայ ժողովրդի համախմբման գլխավոր հաստատություններից մեկը: Դրա փայլուն ապացույցը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Էջմիածնի Մայր աթոռի` ժողովրդին համախմբող գործունեությունը...

Բայց, դժբախտաբար, դա երկար չշարունակվեց: Նորից հանդես եկան ուժեր, որոնք ամոթաբեր ու ստոր միջոցի ընտրության առջեւ չկանգնեցին եւ հասան իրենց նպատակին` պառակտելով Հայ եկեղեցին:

Իմ գնահատմամբ` Գ. Յազըճյանը միանգամայն ճիշտ է վարվել ժողովածուի սկզբում ընդգրկելով Էջմիածնի դեմ, Հայոց եկեղեցու միասնությունը քայքայող եւ պառակտող գործողությունները լուսաբանող փաստաթղթերը, որոնք ընթերցողի առջեւ բացում են Հայոց եկեղեցին պառակտող ուժերի եղկելի վարքագիծը:

«Իմ գահակալության հենց սկզբից,-գրել է Վազգեն Առաջինը,-ես դժբախտություն ունեցա ժառանգելու Սփյուռքում մեր եկեղեցու ծոցում ստեղծված պառակտված վիճակ, հակամարտ կողմերով: Եկեղեցին արտասահմանում դարձել էր կուսակցական պայքարների կռվադաշտ, պայքարի առանցքը հանդիսանալով կուսակցությանց կողմնորոշումը Հայաստանի սովետական կարգերի եւ գաղափարախոսության հանդեպ»:

Վազգեն Առաջինի նշած պայքարը հատկապես բորբոքվեց 1956-ի փետրվար-մարտ ամիսներին Տանն Կիլիկիո նոր կաթողիկոսի ընտրության ժամանակ: Այդ պայքարի հետեւանքով խզվեցին մինչ այդ եղած ջերմ կապերը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Կիլիկիո կաթողիկոսության միջեւ: Ստեղծված տագնապալի վիճակը իր կնիքը թողեց ամբողջ Սփյուռքի վրա:

Կիլիկիո նոր կաթողիկոսի ընտրությունից հետո 1956 թ. Անթիլիասը հայտնվեց Դաշնակցության մականի տակ:

Այդ հակահայկական քայլն իրականացնելու համար գործի անցան կուսակցականացած հոգեւորականները, որոնց ղեկավարում էին դաշնակցական Զարեհ եւ Խորեն եպիսկոպոսները: Այդ պառակտիչներին նկատի ունենալով` Վազգեն Առաջինը 1957-ի դեկտեմբերի 20-ին հրապարակած կոնդակով ընդգծեց, թե «պիտի գայ օր մը, երբ այսօրուան հերձուածի հեղինակները, եթէ կամենան իսկ, պիտի չկարողանան սրբագրել իրենց ազգաքանդ սխալը: Անոնք ենթակայ պիտի դառնան մեր եկեղեցիի եւ ազգի նզովքին»:

Իհարկե, Հայոց եկեղեցու միասնությունը պառակտող ուժերը գիտակցում էին իրենց արարքի ամբողջ էությունը եւ փորձում էին դրան տալ եկեղեցական գունավորում: Բայց դա նրանց չհաջողվեց:

Այդ պառակտիչների փորձերին Վազգեն Առաջինը տվել է սպառիչ գնահատական, գրելով հետեւյալը. «Էջմիածին-Անթիլիաս տագնապը փաստօրէն եկեղեցական տագնապ չէ, ոչ իսկ եկեղեցական-վարչական, այլ քաղաքական է, աւելի ճիշտ կուսակցական: Որովհետեւ կայ ծանօթ կուսակցութիւնը, որ իր ազդեցութիւնը պարտադրած է Կիլիկեան աթոռին` Եկեղեցւոյ կազմակերպութեան միջոցաւ իր տիրապետութիւնը տարածելու Սփիւռքի վրայ: Այս կուսակցութիւնը իր այս դիրքորոշումը պարտադրած է Կիլիկեան աթոռին: Եւ իր քաղաքական նպատակներ կը փորձէ կենսագործել, մեր եկեղեցւոյ մարմնի մէկ մասը իր ձեռքերուն առած` Մայր եկեղեցին պառակտելով Սփիւռքի մէջ»:

Առաջ անցնելով, ուզում եմ այստեղ հիշատակել դաշնակցության նորօրյա գաղափարախոսներից մեկի` ոմն Ռուբինա Փիրումյանի «Հայկական հարցի պատմություն» հավակնոտ դասագրքում (որը չգիտես ում կամքով պարտադրվել է Հայաստանի Հանրապետության դպրոցների 9-րդ դասարանների աշակերտներին) տեղ գտած հետեւյալ կեղծիքը:

Խորհրդային իշխանությանը մեղադրելով Էջմիածնի Մայր աթոռը իր հսկողության տակ պահելու մեջ, Ռ. Փիրումյանը գրել է. «Հայկական Սփյուռքում եւս փորձում էին եկեղեցիների միջոցով համայնքները խորհրդային ազդեցության տակ առնել: Սփյուռքի եկեղեցիներում ծառայելու համար հաճախ գործուղվում էին հոգեւորականի տարազով համայնավար գործիչներ: Դաշնակցությունը պայքարում էր այդ քաղաքականության դեմ ու փորձում էր Սփյուռքը պահել անկախ, զուտ ազգային սկզբունքների վրա հիմնված: Եվ այստեղից էլ Էջմիածին-Անթիլիաս հակամարտությունը»:

Այստեղ մի քանի հարց է առաջանում: Եթե Դաշնակցությանը հայտնի էին համայնավար գործակալները, ապա մի՞թե դժվար էր նրանց մերկացնել եւ թույլ չտալ ազատորեն գործել: Մի՞թե դաշնակցությունն ուրիշ ելք չուներ Սփյուռքն ազգային սկզբունքների վրա պահելու համար եւ հարկադրված եղավ նրան փրկելու նպատակով անջատել Էջմիածնի «կոմունիստական» Մայր աթոռից եւ ենթարկել իրեն:

Նորօրյա այդ գաղափարախոսի պնդումը որքան անհեթեթ, այնքան էլ բացահայտ զրպարտություն է, որոնց միջոցով նա ձգտում է Դաշնակցությանը փրկել Հայոց եկեղեցու միասնությունը քայքայելու եւ պառակտելու պատասխանատվությունից:

Այնուամենայնիվ, մի պահ հավատանք, որ Փիրումյանն իր փաստարկներում ճիշտ է: Այդ դեպքում, շուրջ 20 տարի է, ինչ Հայաստանում վերացել է խորհրդային իշխանությունը, չկա նաեւ կոմունիստների «գործակալ» հոգեւորականների վտանգը, ավելի լավ պայմաններ են ստեղծվել Հայաստան-Սփյուռք միասնության համար, ինչո՞ւ Դաշնակցությունը քայլեր չի կատարում Հայոց եկեղեցու միասնությունը վերականգնելու համար: Չէ՞ որ եկեղեցու շարունակվող անմիաբանությունը խանգարում է հայ ժողովրդի միավորմանը:

Ասվածի կապակցությամբ հարկ եմ համարում այստեղ հիշատակել Ռամկավար կուսակցության գործիչներից Հայկ Նագգաշյանի հետեւյալ գնահատականը. «Եթէ սովետական ժամանակաշրջանին Հայ եկեղեցւոյ երկփեղկումին մէջ դեր ունէին նաեւ արտահայկական գօրծոններ, այսօր այլեւս այդ գործօնները գոյութիւն չունենալով յստակ դարձած է, թէ այժմ ո՞ւր կը գտնուի արգելքը: Պարզ ու մեկին` դաշնակցութիւնը չի կրնար կարմիր սփիւռքի մէջ զինք զօրաւոր պահող ուժի եւ տնտեսական եկամուտի աղբիւրը ձեռքէ հանել»:

Ընթերցողի ուշադրությանը ներկայացնեմ նաեւ մեկ այլ փաստ: 2000-ի հուլիսին Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու առթիվ այցելել է Իրան: Թեհրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթի սրահում նա իր ելույթում ընդգծել է. «Անթիլիասը եւ Հայ յեղափոխական դաշնակցութիւնը մեր ազգը եւ հայրենիքը յուզող ընդհանրական հարցերու շուրջ միշտ եղած են միասին: Մեր աթոռը ու Հայ յեղափոխական դաշնակցութիւնը գործակցեցան յատկապէս 1956-էն ասդին...Մենք միասին պայքարեցանք ամէն իմաստով, մեր բոլոր գաղութներէն ներս»:

Տեղին եմ համարում այստեղ հիշատակել Թեհրանում լույս տեսնող «Արաքս» հանդեսի հարցադրումը Արամ Ա-ի ելույթի կապակցությամբ. «Ինչո՞ւ ՀՅԴ-ն ու Անթիլիասը «միշտ եղած են միասին», արդյոք դաշնակներն ավելի՞ քրիստոնյա են եղել հայկական մյուս խմբավորումներից եւ ինչո՞ւ «1956-էն ասդին»: Ի՞նչ պատահեց այդ չարաբաստիկ թվին, եթե ոչ հայոց հնադարյան եկեղեցու բաժանում, որը միայն կարող էր դուր գալ հայի թշնամուն»:

Վերոհիշյալը նկատի ունենալով, կամենում եմ նշել, որ փաստաթղթերի ժողովածուի կազմող եւ խմբագիր Գ. Յազըճյանը միանգամայն ճիշտ է վարվել առաջին բաժնում մեծ տեղ հատկացնելով Հայոց եկեղեցին պառակտող ուժերի ամբողջ գործողությանը եւ հետո անդրադարձել Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի գործունեությանը, որն իր գահակալության հենց սկզբից հարկադրված էր միջոցներ որոնել եկեղեցու միասնությունը վերականգնելու համար:

Հրապարակվող փաստաթղթերի մի զգալի մասը վերաբերում է Հայոց եկեղեցու միասնությունը վերականգնելու ուղղությամբ Վազգեն Առաջինի ներդրած հսկայական ջանքերին: Այդ փաստաթղթերը, որոնք առաջին անգամ են դրվում գիտական շրջանառության մեջ, ընթերցողի առջեւ բացում են այն բոլոր բացահայտ ու թաքուն խոչընդոտների ծալքերը, որոնք ցավոք, մինչեւ օրս էլ շարունակում են գոյություն ունենալ:

Այդ փաստաթղթերի միջոցով մեր առջեւ վեր է խոյանում հայ ժողովրդի միասնության համար անխոնջ պայքարող, ազգային-հոգեւորական մեծ գործիչ Վազգեն Առաջինի կերպարը: Առանձնակի կարեւորություն է ներկայացնում Վազգեն Առաջինի 1964-ի օգոստոսի 17-ի կոնդակը` «նվիրուած Համաշխարհային առաջին պատերազմի ընթացքին արեւմտահայ ժողովրդի նահատակութեան», որով 1965 թվականը հռչակվում էր սուգի եւ աղօթքի տարի Հայ եկեղեցու եւ ժողովրդի համար»:

Այս կոնդակից հետո Վազգեն Առաջինն իր ջանքերն ուղղեց Սուրբ Էջմիածնում եւ բազմաթիվ հայ գաղութներում Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնելու նպատակով հուշարձանների կառուցմանը: Փաստորեն Վազգեն Առաջինի այս կոնդակով դրվեց պետականորեն Եղեռնի 50-ամյակը նշելու եւ Երեւանի Ծիծեռնակաբերդի բարձունքում հուշակոթող կառուցելու սկիզբը:

Փաստաթղթերի մի զգալի հատված նվիրված է Վազգեն Առաջինի եկեղեցաշինական գործունեությանը: Դրանց միջոցով բացահայտվում է Ամենայն հայոց հայրապետի եռանդուն գործունեությունը միջազգային ասպարեզում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հեղինակությունը բարձր պահելու համար: Այդ մասին է վկայում Հռոմի պապի, Մոսկվայի եւ Համայն Ռուսիայի պատրիարքի, Համայն Անգլիայի առաջնորդ, Քենտրբերիի արքեպիսկոպոսի եւ այլոց հետ կաթողիկոսի նամակագրությունը:

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Վազգեն Առաջինի 1965-ի հունիսի 4-ի կոնդակը եկեղեցիների միության մասին: «Այս երկու հազար տարիներու ընթացքին,- գրել է կաթողիկոսը,- քրիստոնէութիւնը, եկեղեցիները յաճախ կուրծք տուած են արտաքին ալեկոծումներու եւ ներքին հակամարտութիւններու եւ պառակտումներու, եւ երբեմն նոյնիսկ թշնամական փոխադարձ գործողութիւններու, սակայն, Աստուծոյ ողորմութեամբ, անոնք կարողացել են հասնիլ խաղաղութեան ափին, շարունակելով իրենց սրբազան առաքելութիւնը, ամէն մէկը իրեն սահմանուած հօտին մէջ»:

Այնուհետեւ կաթողիկոսն ընդգծում է, որ «Հայաստանեաց առաքելական Սուրբ Եկեղեցին, դաւանաբանական հարցերու նկատմամբ իր մտածելակերպով ու բանաձեւումներով թէեւ կը մնայ անշեղ ու հաստատ իր աւանդական ուղղափառ դիրքերուն վրայ, սակայն, ինչպէս անցեալի մէջ, այսօր ալ կ՛առաջնորդուի «Միութիւն ի կարեւորս եւ ազատութիւն յերկբայականս» հին ու բարերար սկզբունքով: Ուրեմն, յոյժ ցանկալի է, որ քոյր եկեղեցիներու հետ մենք շարունակենք պահպանել ու մշակել իրաւ քրիստոնէական եղբայրական կապեր, Մայր Եկեղեցւոյ եւ մեր լուսաբնակ հայրապետներու ոգիով, եկեղեցիներու միջեւ միութիւնը տեսնելով ի Քրիստոս սիրոյ մէջ, փոխադարձ ճանաչման ու գնահատման մէջ, սերտ գործակցութեան մէջ»:

Կաթողիկոսը համոզմունք է հայտնում, որ դավանաբանական կամ այլ խնդիրներ արգելք չպետք է լինեն «Եկեղեցիներու սիրալիր յարաբերութեանց ու եղբայրական գործակցութեանց»:

Վազգեն Առաջինը եկեղեցիների միության հաստատումը համարում էր ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման ու պահպանման կարեւոր երաշխիքներից մեկը եւ եռանդով հանդես էր գալիս խաղաղասեր ուժերի առաջին շարքում, վաստակելով մեծ հեղինակություն:

Ժողովածուն ընթերցողին հնարավորություն է տալիս ծանոթանալու հայապահպանման գործում Վազգեն Առաջինի եռանդուն աշխատանքին, որ նա անխոնջ կերպով առաջ է տարել դեպի սփյուռք կատարած բազմաթիվ այցելությունների ընթացքում:

Առաջին անգամ հրապարակված փաստաթղթերն ընթերցողի առջեւ բացահայտում են պետական մտածողություն ունեցող Վազգեն Առաջինի ծավալած եռանդուն գործունեությունը: Դրա վառ ապացույցն է Խորհրդային Հայաստանի ղեկավար մարմինների հետ Վազգեն Առաջինի վարած գրագրությունը կարեւորություն ունեցող ազգային-մշակութային բնույթի զանազան խնդիրների շուրջ:

Անհրաժեշտ եմ համարում հատկապես ընդգծել, որ Վազգեն Առաջինի գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորված էր Խորհրդային Հայաստանի պետական մարմինների հետ նրա վարած խելացի ու մտածված հարաբերություններով եւ դրանց շնորհիվ հաստատված վստահության մթնոլորտով:

Ժողովածուի մեջ զգալի տեղ է հատկացվել Վազգեն Առաջինի գահակալության տասնամյակը նշելու հետ կապված նյութերին, որոնք ոչ միայն կարդացվում են հետաքրքրությամբ, այլեւ ընթերցողի առջեւ բացում են հայ ժողովրդի արժանավոր զավակի բազմաբնույթ ու բազմաբովանդակ գործունեության բոլոր կողմերը:

Գրախոսվող ծավալուն հատորը արժանի հուշարձան է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվանն ու հիշատակին:

Ավարտելով սույն համառոտ գրախոսականը, հարկ եմ համարում նշել, որ հրապարակված փաստաթղթերի ժողովածուն ունի պատմագիտական մեծ արժեք:

ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 2009-04-14

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 03-10-2012 07:49:40
Դիտումների քանակը: 1604
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott