Հայ առաջին ատոմագետը

Նորության նկար Մեզ թվում է, թե զարգացած «ատոմային դարի» հիմնադիրների անունները մենք շատ լավ գիտենք, բայց նրանց մեջ դեռ կան չճանաչվածները: Նրանցից մեկը մինչև հիմա էլ դեռ մնում է ստվերում. Վահագն Դեմիրճօղլյան (1875-1938): Թերևս նա եղել է առաջիններից մեկը, ով 40 տարի շարունակ, սկզբում Ռուսական կայսրությունում, հետո ՍՍՀՄ-ում հետևողականորեն, ինքնուրույն զբաղվել է ատոմի կառուցվածքի տեսության ուսումնասիրությամբ: Նրա անունը ոչ մի տեղ չի հիշատակվում, բացի Լուվրի տեղեկատուներից: Քանզի այնտեղ պահպանվում են Հայաստանի բոլոր թագավորների մարմարե հարթաքանդակները, որոնք նրա ձեռքի գործն են: Դժվարությունների հանդիպելով` նա դրանք վաճառել է մի հարուստի:

Վ.Դեմիրճօղլյանը ծնվել է Վրաստանի Ախալքալաք քաղաքում 1875 թ.: Նրա հայրը հոգևորական էր: 1892 թ. նա ընդունվել է հայկական հոգևոր ակադեմիայի պատմա-աստվածաբանական բաժինը: Ինչպես հայտնի է, Վահագնը եղել է 1894 թ. Գևորգյան ճեմարանի լսարանցիների խռովության պարագլուխը: Ճեմարանից հեռանալուց հետո ավարտել է Ներսիսյան դպրոցը: Շուրջ 10 տարի որպես հոգևորական ծառայել է Արդահանում: 35 տարեկանում նա դուրս է գալիս հոգևորականությունից, տեղափոխվում Թիֆլիս և այնտեղ 1912-1921 թթ. աշխատում է հայկական ճեմարանում և տեխնիկումում որպես քարտուղար, գրադարանավար և քիմիայի ուսուցիչ:

Երիտասարդ տարիներին նրան հետաքրքրում էին հայտնագործությունները ֆիզիկայի և քիմիայի ասպարեզում: 1912 թ. օգոստոսի 10-ին նրա գրած հոդվածը «Քիմիական էլեմենտների առաջացման մասին» ուղարկվել է Կայսերական գիտությունների ակադեմիա, որտեղից պատասխանել են, որ «ծրարը կպահպանվի մինչև ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը կկայացնի որոշում, որի մասին անմիջապես կհաղորդվի»: Այլևս ոչ մի ծանուցագիր չի ստացվել: Այդ ժամանակ նա որոշում է սեփական միջոցների հաշվին տպագրել իր «Վալենտականություն. քիմիական էլեմենտների առաջացման թեորիայի իմ տեսակետը» (Թիֆլիս, 1914) աշխատությունը: Նա նշում է, որ քիմիան էլեմենտների ձգտումն է կատարելության, ամեն ատոմ ջանում է ազատվել իր ավելորդ բեռից կամ ձեռք բերել պակասը: Այստեղ ստույգ արտացոլված է իդեալական գազերի ատոմների նախընտրելի կոնֆիգուրացիայի վերաբերյալ միտքը: Նա ենթադրում էր, որ արգոնը և նրա անալոգները, որոնք պարբերական աղյուսակի 0-ական խմբում են, պետք է ընդգրկվեն 8-րդ խմբում: Միայն 1960-ական թվականներին իրոք 0-ական խումբը հանվեց: Ռեզերֆորդ-Բոր ատոմի մոդելի ընդունումից առաջ դա արել է Դեմիրճօղլյանը: Նրա աշխատանքը չդարձավ գիտության ձեռքբերում: Ռուսական պետությանը սպասում էին մեծագույն ցնցումներ: Նա եկավ Երևան և աշխատեց Լուսժողկոմի գրասենյակում: Վ. Դեմիրճօղլյանի նոր զբաղմունքը տարօրինակ էր թվում իր շրջապատի մարդկանց: Իր աչքերի յուրահատուկ կառուցվածքի համար նրան «ցնդած վարդապետ» էին անվանում: Նա երբեք Անդրկովկասից այն կողմ չի անցել, սակայն Թբիլիսիի, Երևանի գրադարաններում կարդում էր բոլոր տպագրությունները կապված իր նախասիրությունների հետ: Հիանալի տիրապետում էր ֆրանսերենին:

Հայրենիքում կարծես նրա աշխատանքներն արժանացան որոշ ուշադրության և կարեկցանքի, Լուսժողկոմը նրան որոշակի գումար հատկացրեց ատոմի կառուցվածքի մասին գիտական աշխատանքներ կատարելու համար: Նրան մեծ օգնություն ցույց տվեց իր բարեկամ Գ.Դ.Խախանյանը, որ քաղաքացիական պատերազմի մասնակից էր, վաշտի հրամանատար: Դեմիրճօղլյանը ցանկանում էր տպագրել իր նոր աշխատանքը` «Վալենտականությունը և ատոմի կառուցվածքը», որի վրա մի քանի տարի աշխատել էր: 1925-ին Գ.Խախանյանը նրա գործերը ներկայացրեց Մոսկվայի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր Ա.Կ. Տիմիրյազևին և նամակով հայտնեց Դեմիրճօղլյանին. «Տիմիրյազևն ասաց, որ Ձեր աշխատանքը լուրջ է, ենթադրությունները ճիշտ են, և մինչև հիմա որոշակի ոչինչ չկա միջուկի կառուցվածքի մասին, Ռեզերֆորդը դա միայն ենթադրում էր»: Տիմիրյազևը տվել էր իր գնահատականը: Հեղինակը միանգամայն անկախ ճանապարհով հասել էր արդյունքների և ուներ շատ փաստացի նյութեր:

Երևանի համալսարանի պրոֆեսոր Լ.Ա.Ռոտինյանցը գրում էր. «Էլեմենտների կառուցվածքի ասպարեզում Դեմիրճօղլյանին հաջողվել է արտահայտվել դեռևս 1914 թ., ավելի վաղ քան գերմանացի գիտնական Կոսելը և դանիացի գիտնական Բորը: Հենց նա ճիշտ բացահայտեց իդեալական գազերի կառուցվածքը և դրանց հիմքում դրեց վալենտականությունը: Եթե նա ժամանակին ստանար կրթություն և հայտնվեր համապատասխան միջավայրում, մենք կունենայինք մեծ գիտնական»: Նրա աշխատանքը Տիմիրյազևի ներածականով տպագրվեց 1926-ին, այժմ միակ նմուշը պահպանվում է Ռուսաստանի պետական գրադարանում:

Դեմիրճօղլյանը մահացավ 1938 թ.: Նրա մասին հայտնի է, որ նաև լավ նկարում էր, գրում քնարական բանաստեղծություններ, աշխատում էր նոր հայկական այբուբեն ստեղծելու վրա: Նրա ամենամոտ ընկերը հորեղբոր տղան էր, հայ դասական գրող Դերենիկ Դեմիրճյանը: Իր հուշերում Դ.Դեմիրճյանը նկարագրում է դրվագներ իր և Վահագնի մանկությունից: «Վահագնը ընտանեական ներկայացումներ էր կազմակերպում հարևան և այլ տղաների հետ: Բազմաթիվ սենյակներից մեկում մի փոքր բեմ էր շինած, որի երկու կողմը պահարաններ էին, մեջը լիքը անկողիններ, բեմական զգեստներ, փայտե նիզակներ, սրեր և կարտոնե վահաններ ու սաղավարտներ: Ավելի սիրով դրվում էր «Վարդան Մամիկոնյանը», որում կենտրոնական դերը խաղում էր Վահագնը: Հետագայում Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», որ վիպակ էր, Ախալքալաքում մշակվեց Վահագնի ձեռքով, դարձավ ուսանողական ներկայացման պիես տեղական թատերաբեմում: Աբիսողոմ աղայի դերում Վահագն էր: Նույն պիեսը Վահագնը տարավ ճեմարան, ուր ուսանում էինք նա և ես: Հետագայում նա այլևս չզբաղվեց թատրոնով»:

Այսօր էլ Մոսկվայում ապրող նրա բարեկամները Վահագն Դեմիրճօղլյանի ողջ արխիվը Հայաստանին նվիրելու մեծ ցանկություն ունեն, միայն թե ստեղծվի մի փոքր ցուցասրահ, որտեղ սերունդներին ներկայացվեն արդահանցի հայ առաջին ատոմագետի աշխատությունները:

Կարինե ԱՂԱԲԱԲՅԱՆ

Հայտնում է ankakh.com/-ը

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 28-08-2013 14:28:09
Դիտումների քանակը: 5959
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԷԴՈՒԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ Էդուարդ Միքայելի Միրզոյան (Մայիսի 12, 1921, Գորի, Վրաստան - Հոկտեմբերի 5, 2012, Երևան) - հայ կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժո­ղովր­դա­կան ար­տիստ, մշակութային, հասարակ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott