ՍՏԵՓԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ - նկարիչ

Նորության նկար Բազմազան է Ստեփան Մինասյանի ստեղծագործական աշխարհը` տարաբնույթ ժանրերը, ոճային տարբերություններն ու ոլորապտույտ թեմաները, որոնք լինելով անչափ վեհաշուք և ակնահաճո, ընդամենը մի նպատակի են միտված` ստիպել դիտողին ընկղմվել նրանցից յուրաքանչյուրի ներքին հոգեբանափիլիսոփայական և արտաքին գունագծանկարչական էության իրական փնտրտուքի մեջ: Եվ, թերևս, դրանք այնքան պարզ են, այնքան դուրեկան և առինքնող, և միևնույն ժամանակ այնքան բարդ, բազմիմաստ և խորաթափանց… Ստեփան Միանասյանի աշխականքներում դոմինանտ է կյանքի իրատեսությունն ու աշխարհի մատերիալիստական և իդեալիստական երևույթների գերիդեալականացումը: Դա հենց այն ակնածանքն է, որ մեծ նկարիչն ու վաստակավոր մանկավարժը տածում է իրեն շրջապատող երևույթների հանդեպ, ամեն ինչում տեսնելով միայն լավն ու գեղեցիկը, և իր հերթին էլ իրենից սփռում է բարություն, գեղեցիկն ընկալելու անհագ ցանկություն:

Zoom Image

Ստեփան Մինասյան բեմանկարչի, գրաֆիկի, գեղանկարչի, մանկավարժի մասին խոսելը բավականին պարտավորեցնող է, նյութը` ծավալուն և անսպառ: Սակայն այսօր մենք ուզում են անդրադառնել նրա այդ անեզր տարածության և հսկայածավալ աշխարհի մի փոքր անկյանը միայն: Դա նրա ստեղծագործական աշխարհի մի շերտն է, որը նկարիչը անվանում է փորձեր, որոնումներ: Սրանք ալբոմային աշխատանքներ են գրաֆիկայի սկզունքով արված, և դժվար է սրանց անվանել նախավարժանքային կամ փորձնական, քանի որ նրանցից յուրաքանչյուրը իր մեջ պարունակում է ավարտունության և վերջնականության տոկուն նախահիմքը: Թեմաները այլազան են,աշխատանքները տարաբևեռ:

Zoom Image

Բարձր տեխնիկայով և կատարյալ վարպետությամբ աչքի են ընկնում հատկապես ակադեմիստական սկզբունքով արված նկարչի ինքնանկարները, որոնք նկարչի ակտիվ հիշողության անշղարշ անդրադարձի արդյունքն են: Այստեղ նկարիչն է տարբեր հոգեվիճակներում, այդ հոգեվիճակների բևեռացումը մի դիմանկարի վրա և զանազան աշխարհայացքների տարաբնույթ ամբողջականությունը` բաշխված տարբեր դիմապատկերների վրա: Տուշի գծային և տոնային լուծումները առաջացնում են ֆորմաների փոփոխման վառ առկայություն, ծավալի քանդակային և բեկումնային լուծումները սղոսկում են թղթի ֆակտուրա և հայացքի կենդանությամբ և ողջ իրեղականությամբ հասնում դիտողին: Ծավալվելով դիմանկարի թեմատիկայի շուրջ, նկարիչը ալբոմի այդ փոքր էջի վրա դինամիկ և ռիթմիկ դասավորվածությամբ պատկերել է բազում դիմային պատկերներ` իր ընկերներին, հարազատներին, ծանոթ անծանոթներին: Եվ յուրաքանչյուրին ներկայացրել է յուրովի, իր սուբյեկտիվ ճանաչողությանը ներհատուկ տրամաբանությամբ: Դիմանկարները ամբողջացնում են նկարչի որոնողական շարքը, որտեղ մետաղադրամի մեծությամբ նկարված գլխիկները կրկնապատկվում են, եռապատկվում, քառապատկվում, պահպանելով նախնական տեսքը և չխախտելով նույնիսկ մի կետ: Այնքան միատիպ և ճշգրիտ են այս գլխային կրկնապատկերները, որ տպագրության իմիտացիա են ստեղծում: Եվ դժվար է ըմբռնել, որ սա ընդամենը ձեռքի, այն էլ միանգամից (առանց նախապատրաստման) տուշով արված աշխատանք է, և երբ ընդհանուր ենք նայում նրանց գերռեալիստական մի ամբողջ պատկեր է ընկալվում: Սա, թերևս, նկարչի ինդիվիդուալ էքսպերիմենտներից է, որը չենք հանդիպում ոչ մի այլ նկաչի մոտ և իրենց տեսքով և մտածվածությամբ առանձնահատուկ են և պատկանում են հենց Ստեփան Մինասյանի յուրօրինակ գրչին:

Zoom Image

Նկարչի մշտարթում կեցվածքը գրքի նկարազարդման նկրտումներում մեզ է հասցնում այն նկարաշարը, որին հանդիպում ենք ալբոմի էջերը թերթելիս: Նկարչի գրած ՙՍատանան և կինը՚ պատմվածքը, որտեղ իրադարձությունների աստիճանական զարգացման արդյունքում, կինը հաղթում է սատանային, նկարազարդված է գրաֆիկայի նախահումքի թաղանթին: Տուշի ակվարելային ծավալաարտահայտման բեկբեկումների ու գծի ծփծփացող գալարումների համադրությունները հակակշիռ են հանդիսանում թղթի սպիտակ տոնին և պատկերները դարձնում կենդանի, նրանց լցնում շնչով և առարկայական շոշափելիությամբ փոխանցում դիտողին: Թերթերը կարծես կինոմատոգրաֆիկ կադրերով հաջորդաբար փոփոխվում են, և յուրաքանչյուր էջը իր բովանդակությամբ մեզ է փոխանցում այդ պատմության դիպուկ նկարագիրը: Եվ սա նկարչի գրքային նկարազարդման միայն նախափուլային տարբերակներն են:

Zoom Image

60-80-ական այս ալբոմներում հանդիպում ենք տարատեակ որոնումներ և փորձեր` ոճային և ժանրային, նյութի և տեխնիկայի պեղումներ: Այս աշխատանքները առաջին հայացքից տարբեր նյութերի կիրառման իմիտացիա են ստեղծում, սակայն իրականում այստեղ միևնույն նյութն է կիրառված: Նկարչի հմտությունն ու պրոֆեսիոնալիզմն էլ կայանում է նրանում, որ կարողացել է խաղացնել նյութը, գիծը կերտել ու ձուլել, պարեցնել ու ենթարկել իրեն: Նրա աչքից չի վրիպում նույնիսկ ամենափոքր մանրուքը:Յուրաքանչյուր դետալ, նյութ կամ տաշեղ, որը կարող է շատերի համար անտեսանելի լինել կամ անպիտան թվալ, նրա համար կարող է հանդիսանակ բովանդակ նյութ, ծառայել որպես աշխատանքի նախահումք կամ նկարչի մտքի ճկունության շնորհիվ վերածվել ավարտուն մի աշխատանքի կամ դառնալ դրա ամենասպեցիֆիկ դրվագը: Նրա յուրաքանչյուր աշխատանքում մենք նկատում ենք օբյեկտի պատկերման կատարելության ձգտումը և իրերի անսեթևեթ գեղեցկությունը: Գեղեցկություն, որը գումարվելով բնության անկրկնելիությանն ու կենդանական աշխարհի առեղծվածային ու բացառիկ սիմետրիկությանը, առաջացրել են կենդանիների անկրկնօրինակ նմուշներ և բնության եդեմային տեսարաններ: Եվ, անհերքելի է այս աշխատանքների վերջնականությունը, քանի որ նրանք կայուն գրաֆիկաներ են և հաստատուն կերպով ենթակա են ցուցադրման: Եվ, հաճախ մենք հիանում և զմայլվում ենք նկարիչների երկարատև արված կտավներով և գրաֆիկաներով, մեր աչքից դուրս թողնելով այդ մինչկտավյան և մինչգրաֆիկյան ճանապարհային ինտերվալները, որոնց միջոցով նրանք հասել են մեզ, չգիտակցելով, որ հենց այդ սերմերում կարելի է տեսնել ամենաանմիջականը, ամենաանբռնազբոսն ու անփոփոխը…

Zoom Image

ՀԵՂԻՆԱԿ՝ ԼԻԼԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆ
նկարչուհի, արվեստաբան

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 04-05-2012 11:03:25
Դիտումների քանակը: 1520
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՎԵՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ (Ավդեյ Տեր-Գաբրիելյան ) Կարապետի Ջութակահար: ՀԽՍՀ ժող. արտիստ (1945): Կոմիտասի անվ. քառյակի հիմնադիր-անդամներից (1924-74-ին՝ 1-ին ջութակ): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott