Ջիվան Աբրահամյան. ՀՀ Ազգային հերոս

Նորության նկար 1. Հատուկ գնդի կազմավորումը

1990թ. վերջին Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակը այն աստիճանի էր լարվել, որ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ էր միավորել առանձին-առանձին գործող կամավորական ջոկատները և ստեղծել կենտրոնացված ղեկավարում ունեցող ռազմական կառույց: Այն ժամանակվա քաղաքական իրադրության պայմաններում դա հնարավոր էր անել միայն ՆԳՆ ենթակայության ներքո գտնվող ստորաբաժանումներ ստեղծելով: 1991թ. օգոստոսի 21-ին ՀԽՍՀ նախարարների խորհուրդը այդպիսի ստորաբաժանում ստեղծելու որոշում կայացրեց: 1990թ. սեպտեմբերի 2-ին ստեղծվեց «Հատուկ գնդի» կազմավորման հիմնադիր խումբ, որը գլխավորում էր Վազգեն Սարգսյանը: Գերագույն խորհրդում նա հանդես եկավ հատուկ հայտարարությամբ և կոչ արեց անդամագրվել նոր ստեղծվող հայկական ռազմական կառույցին: Հարյուրավոր մարդիկ արձագանքեցին նրա կոչին և երկու օր անց, սեպտեմբերի 4-ին անդամագրվեցին 1200-ից ավելի կամավորներ: Հատուկ գնդի կենտրոնակայանը դարձավ Հանրապետական զինկոմիսարիատի Չարբախի հավաքակայանը: Սեպտեմբերի 6-ին Հատուկ գնդի կազմավորման աշխատանքները համակարգելու նպատակով Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի հանձնարարությամբ ստեղծվեց ՆԳ նախարարության սպաներից կազմված ժամանակավոր խումբ: Կարճ ժամանակ անց ընդունվեց նաև Հատուկ գնդի կանոնակարգը: Հոկտեմբերի 5-ին Հատուկ գնդի 1300 մարտիկներ երդվեցին «անմնացորդ նվիրվել հայրենիքի պաշտպանության և վերածնման սուրբ գործին»: Հատուկ գունդը բաղկացած էր 1-ին, 2-րդ ու դեսանտային գումարտակներից և շրջաններում տեղակայված առանձին վաշտերից:

1990թ. հոկտեմբերից մինչև 1991թ. հունիսը Հատուկ գնդի ստորաբաժանումները մարտական հերթապահություններ էին կատարում Հայաստանի սահմանի ողջ երկայնքով, ադրբեջանական հրոսակներից պաշտպանում հայկական բնակավայրերը:

Առաջին գումարտակի առաջին վաշտի հրամանատարն էր Ջիվան Աբրահամյանը: Ջիվան Աբրահամյանը ծնվել է 1961թ. հուլիսի 6-ին` Երևանում: Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, ստացել սպայի կոչում, պարգևատրվել «Արիության համար» մեդալով: 1989թ. անդամագրվել է կամավորական շարժմանը, մասնակցել Երասխի, Տավուշի մարզի հայկական գյուղերի, Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին: Երբ 1990թ. ստեղծվեց Հատուկ գունդը, Ջիվան Աբրահամյանը նշանակվեց գնդի 1-ին գումարտակի, 1-ին վաշտի հրամանատար: Մարտական մկրտությունը Ջիվանի վաշտը ստացավ 1991թ. փետրվարին` Կոռնիձորի պաշտպանության ժամանակ:

2. Պառավաքարի գործողությունը

1991թ. ապրիլի վերջին, երբ սկսվում է «Օղակ» գործողությունը, ՀՀ պաշտպանության պետական կոմիտեն Տավուշի մարզ է ուղարկում իր ներկայացուցիչներին` իրավիճակը կարգավորելու և ԽՍՀՄ ՆԳՆ ու ադրբեջանական ՕՄՕՆ-ից հայկական բնակավայրերը պաշտպանելու նպատակով: Այնտեղ է ուղարկվում նաև Ջիվանի Աբրահամյանի 1-ին վաշտը և Հատուկ գնդի հետախուզական խումբը` Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Բացի գյուղի պաշտպանությունից, 1-ին վաշտը պետք ապահովում էր K-19 հրանոթների պահպանությունը, որոնք Դնեպրիկ Բաղդասարյանի գլխավորությամբ պետք է հարվածեին հակառակորդին: Զինվորական ղեկավարությունը որոշել էր կանխարգելիչ հարված հասցնել Տավուշի մարզի Պառավաքար գյուղի մոտակա ադրբեջանական կրակակետերին, որտեղից անընդհատ գնդակոծվում էր գյուղը: Գործողությունն իրականացվեց մայիսի 5-ին:

«Առջևից շարժվում էր մարտական պաշտպանություն կատարող մեքենան, որում կային յոթ մարտիկներ: Նրանց հետևում էին հրանոթը տեղափոխող «Ուրալը» և «Արցախ» ջոկատի մարտիկները: Աջից, մոտ 100 մետր հեռավորության վրա, Ջիվանի ավտոմատավորներն էին: Մեքենաների լույսերը հանգած էին, մենք շարժվում էինք անձայն, չէինք խոսում, չէինք ծխում: Մեքենաների շարժիչներն աշխատում էին փոքր պտույտով, որպեսզի մոտակայքում գտնվող հակառակորդը մեզ չլսեր: Հրանոթը նախօրոք սահմանված վայրում տեղակայելուց հետո Ջիվանի խումբը վերադարձավ ջրամբարի մոտ` պատրաստվելով հարձակման: Լույսը դեռ չէր բացվել, երբ տեսանք Ջիվանի վաշտի մարտիկներին, ովքեր դանդաղ առաջանում էին դեպի 870.1 բարձունքը, որի վերջին մետրերը տղաները սողալով էին հաղթահարում: Նրանք հմտորեն քողարկվում էին թփուտների մեջ: Ուղիղ ժամը 5.00-ին կրակեց մեր առաջին թնդանոթը և արկը պայթեց հակառակորդի զորանոցում: Միաժամանակ լսվեց Ջիվանի խմբի մարտիկների ավտոմատների ձայնը: Հրաձգությունը շարունակվեց 20 րոպե, որից հետո Ջիվանը կազմակերպված հեռացրեց իր տղաներին դիրքից»,- այսպես է նկարագրել դեպքը Դնեպրիկ Բաղդասարյանը: Գնդակոծությունից հետո խուճապահար հակառակորդը անկանոն կրակ է սկսում, սակայն տղաներն արդեն հեռացելէին: Պառավաքարում ադրբեջանական ՕՄՕՆ-ականները լավ դաս ստացան և որոշ ժամանակ դադարեցրին հայկական գյուղերի գնդակոծությունը:

Շահումյանի պաշտպանությունը

1991թ. ամռան սկզբին կրկին սրվեց իրադրությունը Շահումյանի շրջանում: Ադրբեջանական ՕՄՕՆ-ականները, ԽՍՀՄ ՊՆ և ՆԳՆ ստորաբաժանումների աջակցությամբ, շարունակում էին հարձակումները հայկական գյուղերի վրա: Շրջանը շրջափակված էր բոլոր կողմերից, ուղղաթիռային թռիչքները գրեթե դադարել էին: Այսպիսի պայմաններում հայկական ինքնապաշտպանական ջոկատները համառ դիմադրություն էին ցույց տալիս հակառակորդին, սակայն ուժերը խիստ անհավասար էին: Հունիսին ադրբեջանական ՕՄՕՆ-ականները գրավեցին Բուզլուխ և Մանաշիդ գյուղերը, որի բնակիչները ապաստանեցին Էրքեջում և Վերինշենում: 1991թ. հունիսի կեսերին Շահումյանի շրջան ուղարկվեց Հատուկ գնդի 1-ին վաշտը` ՋիվանԱբրահամյանի հրամանատարությամբ: Ուղղաթիռով վաշտի տղաները հասան Գյուլիստան, ու այնտեղից ոտքով` Էրքեջ: Նրանց հանձնարարված էր պաշտպանել գյուղը, իսկ իրադրության փոփոխության դեպքում` նահանջել Մանաշիդ: Ջոկատի մարտիկները Ջիվանի գլխավորությամբ սկսեցին պաշտպանական կառույցների շինարարությունը: Քանի որ ուժերը և սպառազինությունը քիչ էին, որոշվեց կազմակերպել շրջանաձև պաշտպանություն: Դրան զուգահեռ Ջիվանն ու իր ընկերները հրաձգության և տակտիկական պարապմունքներ էին անցկացնում ինքնապաշտպանական ուժերի մարտիկների շրջանում: Իսկ հակառակորդն ամեն օր ռմբակոծում էր գյուղը: Հուլիսի 17-ին ադրբեջանական գրոհայինները հարձակվեցին բոլոր ուղղություններով: Համառ դիմադրությունից հետո որոշվեց նահանջել դեպի Վերինշեն և այնտեղից շարունակել դիմադրությունը: Հուլիսի 19-ին մարտեր էին ընթանում արդեն Վերինշենի մատույցներում: Տղաները կասեցրին հերթական գրոհը, և հակառակորդը, կորուստներ կրելով, նահանջեց:
Քննարկելով ստեղծված իրադրությունը Շահումյանի պաշտպանության ղեկավար Շահեն Մեղրյանի հետ` տղաները որոշեցին կռվել մինչև վերջ և ոչ մի դեպքում չհանձնել Վերինշենը: Հուլիսի 20-ին հակառակորդը նորից հարձակվեց: Ջիվանի վաշտի մարտիկներն ամրացան գյուղ տանող ճանապարհի մերձակա բարձունքներում: Սկզբում գրոհեցին խորհրդային բանակի ուղղաթիռները` փորձելով դեսանտի իջեցման համար ապահով վայր ընտրել, ինչը, սակայն, նրանց չհաջողվեց ողջ օրվա ընթացքում: Մութն ընկնելուն պես` ուղղաթիռները հեռացան:
Լուսադեմին թշնամին վերստին հարձակվեց: Հատուկ գնդի հրամանատարի նախկին տեղակալ Սամվել Եղիազարյանը մանրամասնորեն նկարագրել է այդ մարտը. «Լուսադեմին Ջիվանը, Կոլյան (Նիկոլայ Հայրապետյանը) և Վարդանը (Վարդան Տերտերյանը) դիրքավորվեցին բլրի լանջին, իսկ մյուսները` իրարից 10-12 մետր հեռավորությամբ, գրավեցին տարբեր դիրքեր: Բլրի գոգավորությունն այնպիսին էր, որ դիրքավորված ժամանակ տղաները միմյանց չէին տեսնում: Քիչ անց հեռվում երևաց թշնամու առաջի զրահատեխնիկան: Առանց վայրկյան կորցնելու Արմենը զեկուցեց Ջիվանին: Նա կարգադրեց պատրաստ լինել և սպասել իր հրամանին: Հրամանը առաջին կրակոցն էր լինելու:
Մի քանի րոպե անց Ջիվանի առաջին կրակոցից խոցվեց առջևից եկող զրահամեքենան: Նկատելով նռնականետի թողած կրակի հետքը` հակառակորդի զրահամեքենաները գնդացրային ուժգին կրակ բացեցին այդ ուղղությամբ: Հաջորդեց Ջիվանի երկրորդ, այնուհետև` երրորդ կրակոցը: Աջ թևում դիրքավորված դասակի հրամանատար Էդիկ Բաբայանը գնդացրով շարքից հանեց հակառակորդի ևս մեկ զրահամեքենա և թշնամին սկսեց նահանջել: Արմենի դասակի տղաները, անընդհատ կրակելով, հետապնդում էին թշնամուն:
Երբ մարտն ավարտվեց, բոլորը վազեցին այնտեղ, որտեղ դիրքավորվել էին Ջիվանն ու նրա ընկերները: Տղաները զոհվել էին: Հակառակորդի հարձակումն այդ օրը կասեցվեց նրանց անձնվիրության և հերոսության շնորհիվ»:
Նույն օրը երեկոյան Ջիվան Աբրահամյանի, Նիկոլայ Հայրապետյանի և Վարդան Տերտերյանի աճյունները ուղղաթիռով տեղափոխեցին Երևան: 1996թ. ՀՀ նախագահի հրամանագրով Ջիվան Աբրահամյանին հետմահու շնորհվեց ՀՀ Ազգային հերոսի բարձրագույն կոչում: Իսկ Շահումյանի շրջանում ինքնապաշտպանական մարտերը շարունակվում էին: 1991թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հայկական ուժերը ջախջախեցին հակառակորդին և ազատագրեցին հայկական գյուղերը...

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 07-07-2012 16:54:39
Դիտումների քանակը: 2162
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՂՀ ՊԲ գեներալ-լեյտենանտ (1996): Արցախի հերոս (1997): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott