ԼԵՌ ԿԱՄՍԱՐՆ ՈՒ ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ

Նորության նկար Նոր լոյս տեսած «Ազդակ-Գրական»ի այս տարուան առաջին համարը, ուր Լեռ Կամսարի թոռնուհին, լեռ-կամսարագէտ Վանուհի Թովմասեան նշանաւոր երգիծաբանին նուիրուած բացառիկին առիթով կատարած է լրացումներ ու հաստատումներ, որոնց հետ խմբագրութեան տրամադրութեան տակ դրած է նաեւ նոյնպէս շահեկան առանձին գրութիւններ։
Երկար չսպասելու համար այս վերջիններուն, օրաթերթի խմբագրութեան հետ խորհրդակցաբար նպատակայարմար համարուեցաւ միաժամանակ այս էջերուն մէջ ու յաջորդաբար լոյս ընծայել զանոնք այն վստահութեամբ, որ իրենց բովանդակած ճշմարտութեամբ մեծ բաւարարութիւն պիտի պատճառեն ընթերցողին։

Ա.

Հայ իրականութեան մէջ Դաշնակցութիւնն եղել է
այն, ինչ Մամիկոնեան նախարարութիւնը հնում։
Այսինքն։
Երբ հայ ազգը իր ամէն տեսակի նեղութեան մէջ
օգնութեան է կանչել, անմիջապէս իր սուրն առած
նրան օգնութեան է փութացել՝ չխնայելով իր կեանքը։
Նրանք, ովքեր իրենց ոխերիմ թշնամիներն են համա-
րում Դաշնակցութեանը, մոռանում են, որ իրենք միա-
ժամանակ թշնամի են համարում նաեւ հայ ժողովրդին։
Որովհետեւ Դաշնակցութիւնը հայութիւնն է իր անխախտ
համոզմունքով..

ԼԵՌ ԿԱՄՍԱՐ



Լեռ Կամսարն իր կեանքի ընթացքում տեսել է հինգ վարչակարգ ՝սուլթանական, երիտթուրքական, ցարական, դաշնակցական եւ բոլշեւիկեան։
Անաչառ երգիծաբան լինելով՝ բնականաբար քննադատել եւ ծաղրել է բոլոր իշխանութիւնների թերութիւններն անխտիր։
Իսկ ինչպիսի՞ն էր իշխող կառավարութիւնների վերաբերմունքը՝ առ խիստ ընդդիմադիրը։
Գաղտնիք չեն մեծ երգիծաբանի հալածանքներն ու լլկանքները բոլշեւիկեան օրօք։
«Ամէն քիչ թէ շատ բարեկարգ դեղատուն յատուկ շշերի մէջ շատ խնամքով տզրուկներ է պահում հիւանդ մարդկանց կեղտոտ արիւնը քաշելու համար։
Գրականութեան մէջ «տզրուկը» երգիծաբանն է։ Այո՛, մի տեսակ բարոյական տզրուկ, որ փակցնում են հիւանդներն իրենց մարմնի ուռած տեղերը՝ անառողջ արիւնը քաշելու համար։
Այդ «տզրուկը» հայ գրականութեան մէջ ներկայումս ինձ են համարում մեր գրական քննադատները, չգիտեմ՝ դժբախտաբար ասեմ, թէ՝ բարեբախտաբար։
Նախկին քաղաքական կուսակցութիւնները շատ սիրով էին հիւրընկալում ինձ։ Դաշնակցութիւնը ինքն իր ձեռքով էր փակցնում իր հիւանդ տեղերին ինձ, եւ ես ձեռաց առողջացնում էի նրան։
Իսկ բոլշեւիկ կառավարութիւնը տզրուկի հետ բոլորովին արանք չունի։ Նա 35 թուին ինձ բռնեց եւ մեղադրելով, որ ես որպէս թէ հիւանդ արեան հետ իր առողջ արիւնն էլ եմ ծծում եւ նպատակ ունեմ մեռցնել իրեն, Սիբիր ուղարկեց, որ գնամ «սատկեմ»։
Ա՜յ մարդ,- ասում եմ իմ դատաւորին,- ինչո՞ւ էք ինձ զրպարտում, ձեր մարմնի մէջ մաքուր արիւն ե՞րբ է գոյութիւն ունեցել, որ ես ծծեմ. ձեր ունեցածը միայն ոճրագործի կեղտոտ արիւն է եղել, եւ՝ այնքան շատ, որ աշխարհի բոլոր տզրուկներն էլ եթէ ծծեն, երբեք չի վերջանայ։
- Չէ՛, ասում է,- դու այդպէս ես. քեզ պիտի աքսորենք։ Եւ աքսորեցին։
Ո՜վ աստուածային դատաստան... ինձ աքսորեցին 1936-ի աշնանը, 37-ին մէկ էլ տեսանք բոլշեւիկեան կառավարութեան մարմինը ուռաւ, թարախակալեց, ու ազգաբնակչութիւնը բխկբխկալեն սկսեց դէպի «հեռաւոր հիւսիս» հոսել կամ տեղն ու տեղը գնդակահարուել։
Հաւանաբար վէրքը ուղեղին էր հասել։
Էդ էր ու էդ։ Ինձ աքսորելու տարուանից լաւ օր չի տեսել բոլշեւիկեան կառավարութիւնը։ Մի օր աջ թեքման, միւս օր ձախ թեքման մէջ ընկնելով՝ քարշ է տալիս իր հիւանդոտ գոյութիւնը, մինչեւ կոմունիզմին հասնի ու մեռնի...»։
Հիմա դառնանք Դաշնակցութեանը, տեսնենք՝ նա ինչպէ՛ս էր կլլում երգիծանքի դառը դեղահատը։
Երգիծաբանը բազմաթիւ մանրապատումներ ունի, ուր սուր ծաղրի ու քննադատութեան է ենթարկում Աւետիս Ահարոնեանի եւ Պօղոս Նուպարի ազգային պատուիրակութիւնների գործունէութիւնը, ծովից-ծով Հայաստանի պահանջները եւ ազատ Հայաստանի վրիպումները։
«Քաղաքացիք, կը յիշէ՞ք, կամ լսած կա՞ք, որ Հայաստանը կամ այն երկիրը, ուր հիմա կ՚ապրինք, երբեւէ «միացեալ ու անկախ» եղած ըլլայ։
«Միացեալ եւ անկախ»՝ չէ, բայց «մոռացեալ եւ առկախ» Հայաստան մը կը յիշեմ։ Այդ ասկէ մօտ 10 տարի առաջ էր։ Երբ շերտ մը հող մնաց մէջտեղ... մոռացմամբ, ու հայ «կառավարութիւնը» 3 տարի շարունակ այդ շերտը ուսին ձգած՝ ման եկաւ մեծ պետութեանց դուռներն, ոչ մէկը վրան չնայեց, այդ պատճառով ստիպուած ինքն սկսեց «կառավարել»։
Իսկ գալով մայիսի 28 «աքթ»ին, ան ալ սապէս պատահեցաւ, 12 տաճկահայ վարժապետներ, երբ պառլամենտի առջեւէն կ՚անցնէին, յանկարծ անձրեւն սկսեց ու չթրջուելու համար պառլամենտը մտան։
Ահա բոլորը։
Բայց դուք նայեցէք, թէ սա զոյգ առտնին անցքերու վրայ ի՞նչ առասպելներ է յօրինէր արտասահմանի ազգասէր մամուլը։
Մայիսի 28-ին, ուր երկու դաշնակցական է գոյութիւն ունեցէր, հոն «միացեալ ու անկախ» է խաղցուեր։ Իսկ մեր դաշնակցական գտնուած երկրին մէջ ալ տեղացի մէկը հրաւիրուած է՝ տանել մէկ դերը ճիշդ այնպէս, ինչպէս Վահրամ Փափազեանը ֆրանսերէնով Օթելլօ կը խաղայ ռուս խումբերու հետ։
Մենակ այդ չէ։
Վրացեանը 500 երեսնոց պատմութիւն է գրեր այդ Հայաստանին մասին. պատմութիւն մը, որուն առջեւ կը նսեմանան, ամենայն հաւանականութեամբ, Խորենացիին ու Փաւստոս Բիւզանդին բոլոր առասպելները»։
Կամ՝
«Ի՞նչ մեծ գործ է անկախութիւն ուզելը,- դաշնակի՛ցք, ֆալա՛ն կամ ֆալանքեաս, մեզի անկախութիւն տուէք։- Պրծաւ գնաց։ Ատիկա ըսելու համար պէտք է քսանվեց հոգի՞ եւ քսանվեցն ալ կնիկնին հետներնին տանեն։ Ինչո՞ւ, ջանըմ, ինչո՞ւ։ Եւ տեսէք՝ ուզածներն ալ ինչպէս կ՚ուզեն։
Կ՚երթան Ֆրանսիոյ դուռը կը զարնեն, թէ մեզի անկախութիւն տուր։ Ֆրանսիա թէ՝ ե՞րբ,- թէ դեռ՝ մի՛ շտապէք, նոր ենք եկեր։ Ո՞ր օրուայ համար պատրաստենք։- Ձեզի կ՚իմացունենք։ Ու կանանց հետ թեւանցուկ պատուիրակներդ կ՚երթան ճաշարան ուտելու, քաֆէն՝ խմելու, թատրոն՝ յուզուելու, սինեմա՝ դիտելու, մուզէյ՝ հիանալու, Էյֆելի աշտարակը՝ մաքուր օդ ծծելու ու պալատը՝ պառկելու։ Օ՛խ, պապամ, օխ... Բայց չկարծես մոռցան անկախութեան հարցը, ո՛չ։ Ամիս մը ետք նորէն կ՚երթան կառավարութեան դուռ...»։
Եւ կամ՝
«Էքստերիտորեալ Հայաստանին» ծրագիրը, որ այսօր կը յղանայ Աղբալեանը Եգիպտոսին մէջ, ոչ այլ ինչ կը նշանակէ, եթէ ոչ՝
- Ամէն այն տեղուանք, ուր տիար Աղբալեանը ոտք կը կոխէ, Հայաստան կը կոչուի։
Մինչդեռ սխալմամբ հայ պատմագիրներն ըսեր են, թէ Հայաստան կը կոչուի այն երկիրը, ուր ծներ է հայ ժողովուրդը...
Տեսա՞ք սխալը։
Բայց նայինք, ինչ պիտի ըլլայ սա «էքստերիտորեալ Հայաստան» ըսածդ բանը։
Մենք գիտենք, որ պետութիւն մը կազմելու համար հարկաւոր է ամէնէն առաջ ինվենտար,- մինիստրներ,- դեսպաններ - հատ մըն ալ Ահարոնեան։
Ունի՞ «էքստերիտորեալ» պետութիւն կազմող գաղութահայն այս բոլորը։
Պատասխանը դրական է։
- Ունի, այո՛, ու բան մըն ալ աւելի ունի։
«էքստերիտորեալ Հայաստանը», օրինակ, կրնայ հաստատուիլ նաւու մը մէջ, նաւն ալ դրուի խոշոր ովկիանոսի մը վրայ, որով «ծովէծով» Հայաստանին լոզունգն աւելորդութիւն կը դառնայ։ (Պայմանով սակայն, որ այս անգամ ալ «ցամաքեցամաք» լոզունգը մէջտեղ չիյնայ)։
Սա շարժական Հայաստանը կրնայ իր կեանքն անցունել Եւրոպիոյ ամարանոցներուն մէջ ու գաստրոլներով Խորհրդային Հայաստան այցելել։ (Ինչպէս կ՚ընէ այսօր Ռոստովի օպերետային խումբը)։
Վերջապէս ի՞նչ ըսեմ. պետական այս ձեւը խիստ յարմար ձեւ մըն է։ - Աղբալեանն ուր՝ Հայաստանն իր հետ»։
Ի տարբերութիւն շատ քաղաքական կուսակցութիւնների, Դանակցութիւնը իր դէմ գրուած բոլոր ֆելեթոներն ընդունում էր ինքնաքննադատօրէն, իսկ Լեռ Կամսարին, ով ծաղրել է նրանց բոլոր սրբութիւնները, մտերմաբար եւ սիրով։
1918 թ., երբ Դրոն Լեռ Կամսարին տեսնում է Սարիղամիշի ճակատամարտի համար հաւաքագրուած մարտիկների մէջ, ասում է.
- Ա՛յ մարդ, դու էստեղ ի՞նչ գործ ունես, գնա գործիդ՝ քու գործը գրելն էօ։ Բա որ քեզ մի բան պատահի, մեզ ո՞վ պիտի ծաղրի։ Եթէ դու զոհուես, մենք ազգի առաջ պարտական կը մնանք։ Քո պայքարը ժողովուրդի համար գրելն է, քո զէնքը՝ գրիչդ։
Դաշնակցութեան կառավարման տարիներին երգիծաբանին բազում անգամ առաջարկւում էր դառնալ պառլամենտի անդամ, որը սակայն մերժւում էր։
Բայց արի ու տես, որ Լեռ Կամսարը հետեւողականօրէն շարունակում էր թերութիւններ փնտռել իր բարերարների գործունէութեան մէջ։
«Ես կանգնած եմ բոլշեւիկեան դաշնակցական կուսակցութիւններէն հաւասար հեռաւորութեան վրայ։ Իմ գրուածքներէն մեծ մասը Դաշնակցութիւնը կը ծաղրի. սակայն ոչ անոր համար, ի հարկէ, որ պոլշեւիկները պակասութիւն չունեն, այլ որովհետեւ վերջինս առայժմս պակասութիւն չի ուզեր ունենալ... հրապարակուած։
Ես իմ գրական գործունէութեան ողջ տեւողութեանը Դաշնակցութեան հասցէին անուշ խօսք մը ըսած չունիմ. բայց Դաշնակցութիւնը մէկ ժամուայ մէջ ինձ պաշտօն տուաւ. բան մը, որ կոմկուսակցութիւնը վեց տարուայ մէջ չկրցաւ ընել։ Դաշնակցութիւնը հարիւրաւորներ իր կուսակցութենէն դուրս թողուց եւ ինձ պաշտօն տուաւ. կոմկուսակցութիւնը կը սպասի, որ իր վերջին պիյոները պաշտօնի անցնի, նոր աւելցուկը տայ ինձ։
Աշխարհիս սկիզբէն չի պատահած, որ ճշմարտութիւնը որեւէ կուսակցութեան քովն ըլլայ ամբողջովին։
Եթէ հակառակը պնդենք՝ ըսելով, թէ ճշմարտութիւնը բոլշեւիկներու քովն է, պիտի հարցունեմ.
- Բոլշեւիկներէն առաջ ճշմարտութիւն չկա՞յ այս աշխարհիս մէջ։
Ճշմարտութիւնը ես միշտ երկու կուսակցութեանց մէջտեղն եմ փնտռած ու միշտ ալ գտած»։
Ստալինեան ճամբարներից վերադառնալուց յետոյ, երբ խորհրդային Հայաստանի բոլոր խմբագրութիւնների եւ հրատարակչութիւնների դռները փակուել էին Լեռ Կամսարի առջեւ, եւ նա փաստօրէն դատապարտուել էր դանդաղ գործող մոռացութեան, արտերկրի դաշնակցական մամուլը հրատարակում եւ վերահրատարակում էր իր «ապերախտ որդու» շատ գործեր։ Եւ որպէսզի երգիծաբանի գրական արխիւը ոչնչացումից փրկուի (քանզի Չեկան մի քանի անգամ բռնագրաւել էր այն). ՀՅԴ-ն սկսեց բանակցութիւններ վարել գրողի հետ՝ գրական ժառանգութիւնը արտասահման տեղափոխելու եւ հրատարակելու համար։ Այդ կապակցութեամբ հեռաւոր Բոստոնից Հայաստան ժամանեց յայտնի լրագրող Սիմէոն Կիւլոն։ Բայց դէ խորհրդայինների գաղտնի ծառայութիւնները հո քնա՞ծ չէին։ Տարաբախտ լրագրողը անսպասելի «յանկարծամահ» եղաւ «հիւրանոցի իր համարում...
1965 թ. նոյեմբերի 22-ին, երբ դադարեց բաբախել տանջահար երգիծաբանի սիրտը, միայն Հայ յեղափոխական դաշնակցութիւնը հեռաւոր Ամերիկայում մատուցեց արժանին իր ազգի արժանաւոր զաւակին՝ հոգեհանգիստ կատարելով հայկական եկեղեցում։
Մայր հայրենիքում իշխանութիւնները նոյնիսկ չնկատեցին այդ կորուստը, իսկ մահացել էլ Մեծ Երգիծաբան...

ՎԱՆՈՒՀԻ ԹՈՎՄԱՍԵԱՆ
«Ազդակ»

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 01-05-2012 08:35:01
Դիտումների քանակը: 1383
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott