«Հայոց ցեղասպանության հարցում Անգլիայի մեղսակցությունն ամենամեծն է». Արտեմ Օհանջանյան

Նորության նկար Վիեննայում բնակվող պատմաբան, ռեժիսոր Արտեմ Օհանջանյանի ավելի քան 40 տարվա գործունեության արդյունքում շատ բան է փոխվել այդ երկրում Հայաստանի, հայերի և հատկապես Հայոց ցեղասպանության մասին մոտեցումներում:

1967-ից սկսած` նա զբաղվել է ցեղասպանության ուսումնասիրությամբ. առաջին աշխատանքը ավստրիացի մի ռեժիսորի հետ «Մուսա լեռան 40 օրը» վեպի բեմադրումն էր Ավստրիայի պետական ռադիոյի համար: Դրանից հետո ամեն տարի ապրիլի 24-ին Ավստրիայի պետական հեռուստատեսությամբ, որտեղ աշխատում էր Օհանջանյանը, ցուցադրվում էին նրա վավերագրական ֆիլմերը` նվիրված Հայոց ցեղասպանությանը:

Ասում է, որ ամեն մի ֆիլմի ցուցադրումից հետո հեռուստատեսությունը զանգեր, նամակներ ու հաղորդագրություններ էր ստանում, որոնց մեծ մասը, իհարկե, թուրքերից: Վերջիններս քննադատում էին հեռուստաընկերությանը Օհանջանյանի ֆիլմերը ցուցադրելու համար: «Մի անգամ տնօրենն ինձ կանչեց և ասաց, որ Թուրքիայի դեսպանն իրեն նամակ է գրել,- պատմում է պատմաբան ռեժիսորը,- տնօրենս հարցրեց, թե ինչ պատասխանի դեսպանին: Ասացի` պատասխանը մեր դոկումենտներն են: Տնօրենն այդպես էլ գրեց` Օհանջանյանի ֆիլմերը դոկումենտների հիման վրա են, իսկ մեր դոկումենտները չեն ստում»:

Օհանջանյանը ռեժիսորից մինչև Վիեննայի համալսարանի պատմության դոկտորի, պրոֆեսորի և ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչման հասել է` անցնելով Ավստրիայի արխիվներում Հայոց ցեղասպանության փաստերն ուսումնասիրելու և դրանք գրքեր ու հատորներ դարձնելու երկարամյա ճանապարհով: «Ես գիտեի, որ գերմանացիները շատ լավ դոկումենտներ ունեն ցեղասպանության վերաբերյալ, և ուզում էի դրանց հիման վրա մի ֆիլմ նկարել,- պատմում է նա,- մտածեցի` եթե գերմանացիներն ունեն, ուրեմն ավստրիացիներն էլ կունենան, և 1982 թ. մտա ավստրիական արխիվներ: Այդ մտնելն էր… Ողջ արխիվային աշխատանքը տևեց 13 տարի, առաջին 3 տարին` անընդմեջ»:

Այդ ուսումնասիրությունների շնորհիվ առաջին անգամ բազմաթիվ փաստեր են դուրս գալիս արխիվային գորշ պատերից` ամփոփվելով 12-հատորանոց ժողովածուի մեջ և ներկայացվելով հանրությանը: 1989 թ. դրանց փաստաթղթերի հիման վրա լույս է տեսնում Օհանջանյանի առաջին մենագրությունը` «Անհերքելի վկայությունները», որն արդեն թարգմանվել է 4 լեզվով. «Այդ գրքով ես առաջին անգամ բարձրաձայնեցի գերմանացիների մեղսակցությունը Հայոց ցեղասպանությանը,- ասում է պատմաբանը,- դրանից հետո արդեն շատերն այդ ճանապարհով գնացին»:

Իսկ ամենահետաքրքիրն առջևում էր. արխիվի ուսումնասիրությունների ընթացքում Օհանջանյանի համար որոշ բաներ մնացել էին անորոշ: Խոսքը վերաբերում է հատկապես Հայոց ցեղասպանության մեջ անգլիացիների ունեցած դերին: Փաստեր կային, բայց պատմաբանը դրանք չէր կարողանում իրար կապել: Տարիներ հետո որոշ գրքեր ուսումնասիրելու ընթացքում վերջապես կարողանում է ավստրիական այդ փաստերը վերծանել ու հասկանալ, թե ինչ է կատարվել. «Պարզվեց, որ անգլիացիներն ամենամեծ մեղսակցությունն ունեն Հայոց ցեղասպանության հարցում,- ասում է Օհանջանյանը` պարզաբանելով, որ երբ 1915 թ. մարտ ամսին Անգլիան հարձակվել է Դարդանելի վրա` ցանկանալով Կոստանդնուպոլիսը վերցնել, հանկարծ դադարեցրել է հարձակումը:- Պատճառն այն էր, որ անգլիացիները պայմանագիր էին ստորագրել ռուսների հետ, որ եթե վերցնեն նեղուցը, պատերազմի ավարտից հետո այն Արևմտյան Հայաստանի հետ միասին անցնելու է ռուսներին: Իսկ դա մի բան էր, որի դեմ անգլիացիները 100 տարի պայքարում էին: Եվ որպեսզի նման բան չպատահի, անգլիացիները կանգ առան, իսկ որ կանգ առան, կատարվեց ցեղասպանությունը»:

Օհանջանյանը համոզված է, որ եթե անգլիացիները շարունակեին հարձակումը, 2-3 ամիս հետո Թուրքիան տապալվելու էր, այդ ժամանակ թուրքերը կմտածեին ոչ թե ցեղասպանության մասին, այլ` իրենց փրկելու: Բայց տեղի ունեցավ հակառակը, և թուրքերը, դրանից ոգևորված, իրականացրին ոճիրը: «2007 թ. լույս տեսած իմ գրքում այդ փաստերը կան,- ասում է պատմաբանը,- և ես ասում եմ` Հայոց ցեղասպանության հարցում Անգլիայի մեղսակցությունն ամենամեծն է»:

Ի դեպ, այդ գիրքն օրեր առաջ հրատարակվել է նաև անգլերենով:

«Ե՛վ Գերմանիան, և՛ Ավստրիան, և՛ Անգլիան չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը ու նրանք ամենամեծ մեղսակիցներն են,- ասում է Օհանջանյանը,- եթե նրանք չեն ընդունում, ինչո՞ւ պետք է Թուրքիան ընդունի»:

Պատմաբանը կարծում է, որ Ավստրիայի ժողովուրդը, անգամ քաղաքական շրջանակները գիտակցում են, որ ցեղասպանություն իսկապես եղել է, պարզապես իրենց շահերը թույլ չեն տալիս պաշտոնապես ընդունել դա. «Ես այդ ճանապարհին շատ եմ աշխատել, պառլամենտ եմ ուղարկել բոլոր գրքերս ու դոկումենտներս, որոնք նպաստել են պառլամենտում քննարկումներ անցկացնելուն»,- ասում է Օհանջանյանը:

Մի անգամ էլ, երբ հարցը պետք է քննարկվեր Ավստրիայի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովում և համապատասխան որոշում կայացվեր, դա կանխեց արտաքին գործերի նախարարը. «Ես այնտեղ էի, նկարահանում էի այդ ողջ պրոցեսը հեռուստատեսության համար,- հիշում է Օհանջանյանը,- արտաքին մինիստրուհին ներս մտավ և արգելեց քննարկում կատարել: Երբ դուրս եկավ, ես հարցրի` ինչո՞ւ, պատասխանեց` թուրքերն ու հայերն արդեն իրար հետ խոսում են, չենք ուզում միջամտել: Երբ հանձնաժողովի անդամներին մեկ-մեկ խոսեցրի, բոլորը պատասխանեցին, որ իրենք գիտեն` ցեղասպանություն եղել է, բայց դա մի բան է, կառավարական մակարդակով ընդունելը` ուրիշ բան: Հնչեց նաև մի հետաքրքիր կարծիք, թե երբ Ամերիկան ընդունի, իրենք էլ կընդունեն. այնպես որ, այդ ամենը խաղ է»,- ասում է նա:

Պատմաբանը զարմանում է, որ հայերը «խաբվում են այդ խաղերին, ապրում այդ խաղերով, խաղում այդ խաղերով». «Եթե այս հարցում պետք է որևէ աշխատանք տարվի, ապա դա պիտի անեն հայերն ու թուրքերը: Մյուս բոլոր երկրները միայն իրենց օգտին են խաղալու»:

Արտեմ Օհանջանյանը Վիեննայում հայոց պատմության և մշակույթի տարածման միության նախագահն է, որտեղ նաև նրա գրքերն են լույս տեսնում, և Ավստրիայի «Ֆրանց Վերֆել» միության փոխնախագահը:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Օհանջանյանի գրքերը մեծ ազդեցություն են թողել եվրոպացի գիտնականների վրա, որոնք նրա աշխատանքների հիման վրա բազմաթիվ նոր գրքեր են հրատարակել` հաստատելով Ավստրո-Հունգարիայի և Գերմանիայի մեղքը Հայոց ցեղասպանության հարցում։

Ինչ վերաբերում է Անգլիայի մեղսակցությանը, ապա դա առայժմ նոր տեսակետ է, և մնում է սպասել, թե ինչպես կարձագանքեն դրան Անգլիան և միջազգային պատմագիտական հանրությունը, իսկ որ ամենակարևորն է` ինչ կտա այն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու արդարության վերականգնման գործին:
Արտեմ Օհանջանյանի մասին կարդացեք նաև` Թե ինչպես Փարաջանովն առաջին անգամ ստորագրեց ՓարաջանՅԱՆ

http://ankakh.com/2011/07/131993/

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 27-04-2012 20:06:40
Դիտումների քանակը: 990
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԷԼՄԻՐԱ ԱՆՏՈՆՅԱՆ ԿՈՐՅՈՒՆԻ Աշխարհի առաջնության 2-րդ մրցանակակիր (1975): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott