ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԱՍԻՆ

Նորության նկար Իմ սերունդը Անդրանիկի մասին շատ քիչ բան գիտե, չասելու համար՝ համարյա բան չգիտի։ Սրա համար կարելի էր ամոթից գետինը մտնել, որովհետև Անդրանիկի մասին բան չիմանալը հավասար է իր ժողովրդի նորագույն պատմությանը անգետ լինելուն։ Բայց ամոթից գետին պիտի մտնենք ոչ թե մենք, որ մի ամբողջ սերունդ ենք, այլ նրանք, որոնց վզին է ընկնում մեր այս անգիտության պատրելի, բայց անքավելի մեղքը...

Եվ թվում է, թե հասել է ժամանակը, որպեսզի այսօր մեկ լվանանք մեր ամոթանքը,- այս է հատկապես մեր սերնդի մարդկանց առաջին ճիչը։ Մեր քույրերն ու եղբայրները (այս բառերի համազգային առումով) Սևանի կորցրած ջրից ավելի արյուն են կորցրել, մարտիրոսության ու նահատակության սրախիճ ճամփաներով ոտաբոբիկ են անցել ոչ նրա համար, որ նրանց սուրբ արյունը փոխարկվի ինքնապահովագրության պղտոր ջրի և քաջաբար զոհված նրանց կյանքը կոխկրտվի մտավախության ցեխի մեջ:

Այլևս բավակա՜ն է։
էլ հերի՜ք է:

Ժամանակն է, վերջապես, դադարեցնելու այն գիտակցված հավկուրությունը, որ հավասար է ոչ միայն ազգային դավաճանության, այլև վատթարագույն անբարոյականության, որովհետև երբ հերոսության ուրացումը յուրատեսակ դավաճանություն է, ապա մեծ մեռելների հիշատակի պղծումը զազրելի անբարոյականություն է...

Ես անհարմար եմ զգում, ուղղակի ամաչում եմ մեծարանքի որևէ խոսք ասել Անդրանիկի հիշատակին: Այս մեծ ու սուրբ քաջի հանդեպ բոլորովին անպարտ ու անմեղ՝ ես չգիտեմ ինչու այս րոպեիս ինձ անձամբ պարտավոր ու մեղավոր եմ զգում այնքան, որ մեծարանքի ամեն խոսք ինձ թվում է սեփական հանցագործությունից հետո ուրիշի բերանով «մեղա» ասելու պես բան։ Բայց պիտի որ ասվի այդ «մեղա»–ն և ասվի ոչ թե խոսքով, այլ գործով, ոչ թե ասած լինելով ձեռքերը լվանալու պիղատոսությամբ, այլ գործնականորեն ու հետևողականորեն մեր նորագույն պատմության բոլոր աղավաղումները շտկելով, բոլոր սևացումները սրբագրելով, որ հավասար է մեր կերած հացից ավազը ջոկելուն...

Ու եթե ինձ համար այսքան դժվար է Անդրանիկի մասին մեծարանքի խոսք ասելը., ապա ճիշտ նույն հոգեբանությամբ էլ չեմ կարող անձամբ իմ և իմ ողջ սերնդի անունից երախտագիտության խոսք չասել Անդրանիկի հազարավոր զինվորներից մեկին՝ Հակոբ Հակոբյանին։

Ընկ. Հ. Հակոբյանի գործը և (այդ գործից էլ առաջ) վարքը հուզիչ է մարդկայնորեն՝ իբրև զինվորի հարգանքի տուրք և մեծ զորավարի հիշատակին և միաժամանակ մի յուրատեսակ քաջագործություն է։ Նույն այն ժամանակ, երբ մեր նորագույն պատմությամբ զբաղվող տասնյա՛կ ու տասնյա՜կ մարդիկ` գիտնականներ իրենց վսեմ կոչումը իջեցնելով մինչև հավուր պատշաճության աստիճան և պատմաբանի իրենց բարձր դիրքերից հասնելով պատեհապաշտության մակարդակը՝ դարձել են գիտությունների թեկնածուներ ու դոկտորներ, կես ու լրիվ ակադեմիկոսներ,- նույն այդ ժամանակ Անդրանիկի այս համեստ զինվորը, մեն ու մենակ, բոլորիս հայտնի չափով նաև վտանգած իրեն, տարիներ շարունակ արել է այն, ինչ պիտի անեին վերևինները:

Արել է՝ ոչ թե քիթը պահած օրերի քամուն, այլ ձեռքը դրած այն կիզիչ կրակին, որ խիղճ Է կոչվում։ Արել է՝ որքան ներել են իր ուժերը:

Արել է՝ առանց շահախնդրության, եթե վսեմ շահախնդրության չէ ազնվությունն ինքը։

Ուրեմն և՝ շնորհակալության նրան ի խորոց սրտից բոլոր նրանց, ովքեր իմ օրին են, այսինքն՝ գրագետ կոչվելու իրավունքով հանդերձ անգրագետներ են՝ ոչ թե ինչ-որ կետադրական նշանների կամ շարահյուսական կանոնների մեջ, այլ ա՛յն նշանների, որով կետադրվել է իրենց տարաբախտ ժողովրդի պատմությանն ինքը, կանոնների, որոնք կազմել են շարահյուսությունը ազատության ու չգոյության... Այս մեքենագիր գրքի ընթերցողներից ոմանք կարծում են, թե փաստաթղթերի այս ժողովածուն ավելի հարմար է հրապարակել «Բանբերում»: Ո՛չ։ Այս ժողովածուն պիտի հրատարակի պետհրատը, մեծ տպաքանակով։ Ըստ որում պիտի հրատարակի ռուսերեն, անպատճառ՝ նաև ռուսերեն։ Ընկ. Հ. Հակոբյանին տրված է այն, ինչ չեն ունեցել մեր պատմաբանները, բայց ընկ. Հակոբյանը պատմաբան չէ, ուստի և թե՛ այս ժողովածուն և թե՛ ընկ. Հակոբյանի հավաքած մյոա նյութերը պիտի հրատարակել համապատասխան խմբագրի օգնությամբ և այս գործը պիտի լինի ընդամենը սկիզբ։ Սկիզբ՝ ամենից աոաջ Անդրանիկի գործնու գործունեությունը ի տես դնելու, գնահատելա ուղղությամբ, իսկ այնուհետև՝ մեր ժողովրդի ազգային - ազատագրական պայքարի նաև այլ հերոսների կյանքն ու գործը վեր հանելու և գնահատելու գծով: Տակավին ապրում են, բարեբախտաբար, մեր հերոսական արյունաշաղախ երեկվա գոյամարտերի մասնակիցներից ոմանք (և վերջինները): ժամանակն է, որ գրել տրվենու հավաքվեն նրանց հուշերը, ինչպես նաև այն բոլոր պատմություններն ու երգերը, որոնք հասել են մոռացության դուռը, եթե չասենք, որ կիսով չափ արդեն ներս են մտել այդ դռնից։

Ընկ. Հակոբյանի գործի հրատարակումը պիտի որ սկիզբ լինի և այն ճանապարհի, որով իր ժողովրդին պիտի վերադառնա ոչ միայն անմեռ Անդրանիկը, այլև մեռած ու հեռավոր Փարիզում թաղված Անդրանիկը։ Ով՝ ով, բայց Անդրանիկը իրավունք չունի հանգչելու (և չի էլ կարողանա հանգչել) ոչ իր հայրենի հողում։ Այս «իրավունքը» պիտի խլվի Անդրանիկից։ Միակ իրավունքը։ Իսկ Անդրանիկի մնացած անչակերտավոր իրավունքները վերականգնեցնելու հապաղումն այլևս անհանդուրժելի է, եթե չենք կամենում, որ Պատմությունը Դատավարություն լինելուց բացի դառնա նաև Դատախազ՝ մեզնից ավագ և մեզ հետևող սերունդների հանդեպ....

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
30.VI.1963
Երևան

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 25-02-2015 03:35:50
Դիտումների քանակը: 5563
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԼԵՌ ԿԱՄՍԱՐ Արձակագիր, երգիծաբան: 1915-ին մասնակցել է Վան-Այգեստանի ինքնապաշտպանության կռիվներին: 1935-ին ԱՆՀԻՄՆ բռնադատվել է, բանտարկվել երևանյան բանտում, աքսորվել Վորկուտա և Բասարգ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott