ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՑ

Նորության նկար Ավանդույթը սուրբ և անշփոթ պահելու համար անհրաժեշտ են երկրի ամուր դիրք և ժողովրդի խաղաղ կյանք...
Մի ավանդություն - 1887թ.

* * * *
... այս է մարդուս կյանքի խորհուրդը, մենք պարտավոր ենք մեր բանականությունը զարգացնել և միշտ հառաջ ու հառաջ դիմել դեպի կատարելության սահմանները՝ դեպի Աստված, թեև երբեք չենք հասնելու:
Նամակ Անուշավան Աբովյանին, 1890

* * * *
Մարդկանցից շատերը կարծում են՝ այս մի եզակի, չտեսնված դեպք էր, որ մոտիկ բարեկամը անձնական շահից մոլորված թաքուն, մատնություն արավ, կարծում են՝ պատմության մեջ այն մի անգամն էր, որ ժողովրդին առաջնորդող փարիսեցիները ամբոխին գրգռեցին արդարի դեմ պահպանելու համար իրենց դիրքը, որ խախտվում էր նրա քարոզներիով, կարծում են միայն այս մի դեպքում էր, որ վկաները սուտ խոսեցին դատաստանի առաջ, կարծում են միայն այն օրն էր, որ ամբոխը ապուշորեն ավազակին պաշտպանելով՝ "ի խաչ" էր գոռում իրեն անծանոթ անեմեղին, կարծում են միայն Պիղատոսն էր, որ կեղծավոր դատաստան արավ... Եվ կարծում են Հիսուսի ու նրա չարչարանքի մեծությունն էլ այն է, որ եզակի է, միայն մի անգամ է պատահել, այն էլ Երսուսաղեմ ...
Միանգամայն սխալ: Եթե այդպես լիներ, վաղուց կլիներ մոռացված որպես մարդկային հագուն և կյանքին խորթ մի դեպք: Ընդհակառակը, մեծությունը հենց այն է, որ այս ամենը ամեն տեղ, աշխարհքի ամեն անկյունում է կատարվում, և անմահությունն էլ հենց այն է, որ ամեն ժամանակ է պատահել և կրկնվում է ամեն օր:
Մեծ և անմահ, 1911թ

Խոսքը, նայած, թե ինչ մարդուց ում է ուղղված, ամենազորեղ բժիշկն է:
Նամակ Անուշավան Աբովյանին-1890թ.

* * * *
Կյանքը գաղտնիքներ պահելու սովորություն չունի:
Ուսման անառակ զավակներ, 1890-ական

* * * *
Աստծուց հետո միայն բանաստեղծն է, որ ստեղծում է:
Գրողի նամակները, 1890-ական

* * * *
Ճշմարիտ, որքա՜ն դանդաղ են հաղթանակում մտքերն ու զգացմունքները. այնքան դանդաղ, որ կարծես թե ապարդյուն են անցնում:
Ուսման անառակ զավակներ, 1890-ական

* * * *
... տանջանքից հետո հանգստություն կա, խավարին կհետևի արևի շողը, աքսորվածին ազատություն կա, պանդուխտին վերադարձ կա. և այս ավական է:
Նամակ Անուշավան Աբովյանին, 1890

* * * *
Մի շպար ունի մեր կյանքը, նրա ետևը սոսկալի է:
Նամակ Փիլիպոս Վարդազարյանին, 1895թ.

* * * *
Խե՜ղճ ժողովուրդ, որ յուր աղքատությունով էլ է ուրախանում:
Նամակ Փիլիպոս Վարդազարյանին, 1895թ.

* * * *
Պատկառանքի համար միայն սիտակ միրուք և անցյալ չեն հարկավոր, կա նույնպես երիտասարդություն և ապագա...
Այդ դատողությունը հատուկ է ամբոխին, որ հրեղեն կառքի մեջ նստած և հրեշտակներով շրջապատված է միայն ճանաչում աստվածորդուն և դափնիներից է որոշում տաղանդը, իսկ հասկացող մարդը երեխայի խզբզանքից կամ տունիկներ շինելուց էլ կարողանում է նկատել նկարչին ու ճարտարապետին:
Նամակ խմբագրության, 1897թ:

* * * *
Մի գաղտնի խորհրդով տաղանդի երևույթից միշտ վրդովվում է բթամտությունը. նրա պղտոր գիտակցությունը ավելի խառնվում ու մթնում է և կորցնում է բանականության ու բարոյականության բոլոր լուսավոր նշանները:
Տաղանդ և բթամտություն, 1898թ.

* * * *
Այն, ինչ մաքուր ու վեհ է, չի երևում, չի շարժվում, իսկ ինչ որ շարժվում ու կյանքն է հորինում իբրև՝ այն էլ շատ է նողկալի:
Նամակ Մարիամ Թումանյանին, 1899թ.

* * * *
Մեր կյանքին ակասում են մարդուն աստվածային տի պարգևող, ոգի ու ձգտումն ներշնչող վսեմ բաները, նրանց հետ և պոեզիան:
Նամակ Մարիամ Թումանյանին, 1899թ.

* * * *
Երբոր մարդ ու կին մի ներդաշնակություն չեն կազմում, երբոր մեկը չի հանդիսանում իբրև լրություն մյուսի, այնտեղ մարդկային կյանքը և ամուսնությունը կորցնում է իր գերագույն խորհուրդը, դառնում է մի անտանելի, չնչին, բայց մաշող պայքարի հանդես և դժբախտության աղբյուր:
Նամակ Մարիամ Թումանյանին, 1899թ.

* * * *
Եթե անհատը կամ ժողովուրդը ունի բարոյական մի կոչում, կյանքի վսեմ խորհուրդ, յուր մեջ կրում է աստվածային տարր, նրա խոսքն էլ անշուշտ կլինի արտահայտություն մաքրության, վեհության, ճշմարտության, բնական, բնական, անկաշառ դատողությունների, անկեղծ ու վսեմ մտածմունքների և գեղեցիկ զգացմունքների:
Մամուլ, 1899

* * * *
... աշխարհքում շատ բան է կարելի, բայց այսուամենայնիվ, շատ կարելի բաներ չեն լինում:
Նամակ Արսեն Ղլտչյանին, 1900

* * * *
...մարդկանց կյանքում մեծ նշանակություն ունեցող բաները շատ անգամ չնչին են լինում կամ այդպես են համարվում:
Նամակ Մարիամ Թումանյանին, 1900թ.

* * * *
Ճշմարիտ որ, ոչ մի տեղ բան չկա, և կյանքն այնպես տափակ է, միօրինակ, ձանձրալի, չնչին և դեպքերն ու հերոսներն այնքան մանր, ողորմելի: Այսպիսի ժամանակներում մարդ մտնում է իր պատյանը, ամփոփվում է իր մեջ ապրում իր մտքում՝ իր ճաշակով ստեղծած աշխարհքում: Եթե չխանգարեին՝ այդ ամենալավ տեղն է հիմա:
Նամակ Փիլիպոս Վարդազարյանին

* * * *
... մի որևէ ճիճվի բարձրագույն ուսումը դարձնում է ավելի փառավոր մի ճիճու:
Նամակ Փիլիպոս Վարդազարյանին, 1900

* * * *
... մի՞թե գեղեցիկ կնոջից ավելի սրտառուչ երգ կա, կամ առաքինի մարդուց ավելի վսեմ բանաստեղծություն:
Նամակ Փիլիպոս Վարդազարյանին, 1900

* * * *
...միևնույն հողը, որից բրուտը կճուճ է շինում, աստված՝ մարդ:
Նամակ Փիլիպոս Վարդազարյանին, 1900

* * * *
...կարոտն ինձ համար ամենաթանկագին զգացումն է: Առհասարակ հագուրդը, կուշտ լինելը, ավելի ճիշտ՝ հղփանալը, իջեցնում է մարդուն ներքև: Կարոտից է առաջ գալիս ամեն բարձր բան: Իդեալներն ի՞նչ են որ - հոգու կարոտներ:
Նամակ Մարիամ Թումանյանին, 1901թ.

* * * *
...փոքրիկ արարածներն են կյանք թունավորում. մեծ արարածները թույն չունեն, նրանք միայն կյանք կարող են տալ:
Նամակ Մարիամ Թումանյանին, 1901թ.

* * * *
Երբեմն տխրությունը ուրախությունիվ ավելի է դյուր գալիս մարդու:
Նամակ Մարիամ Թումանյանին, 1901թ.

* * * *
Աշխարհքում եթե մի քանի լավ բան կան - մեկն անշուշտ ճանապարհորդությունն է: Ճանապարհորդելով մարդու և՛ աչքն է բացվում, և՛ սիրտը: Իզուր չեն ասել, թե շատ կարդացողը չի իմանալ, շատ ման եկողը կիմանա: Մանավանդ գրողի համար...
Նամակ Փիլիպոս Վարդազարյանին, 1901թ

* * * *
...ստեղծագործության աստվածային խորհուրդը կամ ստեղծագործական հանճարի ույժը հայտնվում է այս երկու խոսքով՝ եղիցի լո՜ւյս...
Նամակ Փիլիպոս Վարդազարյանին, 1902թ.

* * * *
Անշուշտ, եթե աստված էլ կին ու ընտանիք ունենար, նա էլ չէր կարող աշխարհքն ստեղծել կամ ով գիտի ինչի նման բան ստեղծեր:
Նամակ Փիլիպոս Վարդազարյանին, 1902թ.

* * * *
Աշխարհքը, կյանքը, հանգամանքները փոխվել են: Ամեն բան իր վրա կրում է տենդոտ անհամբերության և շտապողականության կնիքը, որ չի դիմանում ժամանակին: Այս գործերը նման են մեր ժամանակի քաղաքների՝ գաջերից ու կավերից շինած, զարդարած տներին, որոնց գեղեցկությունը չի դիմանում արևին ու անձրևին և մերկանում է տարիների առաջ, ու կանգնում ողորմելի իր ներքին տգեղությամբ, խեղճությամբ, իսկ առաջին գործերը նման են այն հին սրբատաշ որձաքարերից կառուցած շենքերին, որոնց ավերակներն էլ հիացնում են ու հաստատ կանգնած, անխռով նայում արևին ու ժամանակներին:
Նամակ Փիլիպոս Վարդազարյանին, 1902թ.

* * * *
...անհատներն են գործ ստեղծում, կերպարանք տալիս, ձև տալիս, ընթացք տալիս հասարակական կյանքին:
Նամակ Մարիամ Թումանյանին, 1902թ.

* * * *
... մարդ միշտ ունի մի քնքուշ էակի հետ գեղեցիկ, գեղարվեստական կապերով կապված լինելու կարոտը, երազային կյանքով երբեմն ապրելու տենչը: ... այս ավելի օրինավոր և ընդունելի կապ է, քան... մետրիկական մատյանում մուծված ամուսնական կապը: Այս էլ կյանքի ամենախախուտ կողմերից մինն է. մարդիկ առհասարակ դժգոհ են. կնշանակի այսպես չպիտի լինի: Ուրիշ տեսակ պետք է կարգադրվի, թե չէ բոլորս դժբախտ ենք, և՛ ամուսնացածներ, և՛ ամուրիներ:

* * * *
Մենք կարծում ենք ազատությունը կվնասի: Մենք միշտ վախենում ենք ազատությունից. այնինչ բոլորս կուզենայինք, որ ազատ լինեինք:
Նամակ Փիլիպոս Վարդազարյանին, 1902թ.

* * * *
Չգիտենք ինչի հավատանք, ինչ սիրենք, ինչ ցանկանանք. տարուբերվում ենք մի մեծ վարանքի մեջ, բարոյական մի անեզր ալեկոծության մեջ, նավահանգիստ չենք հասնում, փարոս չենք տեսնում, և մեր բոլոր մխիթարությունն այն է, որ ազնիվ են մեր տանջանքները:
Նամակ Փիլիպոս Վարդազարյանին, 1902թ.

* * * *
... բաներ կան, որ մարդիկ կարող են միայն իմանալ, տեղյալ լինել, բայց ոչ թե զգալ, ապրել: Զգալու համար պետք է ունենալ: Ինչպես որ մենք լավ գիտենք, խելքով հասկանում ենք, որ մարդը մեռել է, բայց միայն մեռելի տերն է, որ ոչ միայն գիտի, այլ զգում է, և այլն կարգին:
Նամակ Փիլիպոս Վարդազարյանին, 1902թ.

* * * *
Ամեն մարդուց էլ չի կարելի լավություն ընդունել:
Նամակ Ավետիք Իսահակյանին, 1902թ.:

* * * *
Շատ հետաքրքրական բան է, երբ մարդը, թեկուզ ամենահետին, ամենաչնչին մարդը, բաց է անում իր սիրտը: Անդունդներ են սրտերը, լի՜քը-լի՜քը. ի՞նչ չեք գտնիլ այնտեղ:
Նամակ Մարիամ Թումանյանին, 1902թ.:

* * * *
Առողջության գլխավոր պայմաններից մեկն էլ ֆիզիկական հանգիստն է. վաղ քնել և վաղ զարթնել:
Նամակ Օլգա Թումանյանին, 1903թ.:

* * * *
Մարդու ամեն մի բանը պետք է ներքին դրդումից լինի, և ամեն բան, որ զոռով է արված, ոչ մի համ ու լազաթ չունի:
Նամակ Օլգա Թումանյանին, 1903թ.:

* * * *
...Շատ տարբեր բաներ են մտածող անհատն ու բազմությունը, ժողովուրդը, որ իր մեջ պարունակում է ամեն, ամեն բան, ավելի շատ խավար, քան պայծառ, բոլորովին տարբեր բաներ են, բայց իրար կապված ճակատագրական կապերով:
Նամակ Մարիամ Թումանյանին, 1903թ.:

* * * *
Մենք օրինավոր շատ ճանապարհներ ունենք և շատ բան: Դուք հո գիտեք, թե ինչքան բան կարելի է ստեղծել ու անել:
Նամակ Մարիամ Թումանյանին, 1903թ.:

* * * *
Ես այնքան չեմ ցավում, երբ որ ջահել մարդը կորցնում է իր ամուսինը, որքան ցավում եմ, երբ որ տեսնում եմ ծերունուն, որ հանկարծ մնում է մենակ:
Նամակ Մարիամ Թումանյանին, 1903թ.:

* * * *
Սքանչելի բան է երկինքը, բայց ո՞վ է գլուխը վեր բարձրացնում:
Նամակ Վարյա Խանդամիրյան-Մանանդյանին, 1904թ.:

* * * *
Մարդն երբ գիտի ներսը, մեջն ինչ կա, խոսքն ու ցույցն արդեն կորցնում են իրենց արժեքը:
Նամակ Արիստակես Զարգարյանին, 1905թ.:

* * * *
Միշտ լավ է, երբ որ մարդ զգում է, որ մի թանկ բան ունի, որտեղ ուզում է լինի:
Նամակ Փիլիպոս Վարդազարյանին, 1906թ.

* * * *
Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:
Անկեղծ չենք, 1907թ.:

* * * *
Հիվանդությունն էլ, վիշտն էլ սովորական ու անցավոր բաներ են ու թեթևանում են լավ աշխարհքում, լավ մարդկանց մեջ: Իսկ որտեղ մարդիկ փչացած են, գազան ու սրիկա, անազնիվ ու խարդախ, էնտեղ, իհարկե դժոխք է: Իսկ դժոխքում կյանքը տանջանք է:
Նամակ Փիլիպոս Վարդազարյանին, 1907թ.

* * * *
Մարդիկ քիչ են - գազանները շատ: Եվ այժմ ապրում ենք մի ժամանակ, երբ մեծ ասպարեզ կա մարդու էդ վայրենի բնազդին...
Նամակ Փիլիպոս Վարդազարյանին, 1907թ.

* * * *
Մի քանի բան կան աշխարհքում, որոնք դուրս են ամեն իշխանության սահմանից, ամեն կուսակցության քմահաճույքից, ամեն քննադատի պահանջներից ու "պետք է"-ներից և չեն ճանաչում ոչ մի արտոնություն կամ "առանձնահատկություն": Օրինակ՝ սերը՝ դրա նման և գեղարվեստը:
Պատասխան Լեոյին, 1907թ.

* * * *
...մեջտեղը եթե մի խնդիր կա, մարդու վայելքի կամ ուրիշ խոսքով երջանկության խնդիրն է - էդ էլ ինձ համար հագու խաղաղությունն ու սրտի մաքրությունն է: Էս դրության մեջ է, որ մարդ մոտենում է և հաղորդակից լինում աստվածներին:
Նամակ Փիլիպոս Վարդազարյանին, 1907թ.

* * * *
Գեղարվեստի "վայելման մենաշնորհը" նա ունի, ով ճաշակ ունի և ձգտում դեպի նրան:
Պատասխան Լեոյին, 1907թ.

* * * *
Եթե անթել հեռագիր կլինի, անթուղթ նամակ չի՞ լինիլ: Մարդու հոգին ինչո՞վ է պակաս երկաթե թելից:
Նամակ Փիլիպոս Վարդազարյանին, 1907թ.

* * * *
Ես էլ չեմ սիրում, նույնիսկ ազատությունն էլ չեմ սիրում այն օրից, երբ համոզվեցա, որ մարդիկ ընդհանրապես վատ են:

* * * *
Եթե կսպանեն, քեզ վրա կերգեն, եթե ազատվում ես - դո՛ւ երգիր:
Նամակ Փիլիպոս Վարդազարյանին, 1908թ.

* * * *
Ամենից առաջ մաքուր սիրտ ու անկեղծ վերաբերմունք, ապա քննադատեցեք ինչքան կամենաք, ինչպես կամենաք:
Զայրութի պատճառը, 1909թ:

* * * *
...երբ որ մաքուր սրտով ու անկեղծ կմոտենանք, էն մորենու թփի միջից էլ կլսենք աստծու ձենը...
Զայրութի պատճառը, 1909թ:

* * * *
Է՛, աստված էլածն օրհնի: Էսպես էին ասում մեր հներն ու ապրում հաշտ իրենց օրի հետ: Մենք հո նրանցից հազար անգամ ավելի լավ օրումն ենք - ուրեմն հազար անգամ աստված էլածն օրհնի:
Նամակ Հեղինե Մելիք-Հայկազյանին

* * * *
Ինչքան խիստ լինեք, հեղինակի չափ խիստ լինել չեք կարող:
Զայրութի պատճառը, 1909թ:

* * * *
... ծաղիկը դրված է մեջտեղը և նույն ծաղիկից մեղուն մեղր է շինում, օձը՝ թույն:
Ոչ գրական ոչնչությունները քննադատ, 1909թ.:

* * * *
Թյուրիմացությունը, անգիտությունը, անծանոթությունը մի մութ դրություն է, իսկ ամեն չար բան մութիցն է ծնում:
Թյուրիմացության մութի մեջ, 1909թ.

* * * *
Ո՜վ թյուրիմացության դժոխային մութը, որի մեջ մարդիկ միշտ իրար աչքի հրեշներ են երևում, որի խավարչտին արգանդում լուռ, թաքուն հղանում ու հասունանում են աղետները ...
Թյուրիմացության մութի մեջ, 1909թ.

* * * *
Ինչ որ լավ բան է լինելու, լինելու է սիրով, իսկ սրով - երբե՛ք:
Թյուրիմացության մութի մեջ, 1909թ.

* * * *
...գլխարկն ավելի հեշտ կփոխվի, քան գլուխը...
Հայատառ թուրքերենը, 1910թ.

* * * *
...կուլտուրական մաքառումից փախչելը ապարդյուն բան է, ոդ տեսակ խեղճը իրեն չի կարողանալու ընդմիշտ պատսպարի ոչ մի ցանկապատի ետևը:
Հայատառ թուրքերենը, 1910թ.

* * * *
Սերն ու ատելությունը խելք չունեն և իրենց դատողությունների կամ, ավելի ճիշտ, զառացանքների մեջ սահման չեն ճանաչում:
Հայ ժողովրդը հեղափոխական, 1910թ.:

* * * *
Զարմանալի բան է թլի. մի քանի օրով գալիս ենք էս աշխարհքում ապրելու, էն էլ սրտներս պղտոր:
Նամակ Մարիամ Թումանյանին, 1910թ.

* * * *
Անհատներ կան, որոնք ապրում են և նշանավոր են միայն նրանով, որ մի բարձր պաշտոն ունեն կամ աստիճան: Առեք նրանցից այդ պաշտոնը կամ աստիճանը, կտեսնենք օխտը կորածի մինը:

* * * *
...բարի մտքով ասված թե չար, սիրուց թե ատելությունից - սուտը սուտ է և միշտ դատապարտելի:
Հայ ժողովուրդը հեղափոխական, 1910թ.:

* * * *
Մարդասպանությունը այլևս անհանդուրժելի է կրթված մարդկության խղճմտանքի համար, որ արդեն աղաղակում է միլիոնավոր բերաններով աշխարհքի ամեն կողմից, թե չի՛ կարելի սպանել մինչև անգամ սպանիչին և չպետք է սպանի նույնիսկ դահիճը...
Դատապարտում ենք

* * * *
Ճշմարտությունը - ահա՛ ձեր մահը:
Բազ նամակ պարոն Հ. Առաքելյանին, 1910թ.:

* * * *
...մենք էնքան ենք անշնորհք ու անճաշակ, որ աշխարհքի գեղեցկությունները գեղեցիկ ու սրտալի ապրել, վայելել չենք իմանում, և մեր ամբողջ կյանքը անվերջ ափսոսանք է:
Նամակ Մարիամ Թումանյանին, 1910թ.

* * * *
Ժողովուրդը միշտ նայել է իր մեջ զանազան միջոցներով անուն հանած գործիչների երեսին ու գնացել է նրանց ետևից, և վայ էն ժողովրդի մեղքը, որի գործիչները էնքան խղճմտանք չեն ունենալ, որ իրենց փոքրիկ անձերն ու կրքերը կդարձնեն հասարակության զբաղմունքի առարկա և իրենց չնչին անձնական հաշիվների շուրջ փոթորիկներ հարուցանելով կտան մեծ խնդիրների կերպարանք: Վա՜յ էն ժողովրդին:
Մեծ խնդիր, 1910:

* * * *
...մի՞թե մենք ընդունակ ենք նկատելու մի գործ, որ կատարվում է առանց աղմուկի, ինչքան ուզում է առանց աղմուկի, ինչքան ուզում է գեղեցիկ լինի այդ գործը: Դժբախտաբար ընդունակ չենք, դրա համար էլ գեղեցիկ գործերը տառապում են մեր կյանքում և այդ տեսակ գործերի ձեռնարկողների բաժինը մնում է հիասթափությունն ու հուսահատությունը ոգևորությունից հետո:
Պետք է խրախուսել, 1911թ:

* * * *
Հին Հուդան գոնե 30 արծաթ ստացավ՝ դրա համար մատնություն արավ, մեր ժամանակների հուդաները իրենք կտան, միայն թե կարողանան զրպարտել ու կորցնել իրենց մերձավորին:
Մեծ և անմահ, 1911թ.:

* * * *
Չարություն, ստախոսություն, շահամոլություն, վրեժխնդրություն, կաշառք, վերջապես նեղ ցեղական ու կրոնական տեսակետներ... դե եկ ու ճշմարտությունը գտիր սրանց մեջ: Անկարելի՜ է: Եվ ահա նա խաչվում է ամեն տեղ աշխարհքում. աշխարհքի ամեն անկյունում և մեր անկյունում ամեն օր, ամեն օր, ու ամեն օր մենք խաչելիության հանդիսատես ենք կամ մասնակից: Եվ դրա համար նա Մեծ է ու Անմահ:
Մեծ և անմահ, 1911թ.:

* * * *
Ագահ է սերը, անվերջ են նրա պահանջները ու տրտունջները և տարօրինակ:
Նաղաշ Հովնաթան և նրա, Քուչակ Նահապետի ու Սայաթ-Նովայի սերը, 1911թ.:

* * * *
Այո՛, հասկանում եմ կեղծ անունը, երբ մարդ մի լավ բան է անում կամ գրում ու ծածկում է իր անունը: Նա փախչում է փառքից ու պատվից: Բայց երբ մեկը հարձակվում է սրա նրա դեմ, զրպարտում, հայհոյում, կասկածների տակ գցում ու թաքնվում կեղծ անունների տակ, նա փախչում է պատասխանից ու պատժից: Դո՛ւրս եկեք արևի տակ:
Պատասխան պ. Կանտոնին, 1911թ.:

* * * *
Ազգերը կարող են տանել նույնիսկ զարհուրելի կոտորածներ, բայց զարհուրելի ստորացում՝ ընդունել կամ ներել չեն կարող:
Վերջնական անկում, 1911թ.:

* * * *
Էս է տաղանդավոր գործի հատկությունը, գործի, որի մեջ կա շատ թե քիչ աստծու շունչը, անմահության տարրը, ինչքան էլ մոռացվի, հարություն է առնոլու նորից:
Նաղաշ Հովնաթան և նրա, Քուչակ Նահապետի ու Սայաթ-Նովայի սերը, 1911թ.:

* * * *
Կարդացեք և կարդացեք լավ գրքեր... Կարդացեք և երեխաների համար, պատմեցեք նրանց լավ, մեծ մարդկանց կյանքից, բարի մարդկանց կյանքից:
Նաղաշ Արտավազդ և Համլիկ Թումանյաններին, 1912թ:

* * * *
Լինել մաքուր և արդար՝ էդ մեծ բան է: Դա տալիս է կայտառություն և հանգստություն և ամեն, ամեն ինչ և առողջություն:
Նամակ Նվարդ Թումանյանին, 1912թ.:

* * * *
Էսպես է աշխարհի բանը - լավությունն էլ է պատժվում - էն էլ ավելի շատ:
Նամակ Օլգա Թումանյանին, 1912թ:

* * * *
... ամեն բանին վերջ կա, իսկ արդարությունը և անմեղությունը միշտ հաղթանակել են աշխարհքում ու պիտի հաղթանակեն ...
Նամակ Օլգա Թումանյանին, 1912թ

* * * *
Ծանոթացիր միջագետքի հետ և առհասարակ հին աշխարհքի - հիմքը արդեն կլինի:
Նամակ Նվարդ Թումանյանին, 1912թ.:

* * * *
... այլևս անմիտ ու տգեղ է՝ գալ փողով կռիվ մղել այն ասպարեզում, ուր միայն փողն է, որ գործ չպետք է ունենա:
Անմիտ ու տգեղ մրցանակ, 1912թ.:

* * * *
Փոքրից են մեծանում, աննշանից են նշանավոր դառնում:
Կովկասի Հայոց գրական ընկերությունն ու իր քննադատները, 1912թ.:

* * * *
Մարդկային կարողություն ու համբերությունը, ինչքան էլ մեծ լինի, մի սահման ունի:
Ահա թե ինչու, 1912թ.:

* * * *
Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Հայոց ազգագրական ընկերության քարտուղարի և նրա վարմունքի առիթով, 1913թ.:

* * * *
Մարդկային կյանքում մարդն է ամեն բան, և ամեն գործ ու գործունեություն բխում է նրանից: Նա աղբյուրն է: Ամենալավ աղբյուրն էլ երբեմն կարող է պղտորվել, բայց վատի ջուրը միշտ վատ է ու վտանգավոր, ինչպես կուզեք գործ ածեք:
Հայոց ազգագրական ընկերության քարտուղարի և նրա վարմունքի առիթով, 1913թ.:

* * * *
Ինչքան էլ առաքինություններ ունենա մարդը, ամենից գլխավորն էն է, որ անկեղծ լինի ու ազնիվ:
Ազնիվ և անկեղծ, 1913թ.

* * * *
Ինչքան էլ վշտանանք, չպետք է հուսալքվենք:
Բաց խոսք Հայ գրողների ընկերության երեկույթին, 1913թ.:

* * * *
Մի՞թե բողոքը թշնամություն է:
Փորձիչը, 1913թ.

* * * *
Միանգամից իսկի աստված էլ չկարողացավ էնպես բան ստեղծի, որ էլ բարեփոխելու կարիք չլինի:
Դասագրքերի բարեփոխության խնդիրը, 1913թ.

* * * *
Կյանքն իր ամբողջության մեջ մեծ է, շատ է մեծ: Կյանքը - տիեզերական կյանք է, և մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքը: Բայց մարդը սովորաբար չի կարողանում ապրել էն մեծ կյանքով, ապրում է միայն նրա մի մասով - մարդկության կյանքով: Սակայն նույնիսկ դրանով - մարդկության կյանքով ապրելու էլ քչերն են ընդունակ:
Մի՞թե դժվար է, 1913թ

* * * *
... կյանքն ինչպես անսահման մեծ է, էնպես էլ փոքր է անսահման: Եվ ահա ընդհանրապես ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքով: Կա ազգային կյանք, պետական կյանք, կուսակցական կյանք, ավելի՝ նեղ թայֆայական կյանք, թշնամու բանակների պես կանգնած իրար դեմ մինչև էն պստլիկ ես-ը...
Մի՞թե դժվար է, 1913թ

* * * *
Մի կյանքից եթե զվարթությունը՝ քեփն ու սափեն հանես, էլ տեղն ի՞նչ մնաց: Մնաց հոգսն ու ջափեն:
Երկու մեծ թիֆլիսեցիներ, 1913թ

* * * *
...աշխատեցեք ձեր սրտերը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով և աշխարհքին ու մարդուն նայեցեք բարի ու պայծառ հայացքով:
Խոսք պատանի գրասերներին, 1913թ.

* * * *
Նա* դեռ հարություն չի առել մարդկանց սրտերում:
*Հիսուս Քրիստոսը
Զատկի առիթով, 1913թ.

* * * *
Ժողովուրդների էպոսներն առհասարակ վերջանում են խաղաղության սրբազան խոսքով: Եվ ճշմարիտ որ, էս պատերազմից հետո չտեսնված թափով ու ծավալով է բարձրանալու համաշխարհային խաղաղության հարցը, այլև նրա հետ միասին մի ուրիշ մեծ հարց, քաղաքակիրթ մարդ ու հարց, որ իր գազանություններով հարուցանում է լուսավոր գերմանացին ու դարձնում լուրջ խորհրդածության նյութ աշխարհքի բոլոր ազգերի և բոլոր մտածողների համար:
Ազգերի պատերազմն ու իրենց դյուցազունները, 1914թ.:

* * * *
...անհատները կարող են սխալվել, բայց ազգերը հեշտ չեն սխալվում:
Կարևոր հույսն ու դարևոր ճանապարհը, 1914թ.:

* * * *
Ինչպես ամեն բան, էնպես էլ մարդկային բարքի վատությունը մի չափ ու սահման պիտի ունենա, թե չէ բարքերի ապայանության մեջ միշտ կարող են խեղդվել ամեն վեհ ու վսեմ հղացումներ ու գեղեցիկ գործեր ու մենք էլ միշտ կմնանք մի ժողովուրդ, որին չի կարելի սիրել:
Դոկումենտներ, 1914թ.:

* * * *
Բարքի խնդիրը մարդկային առաքինությունների խնդիրն է, հոգու, սրտի, խղճմտանքի մեծ խնդիրն է: Լավ ու վատ բարքիցն են ծնունդ առնում կյանքի մեջ բարիքն ու չարիքը, թե՛ առանձին անհատների, թե՛ ազգերի և ընդհանուր աշխարհքի համար: Եվ վա՛յ էն ժողովրդին, որի բարքն ընկած է: Նրան փրկություն չկա:
Դոկումենտներ, 1914թ;

* * * *
...մենք լսել, նույնիսկ տեսել ենք, որ մեծ զորքերն էլ, իրենց կատարելագործված զենքերով, խուսափել են պատերազմի դաշտից, իրենց հարստությունն էլ թողել են թշնամուն: Միայն մի ուժ կա, որ չենք լսել, թե հեշտությամբ խորտակված լինի երբևիցե, մի ուժ կա, որ փոքրին էլ դարձնում է մեծ, տկարին դարձնում է հզոր և հաղթություններ ապահովում ու սխալի գործեր: Դա ժողովրդի ոգևորությունն է:
Սրանով կհաղթես, 1914թ

* * * *
Գերեզմաններ կան, որ պայծառ են, ժպտում են մարդկանց սրտերին մի խոր հավիտենական ժպիտով ու ասես թե կյանքը հաշտեցնում են մահի հետ:
Մի պայծառ շիրիմ, 1914թ

* * * *
Ավա՜ղ, կարծես թե իզուր են ապրում ու անցնում մեծ փիլիսոփաները, մեծ գիտնականներն ու մեծ բանաստեղծները, ազգերի համար մեծ մասամբ նրանք հանդիսանում են լոկ որպես շքեղ զարդարանքներ:
Ապաշավանք, 1914թ

* * * *
Այո՛, դրամաների մեջ ավելի զարհուրելին չկա, քան մեծ հոգիների դրաման:
Կովկասի մեծ որդեգիրը, 1914թ

* * * *
Մարդկային բարքն է հիմքը բոլոր կրոնների ու օրենքների և ամեն ժամանակ ժողովուրդները իրենց պաշտած Աստծո գահը դրել են նրա վրա, և հենց իրենք աստվածները եղել են ու են բարիք, բարոյական հասկացության բարձրագույն զգացումն ու կատարելությունը:
Դոկումենտները, 1914թ:

* * * *
Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետև թեկուզ ամբողջ աշխարհքը վեր կենա քո դեմ ...
Առայժմ, 1914թ

* * * *
Լավ մարդը - էդ բնության, ավելի ճշմարիտը՝ մարդկության մեջ ամենակատարյալ ու ամենասքանչելի երևույթն է - և ամենահազվագյուտը:
Նամակ Ցոլակ Խանզադյանին, 1914թ:

* * * *
Ով է խոսում ներքին հանգամանքներից, երբ աչքներիս առաջին աշխարհքներ են շուռ գալիս:
Նամակ Փիլիպոս Վարդազարյանին, 1915թ

* * * *
...ամեն հառաջադիմություն պայմանավորվում է ինքնուրույն քայլեր անելու, ունեցած լավագույն ձիրքերը մշակելու և լավագույն զգացմունքները զարգացնելու ազատության պայմանով:
Դեպի մեծ կյանքը, 1915թ.

* * * *
Մանկությունը մարդու կյանքի էն ամենաընդունակ շրջանն է, երբ նա չորս կողմից ընդունում է, սնունդ է առնում ու զարգացնում շարունակ: Հետևաբար՝ շարունակ էլ պետք է սնունդ տալ նրան, որ միշտ աճի ու զարգանա: Եվ ահա հենց էստեղ էլ հարց է առաջ գալիս՝ ի՞նչ սնունդ տալ, և ի՞նչ ձևով տալ:
Ազդ, 1915թ

* * * *
Երկնքին էլ նայեցեք: Եվ հաճախ նայեցեք երկնքին: Ձեր հոգին կմեծանա, ձեր սիրտը կազնվանա և ձեր հայացքը կխորանա ու կլայնանա: Մարդիկ միշտ ցած նայելով հոգով էլ ցածրանում են, դառնում են մութը, նեղսիրտը, նյութապաշտը ու չարը: Իզուր չի, որ ժողովրդական խոսքը զգուշացնում է միշտ գետնին նայող մարդուց:
Աստղերի խոսքը, 1915թ

* * * *
Էլի խելոքությունը, իմաստությունն ու համբերոյթունն են ամեն բանի հաղթում:
Նամակ Վահան Թումանյանին, 1915թ

* * * *
Էսպեսով էլ հայտնի է, որ մահմեդական կին չունի, կին չունենալով՝ տուն չունի, ընտանիք չունի, բարոյական հաստատուն, ամուր հիմք ու ապավեն չունի: Մենակ ու անապավեն մարդ է, դրա համար էլ դրսից տուն չի գալիս, ձիուց չի իջնում, զենքը վեր չի դնում, մնում է մի տեսակ դուրսը, միայն իր զենքին ապավինած, միշտ պատերազմի պատրաստ ու պատերազմասեր, հետևաբար և անհանգիստ ու վտանգավոր հարևան:
Կինն ու մահմեդական պետությունների անկումը, 1915թ

* * * *
Աշխարհում մարդիկ կան, որ ապրում են միայն իրենց համար, մարդիկ կան, որ ապրում են ուրիշներին տանջելու համար, մարդիկ էլ կան, որ ապրում են տանջվողներին օգնոլու համար: Եվ, ավա՜ղ, ամենից քիչը հենս սրանք են աշխարհքում:
Թանկ մարդու հիշատակին, 1915թ


* * * *
Էսպես է բնության սքանչելի օրենքը՝ կյանքն ու կենդանությունը, ուժեղը հոգին ու առողջ սիրտը խաղով են արտահայտվում:
Ազդ, 1915թ

* * * *
Մարդիկ կան, ըստ ամենայնի թմրած, լքված ու խորտակված մարդիկ, որ խաղը հասարակ բան են կարծում և իրենց մեռելությունը լրջություն են անվանում:
Ազդ, 1915թ

* * * *
Մեծ ու հարուստ սիրտ ունեցող մարդիկ կարող են վշտանալ և շատ վիշտ ու ցավ ունենալ, բայց երբեք դժբախտ չեն լինում նրանք:
1916

* * * *
...իմաստուն ու հասուն ազգերը իրենց ունեցած տաղանդների վրա ինչքան էլ առատ-առատ ծախսեն, լավ են իմանում, որ այսուամենայնիվ, շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում:
Ազգային պաշտպանության խնդիրը և Ղ.Աղայանը, 1916թ

* * * *
... ակներև է, որ միջոցն էլ կա, էն էլ, թե կուզեք՝ առատ-առատ: Հարկավոր է միայն գործի կարևորության գիտակցությունն ու բարի կամքը:
1916թ

* * * *
Էդպես է արդեն հանճարի ճակատագիրը, որ միշտ բարձր հաճույքներ տա ուրիշներին՝ սերնդե-սերունդ ուրիշներին, անվերջ ուրիշներին... Իսկ ինքը երջանիկ է արդեն նրանով, որ ինչքան էլ տանջվի ու տառապի էս անցավոր կյանքում, իր ամբողջ էությամբ անանցի հետ է կապված, հավերժականի մասն է անմահ:
Շեքսպիրի մասին, 1916թ

* * * *
Քննադատը ոչ բանաստեղծ կարող է ստեղծել և ոչ բանաստեղծ կարող է սպանել: Եվ վերջիվերջո մի քննադատ կա, որ վերջնականապես որոշում է ապրող ու մեռնող գործերը՝ դա ժամանակն է:
Խոսք սկսնակ բանաստեղծին, 1916թ

* * * *
Ամեն մի ժողովրդի համար բնության ու մարդկության ճշմարիտ ծանոթության հետ միասին, իր ազգային ինքնաճանաչողությունն է իր ճանապարհի մթում լույս տվող լապտերը:
Գրական երեկոներ, 1916թ

* * * *
...էնքան պարզ, ինչքան պարզ են բոլոր գեղեցիկ ճանապարհները:
Կարճ ու գեղեցիկ ճանապարհ, 1916թ

* * * *
Խավարն ու ետամնացությունը հեշտ է փարատել լուսով ու հառաջադիմությունով, բայց չարությունը դժվար է փոխել բարության:
Կարելին և ցանկալին, 1916թ

* * * *
Տարիներն անցնում են, ետ ես նայում, որ զուր տեղը կորցրել ես ժամանակդ էլ, եռանդդ էլ, ամբողջ կյանքդ էլ: Եվ ամեն օր սպասում ենք, որ պիտի փոխվի: Ասում է՝ գնացին տեսան Մոլլա Նասրեդդինը մի վարար ջրի ափին նստած սպասում է: Ասին՝ ընչի ես սպասում:
-Թե՝ սպասում եմ գետն անց կենա, որ հետո ես անց կենամ: Ճիշտ էսպես. մենք էլ սպասում ենք՝ էս ժամանակն անց կենա, որ մեր ուզած կյանքով ապրենք... ու շարունակ սպասում ենք:
Նամակ Ցոլակ Խանզադյանին, 1916թ

* * * *
Ինչքան ավելի ենք առաջ գնում, էնքան ավելի ենք նկատում ու համոզվում, որ աղջամուղջի ու անգիտության ճանապարհով ենք գնում և շիտակ ու անսայթաք առաջ գնալու համար մեր ձեռքին լապտեր պիտի ունենաք:
Գրական երեկոներ, 1916թ

* * * *
...օբյետկտիվ ու հարգալից վերաբերմունքը, կիրթ, գեղարվեստական ճաշակն ու առողջ գրական հասկացողությունը վերջ ի վերջո որոշելու են ամեն մեկի տեղը: Եվ օրհնյալ են ամենքն իրենց տեղերում:
Նամակ Ցոլակ Խանզադյանին, 1916թ

* * * *
...շարունակ էնպես է թվում, թե որտեղ որ է՝ մեր աշխարհքը տակն ու վրա է լինելու: Ոնց որ մի լցրած խախուտ թվանք ըլի մի խամ մարդու ձեռքի, որ սպասում ես, թե հրես որտեղ որ է կտրաքի ու ...

* * * *
Երջանկության աղբյուրը մարդու՝ իրեն սիրտն է:
Ռաֆայել Զարդարյանի ալբոմից, 1916թ

* * * *
Ժողովուրդները ոչ մի բանի մեջ էնքան պարզ ու պայծառ չեն երևում, ինչքան իրենց ազգային էպոսի մեջ:
Հսկայի ազատությունը, 1917թ

* * * *
Զարմանալի է մահվան հոգեբանությունը: Կյանքի վերջին վայրկյանին մարդիկ շատ անգամ ձեռքները թափ են տալիս ամբողջ աշրահի վրա, բայց և ամբողջ ուժով կառչում են մի չնչին բանից: Եվ ընդհանրապես էդ չնչին բանն էլ իրենց հին, մանկության օրերի էս կամ էն հիշատակն է լինում:
Վերջին ցանկությունը, 1917թ

* * * *
Դեպքեր են լինում, որ հանկարծական կերպով մի լեզու ենթարկվում է մի ուրիշ լեզվի մասսայական հարձակման, ներխուժումի: Էդ էն ժամանակները հատկապես, երբ ինքը՝ ազգն է ենթարկվում մի այլ ազգի հզոր հարձակման ու տիրապետության և նվաճվում է:
Դիտողություններ լեզվի մասին, 1917թ

* * * *
Ինձ էնպես է թվում, թե մի շատ թանկագին բան եմ գտել, այսինքն մարդ եմ գտել: Չէ որ մարդը՝ գոնե մեզ համար՝ ամենաթանկ բանն է:
Նամակ Հակոբ Սառիկյանին, 1917թ

* * * *
... լավ մարդիկ կան, բայց ազգային ոչ մի բովանդակություն չունեն: Ոչ էս էն, ոչ էն էն:
Նամակ Փիլիպ Վարդազարյանին, 1917թ

* * * *
...էն զանազանությունը, որ մեզ համար գոյություն ունի բանաստեղծության ու պրոզայի մեջ՝ նրա* համար չկար: Նա երգելով ու շեշտով, ռիթմով էր խոսում միշտ և ժեստերով: (Երգելով կարդալը հատուկ է և հիվանդներից ոմանց, հոգեկան և անգրագետներին)՞
*Նախնական մարդու
Դիտողություններ լեզվի մասին, 1917թ.:

* * * *
Նախնական մարդու կարծիքով, խոսքը իր նշանակած առարկայի հետ խորհրդավոր կապ ուներ: Խոսքն արտասանել՝ կնշանակեր առարկան շոշափել: Խոսքով ցանկանալուն՝ օրհնանք թե անեծք, պետք է հետևեր գործողություն: Եվ շատ խոսքեր, որ այժմ մերկ, դատարկ խոսքեր են մեզ համար, մի ժամանակ ահռելի բնավորություն ունեին:

* * * *
Երբ ցրված է մի ժողովուրդ, հեշտ է ենթարկվում հարևան՝ ուժեղ թե տկար օտարների ազդեցությանը:
Դիտողություններ լեզվի մասին, 1917թ:

* * * *
... մեյդանը լիքն են կեղծ ու այլանդակ քրիստոնյաներով ու կեղծ սոցիալիստներով:
Զինվորագրվել են, 1918թ:

* * * *
... անհրաժեշտ է... հասարակության տականքներին թույլ չտալ գլուխ բարձրացնել:
Անդրկովկասի ներքին գործերի մինիստրին, 1918թ.:

* * * *
... փոքրամասնության երջանկությունը չի կարող հաստատուն լինել բացարձակ մեծամասնության թշվառության վրա:
Մեծ տարբերություն, 1918թ.:

* * * *
Հին ժամանակը աղքատի և զրկվածի դատը հիմնված էր խղճմտանքի վրա և անհատական գործ էր, մեր ժամանակներում նա հիմնված է հասարակական գիտակցության վրա և կազմակերպված քաղաքական գործ է: Մեկը կրոնա-բարոյական պահանջ ու պարտականություն էր, մյուսը քաղաքական ու քաղաքացիական պահանջ ու հասարակարգ:
Մեծ տարբերություններից, 1918թ.

* * * *
Քաղաքակրթության մեծ օջախներից ու հաղորդակցության մեծ ճանապարհներից հեռու ժողովուրդները երկար դարերով մնում են անխառն՝ իրենց հատուկ կյանքով ու կերպարանքով, տարազով ու լեզվով, իսկ ժողովուրդների համար կենտրոնական հրապարակ կամ կամուրջ հանդիսացող երկրները անվերջ հեղեցման մեջ են եղել և ներկայացնում են խառնուրդ հնուց անցած գնացած կամ նրանցից հետո նոր եկած զանազան ցեղերի և նրանց ամեն տեսակ ազդեցությունների...
Ժողովուրդների փոխազդեցությունների մասին, 1918թ.

* * * *
Խանութում վաճառվող շշի գինիներից հազարից մեկն է իսկականը լինում և սովորաբար կեղծ է լինում, իսկ այգու ողկույզի հյութը ո՛չ կեղծ կարող է լինել ո՛չ էլ հնար կա կեղծելու: Դրանցից մեկը գինեվաճառն է լցնում, մյուսը՝ բնությունն ինքը:
Պատասխան Տվիան Տաբիձեին, 1919թ.:

* * * *
Խե՜ղճ մայրեր...
Խե՜ղճ մանուկներ...
Եվ թող օրհնված լինեն նրանք, որոնք կպաշտպանեն մայրությունն ու մանկությունը...
Մեր կյանքի հիմնական խնդիրները, 1919թ:

* * * *
Միշտ ամեն սուտ կամ թյուրիմացություն պետք է հերքել ու պարզել ժամանակին, քանի դեռ չի տվել իր չար պտուղները:
Պարզ պետք է ասել, 1919թ:

* * * *
Իմ կարծիքով ժողովուրդները լավն են առհասարակ, ինչպես որ կառավարություննեն էլ վատն են առհասարակ: Եվ ավելացնեմ հիմար են առհասարակ:
Վերջին վատությունները, 1920թ:

* * * *
Իմ կարծիքով սուտ է, որ ասում են՝ ամեն մի կառավարություն արժանի է իր ժողովրդին: Ըդնհակառակը՝ առհասարակ կառավարությունները արժանի չեն իրենց ժողովուրդներին, և շատ քիչ կառավարություն կարող է լինել, որ արժանի լինի իր ժողովրդին և լինի ժողորվդի հետ ու նրա ներկայացուցիչը: Օրինակ էնպես, ինչպես բանաստեղծը:
Մոտիկ հարևանը ու հեռու բարեկամը, 1920

* * * *
...հեշտ չի հաշտվել էն մտքի հետ, թե մարդ կարող է էնքան հրեշ լինել...
Սովից վատթարը, 1920թ

* * * *
Էն ժողովուրդները, որոնք աշխարհքում ապրել են լայն կյանքով ու բարձր ձգտումներով, միշտ ունեցել են իրենց դյուցազնական ու հերոսական դարաշջանները՝ լիքը հրաշքներով ու առասպելներով:
Հայկական էպոսի բառարանից, 1920-21թթ:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 02-07-2013 12:11:34
Դիտումների քանակը: 6085
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՊԱՎԵՆ ՌՈՍՏՈՄՅԱՆ ՎԱՍԻԼԻ Խորհրդային Միության հերոս (10.04.1945թ., հետմահու): Ավագ սերժանտ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott