Ի՞ՆՉ է ԽԱՉԱԳՈՂԸ... Հատված Րաֆֆիի «Խաչագողի հիշատակարանը» վեպից

Նորության նկար Նա իր ընկերների հետ խոսում է մի առանձին լեզվով, որը ոչ ոք հասկանալ կարող չէ, եթե խաչագողների հասարակությանը չէ պատկանում։ Դա մի խորհրդավոր, պայմանական լեզու է. դա ավազակների արգոն է։
Շատ անգամ խաչագողը չէ խոսում, բայց միտք է հայտնում։Նրա աչքերի, հոնքերի, շրթունքի, երեսի, ձեռքերի, մի խոսքով, մարմնի զանազան մասերի այս և այն ձևով շարժմունքը հայտնում են ամբողջ նախադասություններ, որոնց նշանակությունը հասկանում է միայն խաչագողը։ Միմիկան նրանց դեմքի վրա սաստիկ զարգացած է։ Կապիկի նման կարողանում են նրանք շարժեցնել երեսի այն մասերը, որոնք ուրիշների մոտ անշարժ են։ Ես տեսա մի խաչագող, որ ավանակի նման շարժեցնում էր իր ականջները։ Մի այլը իր քիթը զարմանալի կերպով ծռմռում էր այս կողմ և այն կողմ:
Խաչագողը խաչագողի ձեռքը բռնելով, առանց մի բառ արտասանելու, հայտնում է իր միտքը։
Հարկը պահանջած ժամանակ խաչագողը միայն անորոշ ձայներ է արձակում, կամ թռչունների ու գազանների բարբառով ազդարարություններ է կարգում։ Այդ նրանց գիշերային լեզուն է, մանավանդ այն ժամանակ, երբ մինը մյուսից հեռու է գտնվում։ Նրանց բոլոր նշանախոսությունները այն աստիճան ճշտությամբ պայմանավորված են իրանց մեջ, որ երբեք չեն վրիպում նպատակից։
Կերպարանափոխության մեջ խաչագողը սատանայական հնարագիտություն ունի։ Ծպտիլ, այլակերպվիլ այնպես, որ բոլորովին ուրիշ մարդ երևալ, դրանք նրա համար այնպիսի խաղեր են, որոնց մեջ ոչ ոք կարող է նրա հետ մրցություն անել։ Խաչագողին չէ կարելի տեսնել իր բուն պատկերի մեջ, այլևայլ երկրներում, գործի և հանգամանքների այլևայլ պայմանների համեմատ, նա միշտ նոր ձև և նոր կերպարանք է ընդունում։
Խաչագողը բովանդակում է իր մեջ մարդկային ամբողջ հասարակության բնավորությունները։ նա ընկերային կյանքի ամեն ելևէջների վրա զարմանալի ճարպկությամբ բարձրանում և իջնում է։ Նա հասարակության բոլոր ծալքերի մեջ մտնում և դուրս է գալիս։ հարմարվելու անհամեմատ ընդունակություն ունի։ Ժողովրդի բարձր դասի հետ նա մի հպարտ, փառասեր, թեթևամիտ, պերճախոս ազնվական է, ազնվականի բոլոր փայլով։ Ժողովրդի ստոր դասի հետ նա մի բարի, միամիտ և անկիրթ ռամիկ է, բոլոր ռամկական պարզություններով։ Գիտնականի հետ նա մի գեղախոս հռետորի նման վիճում է, ամեն առարկայի վրա դատում է և հանրամարդկային բարձր ու վսեմ գաղափարներ է հայտնում։ Մոլլաների հետ նա խավարամիտ է, որպես գիշեր և մոլեռանդ, որպես հնդկական ֆաքիր։ Խաչագողը մի օր լույս է, մյուս օր՝ խավար: Մի օր բարի է, մյուս օր՝ չար:
Խաչագողը մի գարշելի տիպ է։ Նա ավերված, փչացած, անբարոյականացած հասարակության հրեշավոր ծնունդն է։ Նա նեխած ջրի մրուրն է։
Երբեմն նա փողոցային սրիկա է, գիշերի մթության մեջ հանդիպող մենավոր անցորդը հազիվ կարող է ազատվել նրա ճանկերից:
Ցերեկով նա բարեպաշտ, երկյուղած քրիստոնյա է և պատահած աղքատին ողորմության ձեռք է մեկնում։ Մի տեղ, ամենակեղտոտ գինետան ստորերկրյա նկուղների մեջ, կառապանների հետ նստած, արբեցությամբ է անցկացնում է այդ ժամանակ նա մոլի ստահակ է։ Մի այլ տեղ, ամենափաոավոր հյուրանոցում նա խիստ նուրբ ճաշակ ունի կերակուրների և ըմպելիքների ընտրության մեչ։ Այդ ժամանակ նա բարեկյաց քաղաքացի է։
Խաչագողը չափազանց առաձգական է և. դյուրաթեք։ Նա դեպի ամեն կողմ ծռվում է։ Նա ամեն կաղապարի մեջ մտնում է և ամեն տեսակ ձևեր ընդունում է, բայց երբեք մի հատկանիշ ձև չէ պահպանում։ Նա կատարյալ քամելեոն է: Նա այն առասպելական էակներից է, որ ամեն մի անգամին մի այլ տեսակ են երևում։
Խաչագողը գիտե կեղծել, գիտե խաբել, գիտե ձեռքից սպրդիլ և աներևույթ լինել։ Ոստիկանի ամենատես աչքերը չեն կարող նքա հետքերը հետազոտել։ Նա անհայտանում է որպես դև և հայտնվում է որպես հրեշտակ։ Բայց երբ որ բախտը դավաճանում է նրան, բանտը իր պապենական օթեվանն է։ Շղթաներից երկյուղ չէ կրում նա, իսկ դահճի առջև արհամարհանքով է խոնարհեցնում իր պարանոցը։
Խաչագողը նայում է տիեզերքի վրա որպես իր հունձքի արտի վրա։ Նա գիտե կորզել մարդկային ընդհանուր աշխատանքից ինչ որ իրան պետք է։ Նա չէ ցանում, բայց հնձում է։ Նա չէ արդյունաբերում, բայց սպառում է։ Նա ապրում է ուրիշի վաստակով։ Իսկ այդ նպատակին հասնելու համար գործ է դնում իր հնարագիտության ամենակարող հմտությունները։ Ուր չի հաջողվում նրան խաբուսիկ միջոցներով որսալ, այսպիսի դեպքերում պատրաստ է նրա արյունահեղ ձեռքը...
Խաչագողը ամեն բան ունի, բայց ոչինչ չունի։ Նա նմանում է այն գիշակեր մեծ գազանին, որ խորտակում է մի ամբողջ ցուլի մեջքը, լերդը ուտում է, արյունը խմում է, իսկ մնացածը թողնում և հեռանում է։ Այնուհետև օրերով մնում է սոված, երբ ուրիշ որս գտնել չի կարողանում։ Խաչագողը մի օր կուշտ է, մյուս օր՝ քաղցած։ Մի օր հարուստ է, մյուս օր` աղքատ:
Րաֆֆի, Խաչագողի հիշատակարանը

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 16-08-2011 12:22:45
Դիտումների քանակը: 645
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott