ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Հայաստան

Բանաստեղծ:

Իսկական անունը՝ Օնիկ Կարապետյան Թադևոսի,

Ծնվ. 27.04.1914թ., Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)
Մահ. 14.03.1984թ., Երևան, թաղված է Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում:

Ա. Շիրազի հայրը:

Սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում (1937-41),
Մոսկվայի Մ. Գորկու անվ. գրականության ինստիտուտում (1952-56):

1935-ին լույս են տեսել Շիրազի «Գարնանամուտ» ժողովածուն, «Սիամանթո և Խճեզարե» վիպերգը:

Այնուհետև տպագրվել են «Արևի երկիր» (1938) քնարական պոեմը, «Երգ Հայաստանի» (1940), «Բանաստեղծի ձայնը» (1942), «Երգերի գիրքը» (1942), «Լիրիկա» (1946) բանաստեղծությունների ժողովածուները, «Բիբլիական» (1942, հրտ.՝ 1946) պոեմը:

Շիրազին հատկապես մեծ ժողովրդականություն են բերել «Քնար Հայաստանի» ժողովածուների 3 հատորները (1958, 1964, 1974), Բեյրութում լույս տեսած «Հայոց դանթեականը» պոեմը (1965), «Հուշարձան մայրիկիս» (1968), «Համամարդկային» (1975) ժողովածուները, «Խաղաղություն ամենեցուն» (1982) պոեմը:

Շիրազի գեղարվեստական մտածողության մեջ կարևոր տեղ ունեն ժողովրդական երգն ու բանահյուսությունը, միջնադարյան տաղերգությունն ու աշուղական խաղերը: Շիրազի պոեզիան նաև բնության ձայների ու բազմազան դրսևորումների առանձնահատուկ վերարտադրություն է, որի շնորհիվ բնությունը դառնում է խոսքի ելակետ ու չափանիշ:

Շիրազի 1940-50-ական թթ. քննադատվել է անհատապաշտության մեղադրանքով:

«Վիրավոր զինվոր, դու, իմ լիրիկա, Ես քո արյունից ելած մանուշակ»,- գրել է բանաստեղծը «Քնարերգական» բանաստեղծության մեջ: Շիրազի համար պոեզիայի հիմքը զգացմունքայնությունն է ու խիղճը՝ «Երգս ձեր խիղճը արթուն կպահի, Ես դարի խիղճն եմ, ես շեփորը չեմ»:

Շիրազին հատկապես թանկ են մարդու, բնության, սիրո, հայրենիքի ներշնչած ապրումները:

Խոհափիլիսոփայական մտորումներում Շիրազն արծարծել է կյանքի ու մահվան առեղծվածի, մարդու բնույթի ճանաչողության հարցերը («Ինքներգանք համամարդկային», «Բնության գլուխգործոցը»): «Բիբլիական» պոեմի հերոսը մարդն է՝ ժամանակային մեծ ընդգրկումների խտացումով: Մարդու հավերժ, կերպարի բացահայտման հարցում Շիրազի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ է վերապահված մորը և մայրերգությանը:

Շիրազը վերաիմաստավորել է մոր թեման՝ «մայր» հասկացությունը դնելով աշխարհի հավերժական արժեքների շարքում («Մայրս», «Մայրս մի բուռ մայր Հայաստան», «Ձյուն է իջնում, կուտակվում...», «Ձեռակերտն է մայրս Աստծո հանճարի» ևն):

Շիրազի սիրերգությունն ինքնամոռաց ապրումն է, անմնացորդ ինքնայրումը՝ կնոջ տեսքով հայտնված գեղեցկության հանդեպ («Միայն սերը», «Սերն աշխարհակալ», «Ամենայն էակ», «Հնչեց մեղեդին զանգերի լռած», «Գինետան բաժակի նման ձեռքից ձեռք անցած մի աղջիկ»):

Հայրենասիրական քնարերգությունը Շիրազի ստեղծագործության մեջ ունի ընդգրկման լայն ոլորտ՝ ժողովրդի պատմական անցյալ, սփյուռքահայության ճակատագիր, պատմական հայրենիքի ազատագրման հույս, հայոց լեզվի պահպանում («Հայոց հրաշքը. Մեսրոպ Մաշտոց», «Խոսք մեծախորհուրդ պատգամի», «Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք», «Հայ ժողովրդի երգը», «Կտակ», «Արարատին», «Անի», «Հայոց դանթեականը» և շատ այլ բանաստեղծություններ ու պոեմներ):

Շ-ի ստեղծագործության անբաժանելի մասն են կազմում առակները («Օձն ու մեղուն», 1953, «Առակս զինչ ցուցանե...», 1978), բազմաթիվ քառյակները («Ցողապատում», 1977) և թարգմանությունները:

Շիրազի անունով կոչվել են դպրոց, փողոց Երևանում և ՀՀ այլ քաղաքներում:

Գյումրիում բացվել է Շիրազի թանգարանը (2002):

ԵՐԿԵՐ
Քնար Հայաստանի, հ. 1-3, Ե., 1958-74: Երկ., հ. 1-4, Ե.,1981-86:
Հուշարձան մայրիկիս, Ե., 1980:
Հայոց դանթեականը, Ե., 1990:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հովհաննես Շիրազի մասին, Ե., 1974: Բատիկյան Լ.,
Հովհաննես Շիրազի մայրականը, Ե., 1976:
Աթաբեկյան Մ. Հովհաննես Շիրազի քնարերգությունը, Ե., 1979:
Գասպարյան Ղ, Պոեզիան և կյանքի ճշմարտությունը, Ե., 1990:
Հովհաննես Շիրազ: Մատենագիտություն, Ե., 1989:


* * * *

ՀԱՅՈՑ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Քո մայր՝ լեզվով խոսիր, պոետ,
Որ հավերժվի ազգը քո հետ:
1
Անուն կա, որ վարդի բույր Է,
Կա, որ սարի պաղ աղբյուր Է,
Կա, որ քեզ տուն կանչող քույր Է,
Կա, որ անուշ մոր համբույր Է,
Կա, որ ձեռիդ եղբեր տուր Է,
Հայ անունը՝ պատիվը մեր՝
Միշտ լավ գործի ծնունդ անմեռ։
2
Անուն Էլ կա, որ մեր գլխին
Ծաղրածուի գդակ Է հին,
Որ կնքել Է ինչ-որ տերտեր,
Կամ թե՝ դժնի մի ճորտատեր.
Ու մենք հաճախ չենք ամաչում,
Հին անվամբ ենք իրար կանչում,
Թե՝ հե՜ի, ո՞ւր ես, բեդնի Խաչո,
Ի՞նչ բանի ես, Ղաչաղ Վաչո,
Տաշտաքերենց,
Կաշառկերենց,
Անուննե՞ր են, թե՞ հին վերքեր,
Որ բանալով՝ չենք հարցնում դեռ,
Թե ի՞նչ չլուտ, ի՞նչ Չպլաղենց,
Երբ Չպլաղենցն աշխարհ փոխեց։
3
Անուն Էլ կա, որ լսելիս
Մարդ ակամա հարց Է տալիս,
Թե՝ ի՞նչ Կնյազ, ի՞նչ Իշխանիկ,
Ի՞նչ խան, ախպեր՝, կամ ի՞նչ Խանիկ,
Երբ ինքն ահա մի մարդ Է նոր,
Մի հին չոբան, չոբանի թոռ,
Առաջ քաշված,
Փառքով նշված,
Ինքն է թաղել իշխան ու խան,
Բայց գրվում Է դեռ Իշխանյան,
Աղախանով կամ Բախշիբեգ,
Ամիրխանով կամ Յախշիբեգ։
Այն Էլ յախշի, վա՛յ, անհոգի,
Կարծես, թե կար լավն Էլ բեգի.
Գայլը յախշի՞, տե՝ս դու հալա՝
Անունն անգամ խաթաբալա։
Անունն անգամ
Օձի նման
Փաթաթված վիզն Հայաստանի,
Այրող հուշն Է այն սուլթանի,
Որ մեր լեզուն ու հողն անվերջ
Ձուլել կուզեր իր ցեղի մեջ,
Եվ կձուլեր (հայ կա դրսում,
Որ հայերեն Էլ չի խոսում…),
Մենք Էլ այժմ չէինք կարող
Խոսել լեզվով մեր դայլայլող,
Հայոց լեզվով մեր ազգաթագ,
Թե մեզ չառներ գիր թևի տակ
Խաղաղության՝ Մաշաոց հսկան,
Որ կանչում է, թե՝ ո՛վ տղաս,
Յոթ լեզու էլ թե իմանաս,
Չմոռանաս քո մայր լեզուն.
Մոռանալդ է ոսոխն ուզում…
4
Անուն էլ կա, բսյց ո՞րն ասես,
Կատակով են դրել կարծես,
Մեկը մեկից անտոհմ ու սին՝
Էլ անճաշակ Լյուքս ու Տորգսին,
Էլ Իլոնա, էլ Ալֆրեդ,
Էլ ժոռժետա, էլ Վան-Շիլբերտ,
Էլ Իվետա, էլ Անտեֆոն,
Էլ Ռիտա, էլ Պատեֆոն,
Էլ Կլարա, էլ Անելկա,
Թե թարգմանես՝ ի՞՛նչ դուրս կգա,-
Ծաղր ու ծանակ մեր ուստրերին,
Եվ առավել մեր դուստրերին։
Բայց ծիծաղից վատթարը կա՝
Հանդիպում ես յոթն աղջկա՝
Յոթից մեկն է Վարդ կամ Նարգիզ,
Մյուսները՝ Լուիզ, Լարիս,
Եվ դեռ՝ Էլլա կամ Նովելլա,
Մարդ չգիտի խնղդա՞, թե լա.
Մի՞թե չկար, որ չես դրել,
Հայ մի անուն մարդավայել,
Որ կնքել ես՝ Արգենտինա,
Կարծես երկրի քարտեզ Էնա.
Մեկն էլ մի ջուխտ աղջիկ բերել,
Գիտե՞ք անունն ինչ է դրել
Մեծ աղջկան՝ Գալանտերիա,
Իսկ փոքրինը՝ Դիզինտերիա:
Ծիծաղո՞ւմ ես, բայց սպասիր,
Մարդ-ավտոյի մասին լսիր.
Այն, որ ավտո շատ սիրելով
Շևրոլետ էր դրել սիրով՝
Բայց Շևրոլետն օրորոցում
Այս վշտից էր լալիս, կոծում։
Եվ ասում են, երբ մեծացավ,
Անունն ինչ է՝ երբ հասկացավ,
Հենց այս եղավ խոսքն առաջին,
Որ կայծակեց հոր ականջին.
- Ի՛՛նչ Շևրոլետ, ավտո հո չե՞մ,
Լա՞վ է, քեզ ել “Վիլիս” կանչեմ։-
Ծիծաղում ես, բայց ծիծաղն ի՞նչ,
Ուր է հայոց անունը ջինջ,
Հազարից մեկն հազիվ ունի
Անուշ անունն իր հայրենի.
Մի Հասմիկ է, հազար էլլա,
Մի Անահիտ, այնքա՜ն Բելլա,
Մի Արտավազդ, այնքա՜ն Համլետ,
Որ վիճում են մեր անվանց հետ,
Թե՝ եթե բանն այսպես գնա,
Էլ ձեր հայոցն ո՞ւր կմնա…
Այնինչ ամեն հայ դյուցազուն
Փրկեց քո կյանքն ու հայ լեզուն,
Անհայտ հեռվում
Ընկավ կռվում,
Որ դու հիշես, պահես, փրկես,
Մոռացումից անունն իր վես,
Վարդան պահես, պահես Հունան,
Վահրամ պահես, որ իմանան,
Թե ո՛ր երկրի ծաղիկն ես դու.
Տոհմանունն էլ հողն է մարդու։
Երբ հնչում է մի Սանասար՝
Կարծես Սասնա քո սարն հասար,
Մի Այծեմնիկ անունն անգամ
Մայր Անին է հերոսական.
Մի անունն էլ հայ զորք է մի
Մի զինվորն է, էլ ո՞ւր զոհվի։
Ա՛խ, հերիք չէ յաթաղանով
Խաբված՝ գրվես Աղախանով,
Ինչո՞ւ “փոքրիկ” մի յան ջնջես՝
Մի ոզջ ազգի մեծ սիրտ տանջես,-
Գոռ անունն էլ մի բուռ ոսկի՝
Սուրբ մասունքն է մի սուրբ ազգի։
Հայ անունն եմ ես ձեզ ասում՝
Դուք հասկացեք հայոց լեզուն,
Ու թող ծաղկի կյանք ու գինով՝
Ամեն մի ազգ՝ իր անունով։
Թող չխանդի Դեզդեմոնան,
Երբ դուստրերս Նազիկ մնան,
Ինքն էլ մնա
Դեզդեմոնա,
Խաղաղ մնա, մնա մեզ քույր,
Որ անվամբ էլ ծաղկենք մաքուր։
Մեր անունն էլ իր միտքն ունի.
Ի՞նչ պակաս է մի Աղավնի,
Անունն ինքն էլ՝ աշխարհի մեջ
Անուշ մի կանչ խաղաղատենչ,
Ո՞վ Է բռնել մեր կոկորդից՝
Որ ձեռ քաշենք Հայկ ու Վարդից,
Հայկ անունն եմ ես ձեզ ասում՝
Դուք հասկացեք հայոց լեզուն,
Ամեն անուն մի բառ Է ճոխ՝
Ավանդավեպ՝ ազգդ պահող.
Մի Վարդան Է երբ մեկն ասում՝
Ավարայրն Է հետդ խոսում,
Բավ Է պոկես՝ ի սեր այլոց՝
Հայ կնիքից անունն հայոց։
Ա՛խ, ի՞նչ ասեմ ես այն հային,
Որ սեր չունի Էլ ազգային,
Որ մայր հողից չի ամաչում,
Իր հայ որդուն Ջոն Է կանչում։
Ա՛յս Է ցավը, ով մտակույր,
Պահիր անունդ հայրենաթուր,
Պահիր ազգդ պատվո գահին՝
Անունով Էլ մեր ազգային։
Կամ երբ մի նոր մանչ ես ծնում,
Անունն ինչո՞ւ Հայկ չես դնում,
Անունն անգամ զրահ հագին,
Կամ ի՞նչ վատ Է՝ մի Գարեգին,
Կամ այս Շավարշն հայրենաշեն,
Այս իմ Տիգրանն ու Եղիշեն,
Այս իմ Արան գեղեցկաթով,
Այս իմ Մհերն՝ իր քաջ Դավթով,
Այս իմ Աստղիկն ամենագեղ,
Անունն ինքն Էլ հույսի կանթեղ,
Այս իմ Վահրամ ու Վրթանես,
Քո անուններն ինչո՞ւ վանես,
Այս Սանասարն ու Սլկունին,
Այս իմ Գևորգ Մարզպետունին,
Հայ անունն Էլ կյանք Է հային՝
Հայոց լեզվով աստվածային։
5
Ես մեկն ասի, դուք հիշեցեք
Մեր անուններն հազար ու մեկ,
Հազար բարի գործից ծնված՝
Սերունդներով ոսկեջրված,
Մեզ ավանդված, որ զրահենք,
Մեր հայ ազգը հավերժ պահենք։
Մարդս զանգ Է, աշխարհն ականջ,
Լավ անունը զանգի ղողանջ,
Բայց զանգն առանց զանգահարի,
Թեկուզ ապրի հազար տարի՝
Ոչ մի ղողանջ չի հանելու,
Զանգահարը գործն Է մարդու,
Գործ, որ թեկուզ ուժով բազկի,
Հավերժ փրկե պատիվն ազգի։
Գործ, որ Հայկից մինչև Հունան՝
Տավիղն Է մեր խաղաղության։
Էլ ո՞ւր մեր լույս լեզուն մարել՝
Այս նոր վշտի դեմ խոնարհել.
Ու թող այնտեղ Ջեմման՝ Ջեմմա,
Աստղիկն այստեղ Աստղիկ մնա:
Քանզի ամեն ազգի անուն
Իր տարազն Է, իր մայր լեզուն,
Իր սրբությունն հավերժական.
Եվ օրենքն Է ոզջ մարդկության՝
Իր ազգինը ով չսիրի՝
Թշնամին Է ողջ ազգերի.
Ինչո՞ւ հագնես ձևն ամենի,
Երբ քոնն ունես, ո՛վ քաղքենի,
Երբ իր գույնից,
Իր անունից,
Իր մայր լեզվից ձեռ քաշողը՝
Վերջն Էլ կտա իր մայր հողը…

* * * *

Ես ծնվել եմ ձորերում`
Եղեռնի սև օրերում:

Մայրս կրծքին` օրորել`
Իմ օրոցքն էլ է կորել:

Աչքս բացի` սով տեսա,
Աստված ասաց` "Զոհ է սա":

Դեռ փայտե ձի չհեծած`
Բախտի ձիուց ընկա ցած:

Որբ մնացի ու անուս,
Ես դեռ մանկուց ընկա դուրս:

Վշտի վիհից, գահեր վես,
Հրաշք է, որ հասա քեզ:

Քիչ էր մնում` եղեռնի
Թաթն իմ կոկորդն էլ բռնի:

Բյուրերին է նա հորել`
Ինչպե՞ս է, որ չեմ կորել:

Չեմ պղտորվել, վշտից մեծ
Սոխակս օձի չփոխվեց:

Հոգիս` արցունք ու ոսկի`
Խտացվածքն եմ իմ ազգի:

Այժմ ազգին իմ անչար
Պարտք են Աստված ու աշխարհ:

Հատուցումը եղեռնի`
Երբ էլ լինի` կհառնի:

Իրար գրկեն պիտի ողջ
Այս ազգերն էլ մահագոչ:

Աշխարհ, դու ինձ մի նայիր,
Իմ ողջ ազգին փայփայիր:

Վախենում եմ, թե նրան
Դու պարտք մնաս... հավիտյան:

* * * *

ի հարցնի կա թե չկա,
Այս առեղծվածն ինչպես մեկնել,
Ո՞վ է երկնել արևն հսկա,
Ողջ տիեզերքն ո՞վ է երկնել:
Օ՜, մի ասեք աստված չկա`
Չկան չեմ էլ ուզում կրկնել...
ՉԵՄ ԷԼ ՈՒԶՈՒՄ ԼՍԵԼ ՉԿԱՆ
ԻՄ ԾՈՎ ԽԻՂՃՆ Է ԱՍՏԾՈ ՎԿԱՆ:

* * * *

Երբ կմեռնեմ ՝սիրտս հանեք,
Բաժանեցեք յոթ մասի,
Ու յոթ մասը՝ տարեք թաղեք
Յոթ կողմերում Մասիսի...

* * * *

Երազիս մեջ դուռը զարկին
- Ո՞վ է ասի ներսից ես,
Դրսից ինչ որ պառաւ մի կին
Ասաց «Մատաղ լինեմ քեզ»...

Մի կտոր հաց ողորմացիր,
Աղքատ կին եմ, որբ, անտեր,
Ու ես իսկույն դուռը բացի՝
Հրաշք... մեռած մայրիկս էր:

Սարսափեցի, բայց գիրկն ընկա,
Մայրս ասաց, «ես եմ, ես,
Քեզ փորձելու համար եկա,
Հո չի՜ փոխել կյանքը քեզ:

Մուրացկանի տեսքով եկա,
Որ աշխարհն էլ իմանա՝
Տե՜ղն է խիղճդ, խիղճդ որդիս,
Թէ՞ մեռել է ինձ հետ նա...»

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 23812
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=133554793479734583_shiraz14.jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=133554793487674298_shiraz13.jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=133554793469546157_shiraz12.jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=133554793412350462_shiraz11.jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=133554793456630419_Shiraz001.JPG

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=133554793415762403_Shiraz_statue.jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=133554793497367411_shiraz.jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=13355479344008317_Shiraz(1).jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=133554793485686450_Hovhannes_SHIRAZ_film_GYUMRI_rejisor_Levon_Mkrtchyan.jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=133554793445817794_Hovhannes_Shiraz_and_Levon_Mkrtchyan.jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=133554793457139421_Hovhannes_Shiraz.jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=133554793486292234_HovhannesShiraz1.jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=133554793479068052_Hovhannesshirazbanastexcutyunner.jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=133554793492034208_Film_,,Hovhannes_Shiraz,,_Director_Levon_Mkrtchyan.jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=133554793463297949_big_b262c8dbd884da28220cf9cd68491ee7.jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=133554793488674572_1309951463_chiraz-hovhannes-mere.jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=136699303323494388_x_fca4690c.jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=136699303431248080_x_6b54451c.jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=136699303460413067_z_a79b11db.jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=136699303411648009_XeVB6-b2Im8.jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=136699303486145686_P-Z5kEk8Di4.jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=136699303414258175_Ox-kZNaoij4_001.jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=136699303474777664_Hovhannes_Shiraz.jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=136699303445133781_Gla0wZamJvI.jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=136699303472883919_AvfIvSBu4cw.jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=136699303490675467_bwKEQsQ-ecg.jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

    /image/?type=album&prefix=album&img_id=136699303481787829_q4e2j450msk.jpg

    Բանաստեղծ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Տեսադարան
Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott