Արթուր Սարգսյան Ռոբերտի - ՀԱՑ ԲԵՐՈՂ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Արվեստի գործիչ, Զինվորական գործիչ, Հանրային գործիչ
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` hy.wikipedia.org

Ծնվ․, 9, օգոստոսի 1968
Մահ․ 16, մարտի 2017, ք․ Երևան։

Ժողովրդական վարպետ,
փայտի գեղարվեստական փորագրող,
Արցախյան ազատամարտի մասնակից։

Հայտնի Հաց բերող անունով, որը իր կյանքը վտանգելով սնունդ է հասցրել Էրեբունու ոստիկանական զորամասը գրաված «Սասնա Ծռերի» անդամներին։

Սովորել է Երևանի Ֆիզմաթ դպրոցում։
1992 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժինը։ Զուգահեռաբար սովորել է նույն ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի բժշկական կիբեռնետիկայի բաժնում, որն ավարտել է 1989 թվականին:
2002 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի ֆինանսաբանկային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը,
2007 թվականին՝ նույն համալսարանի "Ֆինանսներ և վարկ" բաժինը:

Մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Հրազենային վիրավորում է ստացել դիրքեր հաց տանելու ժամանակ։

Զբաղվել է փայտի փորագրությամբ։
1996-2016 թվականներին իր ստեղծած աշխատանքները վաճառել է Վերնիսաժում։

Ա.Սարգսյանը, որպես առաքելական եկեղեցու սարկավագ, ծառայել է Երևանի Քանաքեռի համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցում։

ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 2016թ-ի "ՀՈՒԼԻՍՅԱՆ ԱՊՍԱՄԲՈՒԹՅԱՆ"-ը

2016թ. հուլիսի 26-ին առավոտյան 07։00-ի սահմաններում Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել է Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ է հասցրել այն գրաված և արդեն 10 օր այնտեղ գտնվող «Սասնա Ծռերին»։ Նույն օրը «Հիմնադիր խորհրդարանը» տարածեց «Սասնա Ծռերի» հայտարարությունը․ «Ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար, Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»։
2016 թ. հուլիսի 31-ին «Սասնա Ծռերի» կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը)։
Օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը, և նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ։
2016 թ. դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանը ազատվեց կալանքից:
2017 թ. փետրվարի 9-ին կրկին ձերբակալվեց` փետրվարի 3-ին քննչական մարմին չներկայանալու մեղադրանքով, մինչդեռ նա ներկայացել էր քննչական մարմին փետրվարի 6-ին:
Երկրորդ ձերբակալության առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ և, նրա փաստաբանների կարծիքով, պատճառ դարձավ մահվան։
Արթուր Սարգսյանի երկրորդ ձերբակալությունից հետո Երևանում տեղի ունեցան նրա ազատության պահանջով բողոքի մի շարք ցույցեր և երթեր․
Փետրվարի 10, 2017 - Բողոքի ցույց ՀՀ հատուկ քննչական ծառայության շենքի մոտ։
Փետրվարի 20, 2017 - Բողոքի ցույց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ ։
Փետրվարի 18, 2017 - Երթ Ազատության հրապարակից դեպի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։
Փետրվարի 27, 2017 - Երթ Ազատության հրապարակից։
Փետրվարի 27-ից մարտի 6-ը Ազատության հրապարակում նստացույց էին անում երիտասարդների խումբը։
Փետրվարի 28, 2017 - ՀՀ գլխավոր դատախազությունը ստացավ Ազգային ժողովի պատգամավորների ստորագրություններով անձնական երաշխավորագիր՝ Հաց բերող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Մարտի 6, 2017 - ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց:
2017 թվականի մարտի 15-ին ժամը 18:50-ին Արթուր Սարգսյանը օղակված ճողվածքի կապակցությամբ տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիշերը կատարվել էր անհետաձգելի վիրահատություն: Նրա մոտ առկա էր աղիքային անանցանելիություն և տարածուն պերիտոնիտ։ Ըստ բժշկական հաստատության տարածած հաղորդագրության՝ կատարվել էր ռադիկալ վիրահատություն` ճողվածքահատում, ճողվածքի պլաստիկա, որովայնի խոռոչի սանացիա և աղիների շինավորում։ Վաղ հետվիրահատական շրջանում Արթուրի մոտ զարգացել էր սուր սրտանոթային և թոքային անբավարարություն, միացվել էր արհեստական շնչառության սարք։
Վերը նշված հիվանդությունների մեծ մասը զարգացել կամ ձեռք էին բերվել անազատության մեջ գտնվելու ժամանակ՝ Հաց Բերող Արթուր Սարգսյանի ավելի քան 25 օր տևած հացադուլի ընթացքում, որը վերջինս իրականացնում էր ի նշան ՀՀ դատախազության կողմից իրեն առաջադրված մեղադրանքների: Ըստ տարածված պաշտոնական տեղեկատվության՝ Արթուր Սարգսյանը հետվիրահատական բարդության հետևանքով 2017 թվականի մարտի 16-ին ժամը 15:40-ին՝ ազատության մեջ հատնվելու 10-րդ օրը, մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում։
Արթուր Սարգսյանի մահվանից անմիջապես հետո հասարակական, քաղաքական տարբեր շրջանակների կողմից որպես մահվան մեղավոր նշվել է ՀՀ գործող Հանրապետական իշխանությունները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Հաց Բերողի մահվան լուրը հրապարակվելուց հետո բազմաթիվ քաղաքացիներ հավաքվեցին Երևանի Ազատության հրապարակում, Բաղրամյան պողոտայի 26 հասցեում գտնվող ՀՀ նախագահի նստավայրի և ՀՀ ազգային ժողովի շենքի դիմաց՝ ի նշան Արթուրի հիշատակի և ՀՀ իշխանությունների հանդեպ բողոքի: Ցուցարարները Արթուր Սարգսյանի մահվան համար մեղադրում են գործող իշխանություններին՝ վանկարկելով, որ նրան սպանել են:
Ժողովուրդը ցանկություն էր հայտնել Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում, սակայն վարչախումբը քինախնդրորեն հրաժարվել է և թույլտվություն չի տվել:

Արթուր Սարգսյանի թեկնածությունն «Ավրորա» մրցանակի համար առաջադրելու նպատակով բազմաթիվ քաղաքացիներ դիմումներ են ներկայացնում մրցանակը տրամադրող հանձնաժողովին։ Մրցանակը շնորհվում է նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով՝ հնարավորություն են տալիս մարդկանց գոյատևելու և հասնելու բարեկեցության։ «Ավրորայի» քարտուղարությունը և անկախ դիտորդները հավակնորդների մեծ ցուցակ կներկայացնեն ընտրող հանձնաժողովին, որից հետո ընտրող հանձնաժողովը 2017 թվականին կհայտարարի «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները, իսկ նույն թվականի ապրիլի 24-ին տեղի կունենա «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը:

Արթուր Սարգսյանին և նրա արարքին է նվիրված երգահան Արմեն Մովսիսյանի ու բառերի հեղինակ Խաչիկ Մանուկյանի «Հաց եմ բերել, տղերք» երգը։ «Հաց բերողին» երգ են նվիրել նաև Եղիշե Պետրոսյանը և Լևոն Ղարիբյանը։

Ի պատիվ կյանքը վտանգելով ՀՀ Ոստիկանության Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի տղաներին հաց հասցնող Արթուր Սարգսյանի՝ հասարակական պահանջ-առաջարկ էր ներկայացվել, որպեսզի յուրաքանչյուր օգոստոսի 9-ին (Ա.Սարգսյանի ծննդյան օրը) նշվի որպես հաց բերողի օր։ Տոնի շրջանակներում առաջարկվում է այդ օրը սնունդ նվիրել դրա կարիքը ունեցող մարդկանց։

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4585
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • Արթուր Սարգսյան

    /image/?type=album&prefix=album&img_id=149008930426784552_artur_sargsyan_hac_berogh3.jpg

    ՀԱՑ ԲԵՐՈՂ

    Արթուր Սարգսյան
  • Արթուր Սարգսյան

    /image/?type=album&prefix=album&img_id=14900893042809764_artur_sargsyan_hac_berogh2.jpg

    ՀԱՑ ԲԵՐՈՂ

    Արթուր Սարգսյան
  • Արթուր Սարգսյան

    /image/?type=album&prefix=album&img_id=149008930412455213_artur_sargsyan_hac_berogh1.jpg

    ՀԱՑ ԲԵՐՈՂ

    Արթուր Սարգսյան
  • Արթուր Սարգսյան

    /image/?type=album&prefix=album&img_id=149008934948631866_artur-sargsyan-hac-berogh.png

    ՀԱՑ ԲԵՐՈՂ

    Արթուր Սարգսյան

Տեսադարան
Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott