ԱՐՄԵՆ ԹԱԽՏԱՋՅԱՆ ԼԵՎՈՆԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գիտնական
Բնակավայրը` Ռուսաստանի Դաշնություն

Ծնվ. 10.06.1910թ., Շուշի, ԼՂՀ:
Մահ. 13.11.2009թ. Մոսկվա, ՌԴ:

Դպրոցն ավարտել է Թիֆլիսում 1928թ, որից հետո տեղափոխվել է Լենինգրադ, եղել տեղի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ազատ ունկնդիր, լսել հայտնի գիտնական Վլադիմիր Կոմարովի դասախոսությունները բույսերի մորֆոլոգիայի մասին:

1931-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը:

Ապա ընդունվել է Թիֆլիսի մերձարեւադարձային կուլտուրաների համամիութենական ինստիտուտ:

«Բուսաբանություն» առարկան կարդում էր հայտնի գիտնական Դմիտրի Սոսնովսկին, որը հետագայում իր ուսանող Թախտաջյանի գիտական գործունեության տարիների մասին կասի. «Հայկական գիտության Պերիկլեսյան դարաշրջան»:

Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Սուխումի բուսաբանության ինստիտուտում:

Այնուհետեւ վերադարձել է Երեւան եւ որպես գիտաշխատող աշխատանքի է անցել բնապատմական թանգարանում: Այստեղ նա զբաղվում էր բույսեր հավաքելով` հերբարիում պատրաստելու համար. «Ես ու իմ իշուկը եղանք Հայաստանի բոլոր անկյուններում: Ես հերբարիումի համար բույսեր էի հավաքում, իսկ իմ իշուկը իր վրա տանում էր հերբարիումի ցանցերը», հետագայում կասի նա:

1935-ից որպես ավագ գիտաշխատող աշխատում էր ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի կենսաբանության ինստիտուտի հայկական մասնաճյուղում: Նույն թվականին ծանոթացավ հռչակավոր գենետիկ Նիկոլայ Վավիլովի հետ` մասնակցելով գիտական արշավի:

1938-ին պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ 1943-ին` դոկտորական ատենախոսություն:

Մեծարժեք են այդ տարիներին նրա գրած «Հայաստանի բուսաբանա-աշխարհագրական ակնարկ» (1941), «Հայաստանի բուսականության զարգացման պատմության շուրջ» (1946) մենագրություններն ու այլ աշխատությունները:

Ինձ համար տարօրինակ ու անընդունելի էր Հայաստանում նրա նկատմամբ տիրող լռությունը կամ, այսպես ասած, մեծարանքի բացակայությունը: Սակայն զարմանքս փոխվեց ցավի եւ խոր հիասթափության, երբ պարզվեց հայկական մթնոլորտին հատուկ «բարյացակամությունը» գործընկերոջ նկատմամբ. Թախտաջյան-գիտնականի համեստ վաստակը քառասունականների վայ-գիտնականների համար վերածվել էր խոչընդոտի: Նրան վերագրել եւ ներկայացրել են ամենատարբեր մեղադրականներ, ինչպես` «վեյսմանիզմ», «մենդելիզմ», ու հեռացրել իր ջանքերով ստեղծած Բուսաբանության ինստիտուտի տնօրենի ու Աշխարհագրական ընկերության նախագահի պաշտոններից: Թախտաջյանը հարկադրված էր հեռանալ Հայաստանից: 1949-ին նա տեղափոխվել է Լենինգրադ: Տեղի համալսարանում զբաղեցնելով տարբեր հեղինակավոր պաշտոններ` նա շարունակում էր իր բեղմնավոր գործունեությունը: Անվանի դարձած գիտնականն իր մեծության կշիռն ավելացնում էր հանճարեղ մշակումների, հետազոտությունների, մտահանգումների միջոցով:

Շատ կարեւոր էր 1971-ը, երբ նա «Դմիտրի Մենդելեեւ» նավով մասնակցեց ծովային արշավի: Արշավի ժամանակ Ֆիջի, Սամոա, Նոր Գվինեա, Նոր Կալեդոնիա, Նոր Զելանդիա կղզիներում ու Ավստրալիայում հասցրեց հավաքել բուսաբանական հարուստ նյութեր: Նրան հաջողվեց լինել Լորդ-Հաու կղզում, որի ամբողջ բուսականությունը ռելիկտային է, իսկ էնդեմիկների տոկոսը` չափազանց բարձր: Հրատարակվեց «Երկրագնդի ֆլորիստիկ շրջանները» մեծարժեք գիրքը, որի համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:

Ուղիղ 140 տարի առաջ մեկ ուրիշ հանճար՝ Չարլզ Դարվինը «Բիգլ» նավով կատարեց իր պատմական ու ամբողջ կենսաբանական գիտության համար շրջադարձային ճամփորդությունը. ծնվեց էվոլյուցիոն տեսությունը:

Արմեն Թախտաջյանը ակտիվ մասնակցություն ունեցավ «Բույսերի կյանքը» բազմահատորյակի հրատարակությանը, որի ծածկասերմ բույսերին վերաբերող հինգերորդ հատորը երկու գրքով իր խմբագրությամբ է: Իր խմբագրությամբ ու մասնակցությամբ հրատարակվել է տասը հատորանոց գիրքը` «Հայաստանի ֆլորան»:

1975-ից բույսերի տաքսոնոմիայի Միջազգային ասոցիացիայի նախագահն էր,

1976-ից մինչեւ 1986-ը` ԽՍՀՄ ԳԱԱ բուսաբանական ինստիտուտի տնօրենը:

1990-ին նա արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման:

2000 թվականին Արմեն Թախտաջյանը Հայաստանում արժանացել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի:

ԽՍՀՄ ԳԱ եւ Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս է:

Ա. Թախտաջյանի մշակած բարձրակարգ ու ծածկասերմ բույսերի սիստեմատիկան ամենաառաջադեմն ու ժամանակակիցն է համարվում:

Նրա հիմնական աշխատությունները վերաբերում են բարձրակարգ բույսերի էվոլյուցիոն մորֆոլոգիային, ֆիլոգենիային, պալեոբուսաբանությանը, ֆիտոաշխարհագրությանը, ծածկասերմ բույսերի ծագմանն ու բույսերի սիստեմատիկային: Բույսերի սիստեմատիկան, բուսական աշխարհի էվոլյուցիոն զարգացման ուղիներն ի հայտ բերելու խնդիր ունենալով, Արմեն Թախտաջյանի բնորոշմամբ, «կենսաբանության հիմքն ու պսակն է»: Նա առաջարկել է օրգանական աշխարհի սիստեմի տարբերակը: Ստեղծել է բույսերի սիստեմատիկների ու մորֆոլոգների գիտական դպրոցը:

Ա. Թախտաջյանը` ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Նորվեգիայի գիտությունների ակադեմիաների, Ամերիկյան, Բուլղարիայի, Լեհաստանի, Էդինբուրգյան բուսաբանական ընկերությունների, Հնդկաստանի Պալեոբուսաբանական ընկերության, Լոնդոնի Լիննեյյան ընկերության անդամ էր:

Արժանացել է The Henry Allan Gleason Award մրցանակի` բույսերի սիստեմատիկայի, էկոլոգիայի ու ֆիտոաշխարհագրության ոլորտում Diversity and classification of flowering plants գրքի համար, որպես դարի հրատարակություն (Նյու Յորք, 1997): Արժանացել է Ալլերտոնի (1990) եւ Հենրի Շոույի (1997) անվան մրցանակների:

Ակադեմիկոս Արմեն Թախտաջյանը 20-րդ դարի երեւելի կենսաբան էր: Եվ մենք՝ հայերս պարտավոր ենք հպարտանալ մեծանուն գիտնականով:

Հետազոտությունների բնագավառը`
Բուսաբանություն՝ սիստեմատիկա, էվոլյուցիա, հնաբուսաբանություն, ֆլորիստիկա, մորֆոլոգիա, բուսաբանական աշխարհագրություն, կարիոլոգիա, պալինոլոգիա, կենսասիստեմատիկա, սաղմնաբանություն

Անդամակցություն այլ ակադեմիաներին և գիտական ընկերություններին`
ՌԴ ԳԱ, ԱՄՆ ԳԱ, Լոնդոնի Լինևյան ընկերության, Գերմանիայի Լեոպոլդինի անվ. բնագետների, Լեհաստանի և Նորվեգիայի ակադեմիաների իսկական անդամ

Պարգևներ (գիտական, պետական)`
ԽՍՀՄ պետ. մրցանակի դափնեկիր: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության շքանշաններով, «Անձնվեր աշխատանքի համար» (2) և ՀՀ ԳԱԱ «Ոսկե» մեդալներով: Սոցիալիստական աշխատանքի հերոս, Վ.Կոմարովի և Ռ. Ալերտոնի անվ. մրցանակների դափնեկիր

Պաշտոնը`
ՌԴ ԳԱ Վ. Կոմարովի անվ. բուսաբանության ին-տի բարձրակարգ բույսերի բաժնի վարիչ (1963), տնօրենի խորհրդատու (1986-ից)

Կրթություն, գիտական կոչում, աստիճան`
Ավարտել է Թբիլիսիի մերձարևադարձային կուլտուրաների համամիութենական ին-տը (1932):
Կ.գ.դ. (1943), պրոֆ. (1944), ակադ. (1971, թղթ. անդ.՝ 1943)

ԵՊՀ-ի բույսերի մորֆոլոգիայի և սիստեմատիկայի ամբիոնի վարիչ (1938-48),
ՀՀ ԳԱԱ բուսաբանության ին-տի տնօրեն (1944),
Սանկտ-Պետերբուրգի համալսարանի պրոֆ. (1949-61),
կենսաբանահողային ֆակ.-ի դեկան (1951-54),
ՌԴ ԳԱ Վ. Կոմարովի անվ. բուսաբանության ին-տի տնօրեն (1977-86):
Գիտության վաստակավոր գործիչ (1967)

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 6599
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԱՐՄԵՆ ԹԱԽՏԱՋՅԱՆ ԼԵՎՈՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133355468410257503_takhtadzhyan_1_300.jpg

    Կ.գ.դ. (1943), պրոֆ. (1944), ակադ. (1971, թղթ. անդ.՝ 1943)

    ԱՐՄԵՆ ԹԱԽՏԱՋՅԱՆ ԼԵՎՈՆԻ
  • ԱՐՄԵՆ ԹԱԽՏԱՋՅԱՆ ԼԵՎՈՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133355468454728951_tahtadzjan.jpg

    Կ.գ.դ. (1943), պրոֆ. (1944), ակադ. (1971, թղթ. անդ.՝ 1943)

    ԱՐՄԵՆ ԹԱԽՏԱՋՅԱՆ ԼԵՎՈՆԻ
  • ԱՐՄԵՆ ԹԱԽՏԱՋՅԱՆ ԼԵՎՈՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133355468424498459_armen.jpg

    Կ.գ.դ. (1943), պրոֆ. (1944), ակադ. (1971, թղթ. անդ.՝ 1943)

    ԱՐՄԵՆ ԹԱԽՏԱՋՅԱՆ ԼԵՎՈՆԻ
  • ԱՐՄԵՆ ԹԱԽՏԱՋՅԱՆ ԼԵՎՈՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133355468575452318_0405_jpg.jpg

    Կ.գ.դ. (1943), պրոֆ. (1944), ակադ. (1971, թղթ. անդ.՝ 1943)

    ԱՐՄԵՆ ԹԱԽՏԱՋՅԱՆ ԼԵՎՈՆԻ
  • ԱՐՄԵՆ ԹԱԽՏԱՋՅԱՆ ԼԵՎՈՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133363082416080050_TakhtajanBook.jpg

    Diversity and classification of flowering plants

    ԱՐՄԵՆ ԹԱԽՏԱՋՅԱՆ ԼԵՎՈՆԻ

© "5165m" studio
top
top
font
color
bott