ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻ
Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, 
դիվանագետ: 
Ծնվ. 1659թ.
Մահ. 1711թ., Աստրախան:
Հայաստանի ազատագրության խնդրով 1677-ին Հակոբ Դ Ջուղայեցու նախաձեռնությամբ Ս. Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսարյելի հետ 1679-ի դեկտեմբերին մեկնել է Կ. Պոլիս: 
Առաքելության ձախողումից հետո, 1680-ի վերջին, մեկնել է Վենետիկ, 1683-ին՝ Փարիզ, անցել զինվորական   ծառայության (հետևազորի լեյտենանտ, հեծելազորի կապիտան), 
1688-95- ին մասնակցել անգլո-ֆրանսիական պատերազմին: 
1695-ին գերի է ընկել անգլիացիներին, ազատվելուց հետո Հռենոսյան Պֆալցում եղել Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար: 
1698-ին կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին ներշնչել է Հայաստանը նվաճելու և Օսմանյան կայսրության (որի դեմ մղվող պատերազմին մասնակցում էր նաև Պֆալցը) թիկունքում անկախ Հայաստան և Վրաստան ստեղծելու միտքը: 
Հովհան Վիլհելմը ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գիորգի Xl-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական պայմանների մասին: 
ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻն ապարդյուն ջանացել է ձեռք բերել ավստրիական կայսր Լեոպոլդ I-ի աջակցությունը, այնուհետև ստանալով Տոսկանիայի դուքս Կոզմաս Ill-ի համաձայնությունը՝ 1699թ-ին ուղևորվել է Հայաստան: 
ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻուն հաջողվել է Անգեղակոթ գյուղում (Սիսիանի գավառ) Սյունիքի 11 մելիքների մասնակցությամբ խորհրդաժողով գումարել (1699-ի ապրիլ): Նա ժողովի կազմած համապատասխան գրություններով (ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, Ավստրիայի կայսրին, Տոսկանիայի դքսին, Պետրոս Մեծին) և մաքուր կնքված թղթերով Մինաս վրդ. Տիգրանյանցի հետ 1699թ-ի սեպտեմբերին մեկնել է Դյուսելդորֆ: 
Դեգերելով Եվրոպայում, արևմուտքից հուսախաբ՝ ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻն Հայաստանի ազատագրության ծրագրերը կապել է Ռուսաստանի հետ: 
Հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակով նա առաջադրել է Ռուսաստանի և Հռոմեկան սրբազան կայսրության հակաթուրքական դաշինքի գաղափարը, սերտ կապեր հաստատել նաև Մոսկվայում ապաստանած Իմերեթի թագավոր Արչիլ ll-ի, հետագայում՝ այսրկովկասյան այլ գործիչների հետ: 
Ծրագիրը ռուսական կառավարությանը ներկայացվել է 1701թ-ի հուլիսի 25-ին, իսկ հոկտեմբերին Պետրոս Մեծն ընդունել է ԻՍՐԱՅԵԼ ՕՐուն և Մինաս վարդապետին: 
1702-ի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն շվեդիայի պատերազմից հետո: 
1703-ին ԻՍՐԱՅԵԼ ՕՐու նախաձեռնությամբ կազմվել և ռուսաստանի կառավարությանն է ներկայացվել Հայաստանի քարտեզը: 
Իրանի ներքին կացության վերաբերյալ տեղեկություններ հավաքելու և հայ-վրացական ապստամբ ուժերը համախմբելու նպատակով ռուսական արքունիքը հավանություն է տվել ԻՍՐԱՅԵԼ ՕՐու հղացած պարսկական առաքելությանը: 
ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻն 1704թ-ին մեկնել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին Պարսից շահին ուղղված նամակ և, 1706թ-ին Ռուսաստանում նույնանման Գ. Ա. Իսրայեչյան նամակ ու գնդապետի կոչում ստանալով 
Պետրոս Մեծից, որպես առաքելության ղեկավար, 
1708-ի սկզբին ժամանել է Պարսկաստան: 
Այնտեղ գործող եվրոպական, հատկապես ֆրանսիական միսիոներները ջանացել են խանգարել ԻՍՐԱՅԵԼ ՕՐուն՝ շահ Հուսեինին ներշնչելով, որ նրա նպատակը հայկական պետականության վերականգնումն է: 
ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻն 1709թ-ին տեսակցել է շահի հետ, այնուհետև վերադարձել Այսրկովկաս. ձգտել է Աղեքսանդր Ա Ջուղայեցու, Եսայի Հասան-Ջալալյանի, հայ մելիքների և այլ գործիչների օգնությամբ կազմավորել ազատագրական միասնական ճակատ, ստեղծել հայկական ընդհանուր զորաբանակ: 
ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻն Եսայի Հասան-Ջալալյանի հետ 1711թ-ին վերադարձել է Աստրախան. հանկարծամահ է եղել անհայտ հանգամանքներում: 
Գրակ. 
Հովհաննիսյան Ա.Գ., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, հ. 2, Ե., 1953: Քյուրտյան Հ., Իսրայել Օրի, Վնտ., 1960: 
Эзов Г.А., Сношения Петра Великого с армянским народом, С —Пб, 1898; 
Армяно-русские отношения в первой трети XVIII в., ч. 1 —2, Е., 1964 — 67.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
	
	
 





				  
	
		
		
		
		
		
           	 	 
           	 	 
           	 
 Arian AMU