ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Փիլիսոփա
Բնակավայրը` Հայաստան

Ծնվ 940-ական թթ. 2-րդ կես, հավանաբար գ. Նարեկ (Ռշտունյաց գավառ):
Մահ. 1003թ.:

Բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ, մանկավարժ:

Խոսրով Անձևացու որդին:

Դաստիարակվել ու կրթություն է ստացել Նարեկավանքի դպրոցում, Անանիա Նարեկացու հսկողությամբ, որ մոր հորեղբայրն էր:

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑու գործունեությունը կապվում է նույն վանքի հետ, որտեղ վարդապետ է եղել մինչև իր կյանքի վերջը:

Մենաստանի տարածքում նրա հիշատակին կանգնեցվել է մատուռ, որի մեջ ամփոփվել է նրա աճյունը:

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑուց մեզ է հասել «Մեկնութիւն երգոց երգւոյն Սողոմոնի» երկը (գրված 977-ին), «Ապրանից Ս. Խաչի պատմությունը» (980-ական թթ.), մի քանի ներբողներ, շուրջ 36 բանաստեղծություն, «Մատեան ողբերգութեան» (1001-1003) պոեմը և դավանաբանական մի թուղթ, որն ուղղված է Մոկաց Կճավավանքի վանահորը և արժեքավոր աղբյուր է Թոնդրակյան շարժման մասին:

Նրան է վերագրվում նաև Հոբի գրքի մի հատվածի մեկնությունը («Ո՞վ է դա...», անտիպ):

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑու տաղերում («Մեղեդի ծննդեան», «Տաղ վարդավառի», «Տաղ քաղցրիկ», «Տաղ ազնիւ ») աշխարհիկ ընկալմամբ պատկերել է իրական կնոջ գեղեցկությունը, երկրային հմայքները, փառաբանել բնությունը:

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑու բանաստեղծական հանճարն ամենակատարյալ արտահայտությունն է գտել «Մատեան ողբերգության» քնարական, փիլիսոփայական պոեմում, որը հայտնի է «Նարեկ» անունով: Մեծածավալ երկը (95 գլուխ, ավելի քան 10000 տող) չունի պատմողական սյուժեի տարրեր, բայց ունի սկիզբ և ավարտ, ներքին զարգացման կուռ միասնություն ու ամբողջականություն: Գործողությունը զարգանում է կյանքի ու մահվան, անկման ու փրկության, հուսալքության և ինքնահուսադրման իրարամերժ գաղափարների ու ապրումների բախումով: Բախման կենտրոնում բանաստեղծն է, որը սեփական մեղքերը քավելով և ինքնակատարելագործման ճանապարհով ձգտում է հասնել ու միանալ աստվածային էությանը: Պոեմում ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑին չի ձգտում ոչ բանականությամբ, ոչ զգացողությամբ և ոչ էլ կրոնական դավանաբանության հեղինակությամբ ապացուցել Աստծու գոյությունը, ճանաչել նրա էությունը: Նրա համար Աստված անառարկելի ճշմարտություն է, և նա չի պահանջում ոչ մի ապացույց:

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑին խոսում է մարդ անհատի մասին և խորությամբ պատկերում նրա ներաշխարհը: Անհատն իր ամեն կարգի մարդկային մեղքերի «մեղավոր աշխարհով» հույս ունի և հավատում է Աստծուց սպասվող փրկությանը:
Պոեմը հորինված է յամբ-անասպեստյաև ազատ տաղաչափությամբ և հանգի մասնակի օգտագործումով: Ինչպես «Մատեան ողբերգութեան» պոեմում, այնպես էլ տաղերում

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑին օգտվել է հայ բանահյուսությունից, բանահյուսական տաղաչափական ձևերից ու ընդհանրապես ժողովրդական խոսքի տարրերից, իսկ բազմազան նմանաձայնությունների (բաղաձայնույթ, առձայնույթ) միջոցով հասել է երաժշտականության:

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑու գեղարվեստական մտածողությունը բնութագրվում է որպես բանական-զգացմունքային և իր մեջ միավորում է ծավալայնությունն ու արտահայտչական ոճը: Այդ մտածողությունն իր ազդեցությունն է թողել հետագա շրջանի, հատկապես XII-XIII դդ. (Ներսես Շնորհալի, Ֆրիկ, Կոստանդին Երզնկացի), ինչպես և XX դ. 1-ին կեսի (Մ. Մեծարենց, Սիամանթո, Ե. Չարենց) հայ բանաստեղծության վրա:

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑու բարդ և հակասական աշխարհայացքի հիմքում Աստծու՝ որպես բարձրագույն սուբստանցի մասին քրիստոտնեական ուսմունքն է:
Մարդկության պատմությունը նա պատկերել է ըստ Աստվածաշնչի՝ աշխարհի արարումից մինչև վերջին դատաստանը:
Նրա խորհրդապաշտությունը սերտորեն միահյուսված է նորպլատոնականության հետ. տեսանելին իմաստավորվում է անտեսանելիով և ընդհակառակը:

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑին, որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայ միջնադարյան մասնագիտացված երգարվ-ին: Հատկապես իր տաղերի երաժշտական բաղադրիչներում հաղթահարված են շարականների հին ութձայնի դրությանը՝ կապված եղանակների կազմության՝ տվյալ պատմաշրջանի համար արդեն քարացած ձևերը:

Ընդհանրապես նախատեսված չլինելով պարտադիր-կիրառական նպատակների համար՝ տաղերն ազատ են մնացել եկեղեցական կանոնական մտածողությունից ու ավելի անկաշկանդ (քան, օրինակ՝ շարականները) հարստացել են ժողովրդական-գուսանական արվեստից եկող կենսունակ տարրերով:

Երկեր.
Գիրք աղօթից սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ արարեալ, ԿՊ, 1700:
Սրբոյ հորն մերոյ Գրիգորի Նարեկայ վանից վանականի մատենագրութիւնք, Վնտ., 1840: Մատյան ողբերգության (գրաբարից թրգմ.՝ Վ. ԳԼտրգյան), Ե., 1970:
Տաղեր և գանձեր (աշխատասիրի Ա. Քյոշկերյանի), Ե., 1981:
Մատեան ողբերգութեան (աշխատասիր.՝ Պ. Խաչատրյանի, Ա. Ղազինյանի), Ե. 1985:

Գրակ.
Ավետիքյան Գ., Նարեկ աղօթից համառօտ եւ զգուշաւոր լուծմամբք բացայայտեալ..., Վնտ., 1827: Մկրյան Մ., Գրիգոր Նարեկացի, Ե., 1955:
Աբեղյան Մ., Երկ., հ. 3, Ե., 1968:
Չոպանյան Ա., Գրիգոր Նարեկացի, Երկ., Ե., 1968:
Թահմիզյան Ն., Գրիգոր Նարեկացին և հայ երաժշտությունը V-XV դդ., Ե., 1985:
Դավթյան Հ., Լալայան է., Գրիգոր Նարեկացու աշխարհայացքը, Ե., 1986:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 7276
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott