grigor.brutyan
Logo

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆԻ «ՏԱԶԻՏ» ՔԵՐԹՈՒԱԾԸ ԵՒ ԴՐԱ ՄԷՋ ՀԱՅԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՏՈՒԱԾԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹԻՒՆԸ

Article image Գաղտնիք չէ, որ ճշմարտութեան հետ կողք-կողքի սուտն ու կեղծիքը եւս երկար կեանք ունեն: Եւ դրանց երկարակեցութեանը, յաճախ, նպաստում են առաջին հայեացքից անմեղ ու աննշան թուացող թիւրիմացութիւնները: Սրա լաւագոյն մի օրինակ է ստորեւ ներկայացուող զրպարտութիւնը ռուս մեծագոյն բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի հասցէին:

Շատ վաղուց շրջանառութեան մէջ է այս հսկայ բանաստեղծի անուանը յանիրաւի կապուած մի հին ու տարածուած թիւրիմացութիւն: Իբր թէ Ալ. Պուշկինը եղել է հայատեաց եւ նոյնիսկ իր գրական երկերում անարգական խօսքեր է գրել Հայերի մասին: Ի «հիմնաւորումն» այս ասուածի, վկայակոչւում են Պուշկինի յայտնի խօսքերը. «Ты трус, ты раб, ты армянин» («Վախկոտ ես, ստրուկ ես, հայ ես դու»): Հակառակ այն բանին, որ ժամանակին մամուլում այս հարցը մանրամասն քննարկուած եւ պատասխանուած է եղել[1], այսօր եւս յաճախ լսելի են Պուշկինի հասցէին արուած այս հին զրպարտութեան մաշուած «փաստարկները»: Ըստ այսմ, հարկ կայ վերստին անդրադառնալու այս չարչրկուած հարցին:

Մի կողմ թողնելով Պուշկինի վերաբերմունքը Հայերին, որ կարող էր իմանալ միայն բանաստեղծն ինքը, այստեղ փորձենք մի փոքր պարզաբանում մտցնել վերոբերեալ տողի եւ դրա բուն իմաստի մասին:

Սկսենք նրանից, որ իրօք, Պուշկինը այսպիսի խօսքեր գրել է: Թիւրիմացութիւնը ոչ թէ այդ խօսքերի հեղինակային պատկանելութեան մէջ է, այլ դրանց իմաստի, դրանց տեղի եւ դրանց իրական բովանդակութեան: Գաղտնիք չէ, որ ամէն բառ, արտայայտութիւն, դարձուածք եւ նոյնիսկ նախադասութիւն իմաստաւորւում է այն խօսքի մէջ, որի մասը դա կազմում է: Շատ կան դէպքեր, երբ հատուածը, կտրուելով ամբողջից, ոչ միայն իմաստազրկւում է, կորցնում է իր բուն իմաստը, այլ նաեւ ստանում է բոլորովին տարբեր (երբեմն՝ նոյնիսկ հակառակ) իմաստ: Ասուածի մի փայլուն օրինակ է աստուածաշնչեան յայտնի պատուիրանը. «... եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան մի՛ւսն էլ դարձրու» (Մտթ., Ե, 39, նաեւ՝ Ղուկ., Զ, 29): Նոյնիսկ այսօր այս պատուիրանը շատերի կողմից մեկնաբանւում է իբր քրիստոնէութեան «վատ կրօն» լինելու «ապացոյց», թէ՝ «Տեսէ՛ք, քրիստոնէութիւնը հայերիս դարձրել է թշնամիների դէմ չմարտնչող, չպայքարող ազգ, եւ այդ պատճառով էլ կորցրել ենք մեր մեծ երկիրը...»: Հասկանալի է, որ քրիստոնէութիւնը երբեք չի պատուիրել թշնամիների դէմ անպաշտպան թողնել սեփական երկիրը, թողնել, որ չարը յաղթի ու ծաւալի իր չարագործութիւնը եւ այլն: Այս անհիմն մեղադրանքները քրիստոնէութեան հասցէին ծնուել են Աւետարանի մի փոքրիկ հատուածը իր բուն շարադրանքից անջատ դիտարկելու եւ բռնազբօս մեկնաբանութիւնների ենթարկելու հետեւանքով: Առանձին հարց է նաեւ, թէ ինչու է այդպէս արուել: Հասկանալի է, որ այդ թիւր մեկնաբանութիւնը ունեցել է եւ այսօր էլ ունի իր շահագրգիռ ջատագովները, որոնց համար բուն ճշմարտութիւնը չիմանալը ձեռնտու արդարացում է նպատակային քարոզչութիւնը առաջ տանելու համար: Չծաւալուեմ այլ օրինակներ բերելով. կարծում եմ ասուածն ինքնին հասկանալի է եւ ընդունելի:

Ահա այս ասուածը յատկապէս վերաբերում է Ալ. Պուշկինի վերոբերեալ տողին, որ պոկուելով իր տեղից, կտրուելով իր մայր շարադրանքից, ոչ միայն կորցրել է իր բուն իմաստը, այլեւ ստացել է ճիշտ հակառակ իմաստ: Որպէսզի ասուածը չհնչի իբր մերկապարանոց յայտարարութիւն, նայենք Պուշկինի այն երկը, որից այդ տողը քաղուած է:

Այս տողը քաղուած է Ալ. Պուշկինի «Տազիտ» անաւարտ պօէմից, որ գրուած է 1829-30 թուականներին[2]: Թէպէտ պօէմը անաւարտ է, այդուհանդերձ դա չի խանգարում խնդրոյ առարկայ տողի իմաստը հասկանալուն: Որպէսզի հնարաւոր լինի ճիշտ հասկանալ յիշեալ տողի իմաստը, նախ համառօտ նայենք, թէ ինչի մասին է այս պօէմը, ինչ անցուդարձ է նկարագրուած այդ պօէմում:

Նկարագրւում են չեչենական մի գիւղում (աուլում) կատարուող դէպքեր: Սպանուած է մի երիտասարդ, եւ նրա թաղման աւարտին հանգուցեալի հօրն է մօտենում օտար աուլից եկած մի ալեհեր ծերունի մի երիտասարդի հետ: Երիտասարդը սպանուածի եղբայրն է. 13 տարի առաջ հայրը իմաստուն ծերունու խնամքին է յանձնել իր այս որդուն (տակաւին մանկահասակ), որ ծերունին կրթի ու դաստիարակի երեխային: Եւ ահա՝ աւագ որդու մահուանից յետոյ ծերունին հօրն է վերադարձնում կրտսեր որդուն՝ իր դաստիարակածին: Նրա անունը Տազիտ է: Հայրը երեք օր հիւրընկալում, պատւում, մեծարում է երախտաւոր ծերունուն: Նկատենք, որ այս պօէմի պահպանուած հեղինակային սեւագիր նշումներում կայ պօէմի նախագծի մի տարբերակ, որում հէնց այս հատուածում նշուած է. Три дня. Черкес христианин Երեք օր: Քրիստոնեայ չերքէզ[3]: Սա նշանակում է, որ ըստ Պուշկինի մտայղացման, Տազիտին դաստիարակած ծերունի չերքէզը քրիստոնեայ է եղել, եւ ըստ այսմ, Տազիտը, որպէս վերջինիս սանը, պիտի դաստիարակուած լինի հէնց քրիստոնէական աշխարհընկալմամբ, քրիստոնէական արժէքներով: Ինչպէս կը տեսնենք յետագայ վերլուծութիւնից, այս եզրակացութիւնը աւելի քան հիմնաւոր է: Ինչ վերաբերում է նրա ծնողներին, վերջիններն անկասկած մահմեդականներ են. այդ է վկայում Տազիտի եղբօր թաղման ծէսին մոլլայի մասնակցութիւնը (թաղման սկզբում հնչում է մոլլայի երգը)[4]: Ցաւօք, պօէմի մեզ հասած մասը բաւարար չէ պարզելու համար, արդեօք Տազիտը դաստիարակուել է որպէս քրիստոնեայ, թէ ծերունու դաստիարակութիւնը նրան թողել է իր հայրերի հաւատին: Ամենայն հաւանականութեամբ Տազիտը եւս մահմեդական է. այդ է վկայում պօէմի նախագծերից մէկը՝ պահպանուած հեղինակի թղթերում, ըստ որի Տազիտը յետագայում հանդիպում է մի քարոզչի եւ, «ըստ երեւոյթին, դառնում է քրիստոնեայ»[5]: Բնականաբար, նախապէս նա պիտի լինէր ոչ քրիստոնեայ, ուրեմն՝ մահմեդական: Միեւնոյն ժամանակ, անկախ տղայի կրօնական պատկանելութիւնից, ինչպէս կը տեսնենք ստորեւ, Տազիտի աշխարհընկալումը, արժէքային համակարգը եւ բարոյականութիւնը միանգամայն քրիստոնէական են:

Հայրը շատ մեծ յոյսեր է կապում հեռւում իմաստուն ծերունու մօտ 13 տարի կրթուած իր նորեկ որդու հետ: Սակայն Տազիտը չի արդարացնում հօր ակնկալիքը: Առաջին հիասթափութիւնը Գասուբ ծերունին ունենում է Տազիտի ընդհանուր վարքից. տղան չի մերւում իր նոր միջավայրին: Նա լուռ է, չշփուող եւ հայրենի աուլում օտարի պէս է իրեն պահում: Երկար միայնակ դեգերում է լեռներում, լռում, խորհում ու երազում: Հայրը մտովի համեմատում է Տազիտին իր կորցրած որդու հետ եւ որոշակիօրէն մնում դժգոհ.

... Но отец
Уже Тазитом недоволен.
“Где ж, - мыслит он, - в нём плод наук,
Отважность, хитрость и проворство,
Лукавый ум и сила рук?
В нём только лень и непокорство.
Иль сына взор мой не проник,
Иль обманул меня старик”.

... սակայն հայրն
Արդէն դժգոհ է Տազիտից:
«Ուր է պտուղը գիտութեան՝
Ժիր, խորամանկ ու անվեհեր
Պահուածքը իր, - խորհում է նա:
Ուր է նենգ միտքն, ուժը բազկի...
Լոկ ծուլութիւն, ըմբոստութիւն կայ նրա մէջ.
Կամ ե՛ս որդուս չեմ հասկանում,
Եւ կամ խաբեց ինձ ծերունին»:

(Այստեղ եւ յետագայում բերուող թարգմանութիւնները իմն են - Գ. Բ.):

Գասուբը սկսում է կասկածել ե՛ւ որդու արժանիքների, ե՛ւ էլ չերքէզ դաստիարակի տուած կրթութեան վրայ: Այստեղ յստակ նշուած են, թէ ինչպիսին է իր որդուն ուզում տեսնել չեչեն ծերունին: Նրա համար իր որդու ցանկալի յատկանիշներն են խիզախութիւն, նենգութիւն, ուժ, արագաշարժութիւն: Իսկ որդու խորհող, մտազբաղ պահուածքը հայրն ընկալում է իբր ծուլութիւն: Այսինքն, մարդկային վարքի որոշ յատկանիշներ նրա համար պարզապէս անընկալելի են: Եւ իր չընկալած յատկանիշները Գասուբը նոյնացնում է մօտիկ կամ համանման դրսեւորում ունեցող այլ՝ բացասական յատկանիշների հետ: Ահա, հէնց այս նոյն մօտեցմամբ էլ նա գնահատում է Տազիտի վարքը պօէմում նկարագրուած երեք սկզբունքային դրուագներում: Ի դէպ, ինչպէս ստորեւ կը տեսնենք, Տազիտի վարքի այսպիսի գնահատականով Գասուբը միայնակ չէ. նոյն մօտեցմամբ է Տազիտի վարքը գնահատում նաեւ նրա սիրած աղջկայ հայրը:

Այլ (քրիստոնէական) միջավայրում դաստիարակուած Տազիտի բարոյական կերպարն ու շրջապատի (իր հօր, ապա նաեւ սիրած աղջկայ հօր) կողմից դրա ընկալումն ու գնահատումը բացայայտւում են երեք սկզբունքային դրուագներով:

Մի օր Տազիտը ձիով հեռանում է գիւղից եւ վերադառ-նում երկու օր բացակայելուց յետոյ: Հայրը, ասես, հարցաքննում է որդուն, պարզում, թէ ուր է նա եղել եւ ինչ է տեսել.

А не видел ли ты грузин
Иль русских?

Сын
Видел я, с товаром
Тифлисский ехал армянин.

Отец
Он был со стражей?

Сын
Нет, один.

Отец
Зачем нечаянным ударом
Не вздумал ты сразить его
И не прыгнул к нему с утёса?-

Իսկ չտեսար դու վրացոց,
Կամ ռուսների:

Որդին
Մի հայ տեսայ թիֆլիզեցի,
Անց էր կենում իր բեռներով:

Հայրը
Պահակներով:

Որդին
Ոչ, միայնակ:

Հայրը
Ինչու զարկով անակնկալ
Դու չուզեցար խոցել նրան,
Ու քարափից չցատկեցիր նրա վրայ:

Հայրը զարմանում է, թէ ինչու իր որդին վրայ չի հասել, չի թալանել անպաշտպան ճամփորդող հային (որ կը համապատասխանէր ըստ իր պատկերացրածի՝ իսկական չեչեն տղամարդու վարքին):

Այստեղ թիւրիմացութեան առիթ չտալու եւ ոեւէ ազգի հասցէին վիրաւորանք արտայայտած չլինելու համար նկատենք, որ խօսքը վերաբերում է մեզնից 180 տարի առաջ չեչեն լեռնականների մասին Պուշկինի ունեցած պատկերացումներին:

Անցնենք առաջ:

Տազիտը դարձեալ երկու օր բացակայում է, եւ հայրը էլի հարցնում է վերադարձած որդուն.

Кого ты встретил?
Сын
На кургане
От нас бежавшего раба.
Отец
О милосердная судьба!
Где ж он? Ужели на аркане
Ты беглеца не притащил? -

Ում տեսար դու:

Որդին
Բլրի վրայ՝
Մեզնից փախած մի ըստրուկի:

Հայրը
Օ՜, բարեգութ ճակատագիր,
Ուր է: Միթէ օղաթոկով՝
Դու փախածին ետ չբերիր:
Տազիտը վերստին դրական պատասխան չունի. ն

Տազիտը վերստին դրական պատասխան չունի. նա միայն գլուխն է խոնարհում: Երրորդ բացակայութիւնից յետոյ հօր եւ որդու խօսակցութիւնը աւարտւում է պայթիւնով.

Отец
Кого ты видел?

Сын
Супостата.

Отец
Кого? Кого?

Сын
Убийцу брата.

Отец
Убийцу сына моего!..
Приди!.. где голова его?
Тазит!.. Мне череп этот нужен
Дай нагляжусь!

Сын
Убийца был
Один, изранен, безоружен...

Отец
Ты долга крови не забыл!...
Врага ты навзнич опрокинул,
Не правда ли? ты шашку вынул,
Ты в горло сталь ему воткнул
И трижды тихо повернул,
Упился ты его стенаньем,
Его змеиным издыханьем...
Где ж голова?.. подай... нет сил...
Но сын молчит, потупя очи.
И стал Гасуб чернее ночи
И сыну грозно возопил:

Հայրը
Ում տեսար դու:

Որդին
Մեր ոսոխին:

Հայրը
Ում, ում:

Որդին
Եղբօրս ըսպանողին:

Հայրը
Ըսպանողի~ն իմ զաւակի...
Մօ՛տ եկ, ... որտեղ է կառափը նրա:
Տազի՛տ, ինձ գանգըն է այդ հարկաւոր,
Տուր ըմբոշխնեմ:

Որդին
Ոսոխն անզէն էր
Ու միայնակ ու վիրաւոր...

Հայրը
Չմոռացա՜ր արեան քո պարտքը...
Ըզգետնեցիր, չէ, ոսոխին,
Փութով սուսերըդ հանեցիր,
Մխրճեցիր պողպատն իր սիրտը
Ու եռակի պըտըտեցիր
Եւ արբեցար իր թառանչով,
Իր օձային հոգեվարքով...
Ուր է կառափը,... տուր... ուժ չունեմ...
Բայց որդին լուռ է՝ գլխիկոր:
Ու սեւակնեց Գասուբը խիստ
Ու որոտաց որդուն ուժգին.

Վրէժխնդրութեան մոլուցքով արբած հայրը հեշտանք է ապրում, պատկերացնելով, թէ ինչպէ՜ս պիտի Տազիտը խողխողած լինի անզէն ու անկարող թշնամուն, ինչպէս պիտի նա արբեցած լինի մեռնող թշնամու տնքոցով եւ, ի ցուցադրումն այդ ամէնի, պահանջում է իրեն տալ ատելի գլուխը: Սակայն Տազիտը լռում է: Պարզ է. նա այդ ամէնը չի արել:

Այստեղ հատնում է որդեկորոյս լեռնականի համբերութիւնը: Իր որդու վարքը ոչ մի կերպ չի տեղաւորւում կեանքի եւ լեռնցի տղամարդու մասին իր պատկերացումների սահմանում: Նրա զայրոյթը, յուսախաբութիւնը եւ վիշտը դուրս են պոռթ-կում, եւ նա վտարում է որդուն՝ երեսին նետելով նրա աններելի թերացումները.

Поди ты прочь - ты мне не сын,
Ты не чеченец - ты старуха,
Ты трус, ты раб, ты армянин!
Будь проклят мной! поди - чтоб слуха
Никто о робком не имел, ...

Գնա՛ անդին, որդիս չես էլ,
Պառա՛ւ ես դու, չեչեն չե՛ս դու,
Վախկո՛տ ես, ստրո՛ւկ ես, հա՛յ ես դու:
Անէծքս քեզ և թող երկչոտի
Մասին էլ ոչ ոք չըլսի, ...

Ահա հէնց այս հատուածում է բազմիցս հոլովուած՝ վերոյիշեալ տողը: Ինչ է ստացւում, երբ նայում ենք այս տողը ոչ թէ առանձին, այլ ամբողջ (թէպէտեւ անաւարտ) պօէմի մէջ:

Տազիտը երեք սխալ, կամ աւելի ճիշտ՝ երեք մեղք է գործել:

Առաջին. նա չի յարձակուել անզէն ու անպաշտպան երթեւեկող հայի վրայ եւ չի սպանել-թալանել վերջինիս: Եւ իր այս արարքը նա ոչ մի կերպ չի բացատրել-արդարացրել: Ու, քանի որ Գասուբի համար անպաշտպան երթեւեկող հային չթալանել-չսպանելու համար ոեւէ բարոյական արգելք, այսինքն՝ բարոյական պատճառ գոյութիւն չունի, նա իր համար անհասկանալի երեւոյթը բացատրելու այլ պատճառ է փնտրում: Իր իմացած հնարաւոր պատճառներից միայն վախկոտութիւնն է« որով հնարաւոր է այս արարքը բացատրել: Ուստի, այստեղից հայրը եզրակացնում է, որ որդին պարզապէս վախկոտ է:

Երկրորդ աններելի սխալը իրենցից փախած ստրուկին պատահելուց յետոյ նրան ազատ թողնելն է: Այս դէպքում էլ Տազիտը «արդարացում» չունի: Այս արարքի համար եւս Գասուբի պատկերացումներում բարոյական կարգի ոեւէ պատճառ չկայ: Եւ նա դարձեալ ընտրում է իր համար ամենամատչելի մեկնաբանութիւնը: Ահա այս կերպ հայրը Տազիտին վերագրում է ոչ աւել-ոչ պակաս՝ ստրկամտութիւն, ստրկահոգիութիւն եւ նրան համարում է ստրուկ:

Երրորդը արդէն ոչ թէ սխալ է, այլ «ծանր, աններելի մեղք»: Տազիտը հանդիպել է հարազատ եղբօրը սպանողին: Եւ չի խոշտանգել ու չի սպանել նրան, այլ բաց է թողել: Արեան վրէժին իր յագուրդ չտալը Տազիտը «արդարացնում-պատճառաբանում» է նրանով, որ թշնամին «մենակ էր, անզէն ու վիրաւոր»: Ի դէպ, ըստ էութեան Տազիտը չի էլ փորձում արդարացնել իր այս արարքը: Պօէմում Տազիտի այս խօսքերը չեն դրուած որպէս նրա կողմից արդարացման փորձ: Տպաւորութիւնն այն է, ասես, Տազիտը սա ասում է ընդամէնը իրադարձութեան պատկերն ամբողջացնելու համար: Ի դէպ, սա երեք սկզբունքային դրուագներից միակն է, որտեղ Տազիտը ինչ-որ բան է ասում ի բացատրութիւն իր վարքի: Ամենայն հաւանականութեամբ, նա քաջ գիտակցում է, որ իր հօր համար իր արարքը, միեւնոյնն է, կը մնայ անընկալելի: Այս «բացատրութիւնը» Տազիտի հօր համար իրօք անհասկանալի է. դա նոյնիսկ բացատրութիւն էլ չէ: Եւ նա դարձեալ իր պատկերացումների զինանոցում փնտռում է համապատասխան պատճառ: Այս անգամ, սակայն, այդ «զինանոցը» բաւարար չէ. Չեչեն տղամարդու համար հնարաւոր նոյնիսկ ամենավատ, ամենաբացասական յատկանիշները ի զօրու չեն պատճառ լինելու այսքան արտառոց արարքի համար: Նա հրաժարւում է որդուն չեչեն համարելուց, քանի որ նրա վարքը չի ներդաշնակում չեչենի մասին իր ունեցած պատկերացումներին: Գասուբը որդուն դուրս է հանում իր ազգից եւ իր ընտանիքից: Նա հրաժարւում է որդուց եւ հրաժարւում է նրան չեչեն համարելուց: Եւ, եթէ Տազիտը չեչեն չէ, ապա Գասուբին ծանօթ ազգերի մէջ տղայի արարքը կարող է ներդաշնակել միայն Հայի վարքին: Ահա այս կերպ նա կարողանում է բացատրել Տազիտի վարքը: Նա Տազիտին համարում է հայ: Տազիտի վերջին՝ ամենաոչչեչենական արարքը կարող է լինել միայն հայի արարք:

Արդ, երբ իրար դիմաց ենք շարում Տազիտի այս երեք արարքները եւ աւազակաբարոյ լեռնականի կողմից դրանց տրուած գնահատականները, ստանում ենք հետեւեալ պատկերը:

Անպաշտպան հային հանդիպելն ու չսպանել-չթալանելը վախկոտութիւն է:

Փախած ստրուկին պատահելուց յետոյ բաց թողնելը նշանակում է, որ ինքդ եւս ստրուկ ես:

Արեան վրէժին յագուրդ չտալը այն պատճառաբանութեամբ, թէ թշնամին «մենակ էր, անզէն ու վիրաւոր», նշանակում է լինել հայ:

Չմոռանանք, որ Պուշկինի պօէմում այս գնահատականները տուողը աւազակաբարոյ լեռնցին է: Նրա ըմբռնումների համաձայն հարկ էր անզէնին սպանել-թալանել, փախած ստրուկին բըռնել-բերել, եւ անվարան խոշտանգել-սպանել եղբօրն սպանողին՝ անկախ ամէն ինչից (առաւել եւս, եթէ վերջինս «մենակ էր, անզէն ու վիրաւոր»): Ազնուութիւն, արդարացիութիւն, խղճմըտանք, եւ այս կարգի այլ բարոյական հասկացութիւններ խորթ են այս լեռնականին: Բայց նա գիտէ, որ այդ կարգի յատկութիւնների կրողը հայն է: Եւ հէնց այդ պատճառով էլ որդուն հայ է անուանում: Նա ապրում եւ մտածում է իբր աւազակ, իսկ որդին՝ Տազիտը դաստիարակուել է այլ տեղ եւ այլ բարոյականութեամբ: Տազիտին դաստիարակած իմաստուն ծերունին նոյնիսկ գովում է իր սանին: Այսինքն, ոչաւազակային բարոյականութեան մէջ Տազիտը լաւն է, կատարեալ է: Այստեղից էլ բըղխում է հօր եւ որդու աններդաշնակութիւնը, հակասութիւնը: Նրանք տրամագծօրէն հակառակ բարոյականութեան կրողներ են: Եւ, եթէ հօր բարոյականութիւնը աւազակութիւնն է, ապա որդին հօր աչքում պարզապէս հայ է:

Կարեւոր է նկատել նաեւ, որ հօր կողմից որդուն տրուած երեք բնորոշումները դասաւորուած են որոշակի տրամաբանութեամբ: Այդ բնորոշումներից իւրաքանչիւր յաջորդը իր մէջ ներառնում է իր նախորդին: Իրօք, «վախկոտ, ստրուկ, հայ» շարքում երկրորդ յատկանիշը արդէն ենթադրում է առաջինի առկայութիւնը: Ստրուկը, բնականաբար, պիտի լինի նաեւ ստրկամիտ, ուստի եւ՝ վախկոտ: Այս նոյն տրամաբանութեամբ, հայն էլ պիտի լինի ե՛ւ վախկոտ, ե՛ւ էլ ստրուկ: Միեւնոյն ժամանակ, սա նշանակում է նաեւ, որ այն արարքները, որոնց համար Տազիտն ստանում է «վախկոտ եւ ստրուկ» յորջորջումները, եւս հայի արարքներ են: Այսինքն, ըստ այս տրամաբանութեան, հային բնորոշ յատկանիշներն են.

ա. աւազակութիւն չանելը, անպաշտպան երթեւեկողին չթալանելևչսպանելը,
բ. փախած ստրուկին պատահելուց յետոյ ազատ թողնելը (որ, ըստ էութեան, գթութեան, ողորմածութեան դրսեւորում է),
գ. եղբօրն սպանողին պատահելուց յետոյ արեան վրէժին յագուրդ չտալը այն պատճառաբանութեամբ, թէ վերջինս «անզէն էր ու միայնակ ու վիրաւոր»: Այս վերջին կէտում առկայ է քրիստոնէական ներողամտութիւնը, եւ սա լիովին ներդաշնակում է աւետարանական պատուիրաններին՝ թշնամիներին սիրելու եւ պարտապաններին թողութիւն տալու մասին. «սիրեցէ՛ք ձեր թշնամիներին» (Մատթէոս, Ե, 44, Զ, 12):

Այս առթիւ տեղին է յիշել եւ Պուշկինի սեւագրերում մընացած նշումը քրիստոնեայ չերքէզի մասին: Եւ, եթէ համարենք, որ Տազիտին դաստիարակած ծերունի չերքէզը իրօք քրիստոնեայ է եղել, ապա կը նշանակի, որ Տազիտը ինքը եւս պիտի դաստիարակուած լինի քրիստոնէական բարոյականութեամբ: Այս տեսանկիւնից նրան հայ յորջորջելը դառնում է աւելի քան բնական, եւ Գասուբի կողմից Տազիտին տրուած «հայ» յորջորջման մէջ ակնարկւում է նաեւ նրա քրիստոնեայ դաստիարակ ունեցած լինելը:

Այսպիսով, երբ նայում ենք Պուշկինի վերոյիշեալ տողը իբր մաս ամբողջ պօէմի, տեսնում ենք, որ Պուշկինը հայ անունը գործածել է ոչ իբր անարգական յորջորջում, ոչ իբրեւ մի նուաստ ազգի անուն, այլ ճիշտ հակառակ իմաստով` իբր քրիստոնէական բարձրագոյն բարոյական յատկանիշների կրողի, իբր բարձրագոյն բարոյական չափանիշներով առաջնորդուողի անուն: Ըստ այսմ, աւելի քան անհիմն է Պուշկինի այս բազմաչարչար տողի վրայ հիմնուելով, նրան հակահայութիւն վերագրելը: Այս տողը բնաւ չի նշանակում, թէ Պուշկինը կարող է եղած լինել հակահայ, կամ հայատեաց: Եւ ընդհակառակը. այս տողից կարելի է եզրակացնել, որ Պուշկինը հային իմացել է իբր որոշակիօրէն բարձր քրիստոնէական բարոյական յատկանիշների, քրիստոնէական առաքինութիւնների կրող:

ԳՐԻԳՈՐ ԲՐՈՒՏԵԱՆ - 2006թ.

1. ԳՐԻԳՈՐ ԲՐՈՒՏԵԱՆ, Ալեքսանդր Պուշկինի հետ կապուած մի թիւրիմացութեան մասին« «Առաւօտ», 1999, Մայիսի 6, էջ 12:
2. Այս տեղեկութիւնը 1980-ականների սկզբին ինձ տուել էր ճարտարապետ Բո-րիս Յարութիւնեանը« որին եւ շնորհակալ եմ դրա համար:
3. Տե՛ս А.С. Пушкин, Полное собрание сочинений, т. 2, изд. “Правда”, М. 1954, ст. 535:
4. Ի դէպ, ուշագրաւ է այն« որ մահմեդական Գասուբը իր երկու որդիներից մէկի կրթութիւնը վստահել է ոչ թէ մահմեդականի« այլ քրիստոնեայի: Սա կարող է վկայել կամ լեռնականների կրօնական բացառիկ հանդուրժողականութեան, եւ կամ էլ՝ դաստիարակ ծերունու բացառիկ բարձր հեղինակութեան մասին:
5. А. С. Пушкин, Собрание сочинений, т. 3, Гос. изд. художественной литературы, М. 1960, ст. 512 – 513.

* * * *

Alexander Poushkin’s poem “Tazit” and an analyze of its fragment concerning to Armenians

GRIGOR BROUTIAN

(summary)


In Alexander Poushkin’s poem “Tazit” there is a phrase: “You are coward, you are slave, you are Armenian”. On the basis of this fragment a very long time exists an opinion that Poushkin hated Armenians. Although Poushkin’s poem “Tazit” is unfinished, the analyze of the existing parts of this poem and its rough copies allows us to prove that the above cited words in this poem mean that Poushkin knows Armenians as a nation with the highest Christian virtues. The fact is, that in the poem by these words a Chechen man is performing his relation to his son (Tazit) who had done three unforgivable mistakes (or even crimes). Analyzing these “crimes” we see that in all three cases Tazit had performed the highest Christian virtues. First he met an Armenian merchant who was traveling with his baggage without any guard. Instead of attacking and robbing and killing the merchant Tazit let him go with peace. This his father understands as a performance of fear. The second time Tazit somewhere on a hill met their slave who had escaped. Instead of holding him and taking back Tazit allows him to go. For Tazit’s father this is a sign of being slavish. The third-the most unforgivable act of Tazit was that he met their family enemy- the murderer of his brother, and instead of killing him he let him go also. As an explanation for such “strange” action Tazit tolled his father that the murderer was alone, wounded and unarmed. This time the old Chechen man could not find any other explanation for his son’s action than to consider his son is a man with the moral of an Armenian. So he refused to own his son as a Chechen man and named Tazit an Armenia, and here he pronounced the words cited above. So the analyze of the existing part of the poem show that at least in this poem Poushkin has used the name of Armenian as an equivalent of a man with the highest Christian virtues, and all the accusations to his address as a man who hated the Armenian nation on the basis of these words are unfounded.

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3967
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
02
Հուլ
»10:41
ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅԿ ...
Article image Շարքիս նախորդ յօդուածում[1] քննութեան առանք Սինամ թագաւորի հրաշապատում պատմութիւնը, որ առկայ է «Սինամ թագաւորի հէքեաթը», «Սըմաւոն թագաւոր եւ Գիւլ» խորագրով[2] հէքեաթներում: Այս առանձին պատմութեան քննութիւնը ցոյց տուաւ, որ ի դէմս հէքեաթի այս մասի գործող անձանց՝ Սինամի, նրա կնոջ, ձիապանների, թռչունի եւն ունենք որոշակի աստեղային – օրացուցային կերպարներ: Տեսանք նաեւ, որ այս կերպարների «գործողութեան վայրը» ամբողջ երկնակամարն է, իսկ նրանց գործողութիւններն էլ տարեշրջանի արտայայտութիւնն են` ներդաշնակեցո...
Կարդալ
2012
24
Դեկտ
»16:53
ԵՐԿՆԱՅԻՆ ՎԻՇԱՊԻ ՄԱՍԻՆ ՊԱՏԿԵՐԱՑ ...
Article image Միջնադարից մեզ են հասել ոչ սակաւ գրաւոր վկայութիւններ այն մասին, թէ ի՞նչ կերպ են հնում Հայերը մեկնաբանել Արեւի եւ Լուսնի խաւարումները: Նախ յստակ նշենք, որ խօսքն այստեղ խնդրի գիտական մեկնաբանութեան մասին չէ, այլ այն մասին, թէ ինչպէ՞ս են դրանք բացատրուել, այսպէս ասած, «ժողովրդական» ընկալմամաբ: Հարցիս տրուած գիտական պատասխանի փայլուն օրինակ է Է դարի մեծագոյն գիտնական Անանիա Շիրակունու բացատրութիւնը...
Կարդալ
2012
23
Դեկտ
»13:35
ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ (ՆՎԻՐՎՈՒՄ ...
Article image Գիտութեան ամեն բնագաւառի մէջ կան բազմաթիւ մեծանուն գիտնականներ, որոնց անունները յայտնի են ամբողջ աշխարհում, որոնք մեծ աւանդ ունեն մարդկութեան ընդհանուր առաջընթացի մէջ։ Միեւնոյն ժամանակ, գիտութեան ամեն մի բնագաւառի մէջ կան ընդամենը մի՛ քանի մեծերի անուններ, որոնք յատուկ առանձնանում են իբրեւ տուեալ բնագաւառի սիւներ, իբրեւ այն հսկաները, որոնց ուսերին է կանգնած գիտութեան տուեալ բնագաւառը։ Սրանք ա՛յն մեծերն են, որոնք ստեղծել են տուեալ բնագաւառի գիտական աշխարհայեացքը։ Հէնց ա՛յս մեծերն են, որ շտկել, որ...
Կարդալ
2012
23
Դեկտ
»13:08
ԳԻՍԱՒՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆՈՐԱՅԱՅՏ ՅԻՇ ...
Article image Հայկական միջնադարեան աղբիւրներում պահպանուած են բազմաթիւ յիշատակութիւններ տարբեր աստղագիտական երեւոյթների (Արեւի, կամ Լուսնի խաւարումների, գիսաւորների յայտնուելու, նոր եւ գերնոր աստղերի բռնկումների եւ այլնի) մասին։ Այդ յիշատակութիւնները հիմնականում մանրամասն հետազօտուած եւ հրատարակուած են1։ Այդուհանդերձ, այդ յիշատակութիւնների ի յայտ բերումն ու հետազօտումը աւարտուած համարել կարելի չէ։ Առկայ են աստղագիտական երեւոյթներին վերաբերող` տակաւին չհետազօտուած յիշատակութիւններ հայ միջնադարեան մատենագիր աղբ...
Կարդալ
2012
21
Հոկտ
»11:18
ՈՐՈՇ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ...
Article image Որպէս բացառիկ խոր անցեալից մեզ հասած մշակութային իրողութիւններ, ժողովրդական հէքեաթները, յատկապէս՝ հրաշապատում հէքեաթները, կարող են ծառայել իբրեւ այլ աղբիւրներում բացակայող յոյժ արժէքաւոր տեղեկոյթի եզակի աղբիւր իրենց ակունքներին ժամանակակից մշակութային իրողութիւնների մասին: Թէպէտ շատ հետազօտողներ տարբեր առիթներով անդրադարձել են հայկական ժողովրդական հէքեաթներին, այդուհանդերձ, դրանք հարկ եղած չափով ուշադրութեան չեն արժանացել հայկական...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott