artur.shahnazaryan
Logo

ՉԿԱ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ

Article image Այսօր «մտավորականություն» կոչվածը չունի գնահատելու ո՛չ կարողություն, ո՛չ ցանկություն: Հիմնականում շրջանառվում են հայտնի դարձած այնպիսի անուններ, որոնք միջակություն են: Մշակութային իրական չափանիշներով առաջնորդվելու դեպքում կարող ենք ասել՝ մեջը բան չկա: Այս միջակությունները, որ կոչվում են նաև «մարտնչող միջակություններ», միշտ եղել են ու կան, պարզապես նրանց համար եղել են ավելի կամ պակաս բարենպաստ ժամանակներ ու պայմաններ: Այսօր նրանց համար ամենաբարենպաստ ժամանակաշրջաններից է: Կարող եք ցույց տալ մեր պատմության մեջ մի ժամանակաշրջան, երբ իրապես մեծ մարդկանց անունները ժողովրդին հայտնի եղած չլինեն. հենց անցյալ դարասկզբին միմյանց ժամանակակից էին Կոմիտասը, Թումանյանը, Իսահակյանը, Չարենցը, Տերյանը, Լալայանը, Բակունցը, Աբեղյանը և ուրիշներ: 20-րդ դարի երկրորդ կեսին՝ Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան, Պարույր Սևակ, Հրանտ Մաթևոսյան, Վիկտոր Համբարձումյան, Ռաֆայել Իսրայելյան, Մինաս Ավետիսյան և այլք: Մեր այսօրվա իրականությունը մի ֆանտաստիկ բացառություն է. իրական մեծությունների արհեստական «բացակայության» պատճառով կառչել են ոչ ավելի - ոչ պակաս դերասաններից (նույնիսկ «հանճար» բառն են գործածում՝ առանց հասկանալու դրա իմաստը): Այս ինչ հրաշք է. չքացավ մեր ցեղի սերմը, չէ որ նման բան չէր եղել: Հարցրեք հիմա մեր անտեղյակ ժողովրդին՝ ինչ անուններ կարող է տալ (մի քանիսը): Կամ հարցրեք ինքներդ ձեզ... Եվ սա չի նշանակում, որ չկան: Իհա՛րկե կան, ինչպես կարող են չլինել, բայց այնպես է «սարքված», որ չճանաչվեն, որ իրենց խոսքը հանկարծ տեղ չհասնի, և այս «չճանաչման» գործին լծվել է նաև կառավարական «մտավորական պնակալեզների» մի ողջ բանակ:

Ասում են, որ այս միջակությունները իրենց ներսում շատ լավ էլ գիտեն, որ իրենք միջակություն են և ոչ թե մոլորված, իբր իրենց մասին բարձր կարծիք ունեն: Ավելի հավանական է, որ այս միջակությունների տարատեսակները կան. «մտավորականի» մի տեսակ կա, որը գիտի իր ոչնչության մասին, մեկ այլ տեսակ՝ որ չգիտի: Մի երրորդ տեսակ էլ կա, որ համոզված է, թե ինքը տաղանդավոր է: Կան կիրթ միջակություններ և ան-կիրթ միջակություններ և այլն: Միշտ պետք է այս բանն ասել հրապարակայնորեն: Խեղճուկրակ մոլորված մարդիկ երբեմն ինձ հարցնում են, թե անձամբ այսինչ այսինչյանին ճանաչում եմ և տալիս են, օրինակ, մի գռեհկաբան «ծիծաղացնողի» անուն, ով հեռուստաէկրանից պատուհաս է դարձել ազգի գլխին, կամ մի տաճկական «բողազով» երգչի անուն, կամ մի թուղթ մրոտողի, կամ մի երաժշտի անուն, ով նույնիսկ որևէ գործիք նվագել չգիտի (ես այն քչերից եմ, որ գիտեմ այդ մասին), մի գրողի անուն է տալիս, որ բոլորովին էլ գրող չէ, գիտնականի անուն, ով որևէ աշխատություն չունի տպագրած: Մի խոսքով՝ մի համակարգ, որտեղ բնազդորեն համագործակցում են նույնիսկ միմյանց չճանաչող միջակությունները: Հոգնում է այս ամենից մարդը: Մտածում ես՝ ինչպես անես, որ այդ «շրջանակի» հետ ընդհանրապես չշփվես, (գայթակղություն է առաջանում կազմելու այդ փուչ ու սուտ մտավորականների մի մեծ ցուցակ): Երբ ամեն բան ձեռնարկում ես, որ դրանց հետ չշփվես, հանկարծ ականջիդ է հասնում, որ իրենք արդեն քո մասին խոսում են, կարծիք են հայտնում, քեզ դիտում են իբրև ախոյան, կամ էլ գնահատական տալիս քո արած մի բանին, որից խելքները չի հասնում:

Փորձում ես որպես հայրենակից մտքումդ փրկել այդ միջակություններին. դե հիմա... մարդ են, էլի, խեղճ են... Ըստ իրենց՝ անարդարություն է կատարվել իրենց հանդեպ. բնությունը հավասար չի ստեղծում. ծնվում է Մոցարտ ու խառնում բոլորի «հաշիվները»: Եվ այդ մարդիկ ոչ թե մյուս նորմալ մարդկանց նման մարդկության բարձրագույն նվաճումները համարում են նաև իրենցը և հիանում, այլ վիրավորվում են, որ իրենք «անտեսվել են»: Համոզվում են, որ Աստծո տված շնորհը ոչ միայն փողով, այլև աղոթքով էլ չեն առնի: Եվ ահա պոռթկում է վրեժը. նույնիսկ իրար մեջ խոսելիս համաշխարհային գագաթների են վար իջեցնում: Եվ իրենց վրեժի գործադրման լավագույն միջոցներից մեկն էլ հեռուստատեսությունն է: Այնտեղ բերում են մեկին, որ կրթություն չունի նույնիսկ (շնորհքը յոթ սարի հետևում է) և հայտարարում են, թե սա կոմպոզիտոր այսինչն է, սա այսինչ գրողն է, այսինչ մշակութաբանն է, սա փիլիսոփա է, սա բացառիկ դերասան է և այլն: Սա էլ մի կեցվածք է ընդունում ու խոսում, խոսում... Միամիտ մարդիկ էլ նայում ու հավատում են: Երբ դրանց էկրանից հարցնում են իրենց «կուռքի» անունը, երբեմն տալիս են հոլիվուդյան մի պոռնիկի, կամ մի մլավող, ճչացող, բառաչող կենդա-նու կամ էլ իրենց «համքարությունից» մեկի անունը:

Ծառը պտուղից ճանաչեք. նայեք մարդու արած գործին: Ինչ եք աչքներդ չռել մարդու երեսին. էլ ոչ մի երես չպետք է մեջտեղ գա, այլ միայն՝ գործը: Պատկերացնում եք, որ այսօր Հայաստանում մեջտեղ բերվեն և իրար կողք դրվեն միմիայն արված գործերը՝ առանց անունների, միանգամից կերևա, որ ամենաարժեքավոր ու ծանրակշիռ գործերի «տերերի» անունների մեծագույն մասն անհայտ է: Իսկ փուչ ու դատարկ արկղերի տերերը հայտնի կամ որոշ չափով հայտնի մարդիկ են՝ իրենց համապատասխան կոչումներով ու մրցանակներով:

Թվում է, թե հիմնականն ասվեց: Բայց ինչպես Գոգոլն է ասում, այստեղից պատմությունն ստանում է անսպասելի շրջադարձ: Միջակություն ասելով բոլորովին նկատի չունենք արվեստի և գիտության այն համեստ մշակներին, ովքեր թեկուզ մի փոքր նախշ են ավելացնում ընդհանուր տաճարի շինարարությանը: Եվ ինչ պարտադիր է, կամ ինչպես է հնարավոր, որ բոլոր նկարիչները լինեն բացառիկ. կան համեստ ընդունակությունների տեր նկարիչներ, որ իրենց գործով նպաստում են ընդհանուր մշակութային դաշտի զարգացմանը: Որքա՜ն մոռացության մատնված երաժիշտներ են եղել, ովքեր շյուղ առ շյուղ հյուսել են մի ծառճանապարհ, որ հասցնելու էր աստվածային Բախին: Այսօր էլ Հայաստանում ապրում, գործում են նման մարդիկ, որ գլուխները կախ իրենց օգտակար գործն են անում: Այո, կան հրաշալի մարդիկ (նկարիչ, գրող, երաժիշտ, դերասան, ռեժիսոր, մշակութաբան, գիտնական...): Եվ, որ ամենակարևորն է՝ նրանք գիտեն իրենց տեղը:

Մենք միջակություն ասելով նկատի ունենք մարդու այն տեսակը, որը արհեստականորեն մղվում է առաջ (կամ նրան մղում են առաջ), ներկայանում է իբրև մի ծանրակշիռ երևույթ, ոչ մի կերպ չի ցանկանում նկատել ուրիշի արած արժեքավոր գործը, թշնամի է ամեն տեսակի բարձր ու լուսավոր գործի (քանզի դա ինքը չի արել): Եվ երբ հանկարծ, ընդունված կարգին հակառակ, ուրիշի մի բարձրարժեք գործ ի վերջո ճանաչում է ստանում, մեր միջակությունն անմիջապես հայտնվում է հեղինակի կողքին՝ ամենստոր քծնողի դերում: Կրկին զգում եմ, որ այս երևույթի մասին ինչ-որ բան կիսատ եմ ասել: Խորհրդային Միության տարիներին կային բակային ճամբարներ, որտեղ գրեթե բոլորը ելույթ էին ունենում (ինչպես հասուն մանկապարտեզ). արտասանիր, երգիր, պարիր, դերասանություն արա, նկարիր, ինքդ էլ հանդես եկ որպես հեղինակ-բանաստեղծ, երգահան, նկարիչ, թատերագիր և այլն: Ճամբարից բացի կային գործարանային «կլուբներ», որտեղ բանվորները ցուցադրում էին իրենց ստեղծագործական կարողությունները: Կային սիրողական գրական, երաժշտական և ամեն տեսակի խմբակներ: Սրանք նաև «ամբիցիաների լիցքաթափման» կենտրոններ էին. այստեղ բոլորն իրար տաղանդ ու հանճար էին ասում: Հիմա այս «լիցքաթափման ճամբարներն ու կլուբները» տեղափոխվել են պետական ու մասնավոր եթեր, ավելին, պետական և մասնավոր բուհեր, ստեղծագործական միություններ և այլն: Այսօր ճամբարը «ներկայանում է» իբրև «ազգային բարձրակարգ մշակույթի» դիմագիծ՝ զրահավորված պետական մրցանակներով ու կոչումներով, թանկարժեք նվերներով ու պատվերներով, ստոր գրոհներով նվաճած բեմահարթակով: Իսկ պրոֆեսիոնալ կրթություն ստացածներից առաջ են քաշվում նրանք, ում ոչինչ չի տվել կրթությունը (այն դեպքում, երբ բնությունն էլ չէր տվել ոչինչ), և մնացել են «ճամբարում ու կլուբում»: Այս նույն միջավայրից էլ ծնվել են մեր փողատերերը և վճարում են համապատասխան «ճաշակով»: Ավելին, արդեն ոչ թե մի քանի տասնյակ հազար դոլար են վճարում ճամբարի մակարդակին, այլ, հատկապե՛ս վճարում են ապազգայինին. որքան երգը՝ հակահայ, այնքան թանկ. եթե երգում է թուրքականի թուրքականը՝ ադրբեջանական կլկլոցներով, ամենաթանկն է: Եթե իրենց երեկույթը վարողը հայոց լեզուն աղավաղում է ամենագռեհիկ ձևով ու ծաղրում ազգային արժեքները, ուրեմն ավելի թանկ է (սրանց նույնիսկ անվճար բնակարաններ են նվիրում):

Եվ այս ամենը պետական ուշադրության ներքո, ինչպես տարիներով կորսված ու հանկարծ գտնված զավակ:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3525
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
29
Ապր
»23:18
«Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԶԳԱԼ ՄԱՐԴԸ, ՈՐ Կ ...
Article image Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոմպոզիտոր, Կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հարցազրույցը տպագրված ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ շաբաթաթերթի ս.թ. ապրիլի 24-ի համարում:...
Կարդալ
2013
30
Հունվ
»14:22
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյան ...
Article image Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հարցազրույցը Երևան հեռուստաընկերության "Կարծիքների Խաչմերուկ" հաղորդմանը...
Կարդալ
2013
05
Հունվ
»16:58
«ԵԹԵ ԴՈՒ ՔՈ ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ...
Article image Կոմիտասն այսօր աշխարհի, մասնավորապես` հայերի համար, թեեւ, համարվում է բացահայտված, այդուհանդերձ, շարունակում է մնալ գաղտնիք: Հայկական խազերի վերծանումը, ձայնեղանակների տեսություններն ու երաժշտական խոշոր` մոնումենտալ ձեւերի մասին կոմիտասյան մեղեդային մեկնաբանություններն իսկական հանրագիտարան են, որոնք մշտական ուսումնասիրության կարիք ունեն: Կոմիտասի բացահայտած ժողովրդական երգերի բովանդակությունը, որը նրա աշխարհայացքի արտացոլանքն էր, այսօր էլ ունի իր գաղափարախոսությունը, որը երբեք ժամանակավրեպ չէ եւ...
Կարդալ
2012
13
Նոյեմ
»21:11
ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ
Article image http://www.anunner.com Հայագիտական կայքը ներկայացնում է երաժշտագետ, Կոմիտասագետ, կոմպոզիտոր ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ-ի դասախոսության 3-րդ (վերջին) մասը: Թեման. ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ...
Կարդալ
2012
28
Հոկտ
»15:54
ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳՈՒՄ
Article image Հին աշխարհի իմաստուն երաժիշտներն այնքան խորունկ հմտութեամբ են ուսումնասիրել ու զարգացուցել իրէնց ժամանակի երաժշտութիւնը, որ գրեթէ բոլոր գաղտնիքները երեւան են հանել: Արդ, օգուտ քաղելով, գլխաւորաբար Մայր Աթոռի համար 2359 ձեռագրէն, լուսաբանելու ենք՝ թէ ինչ հիման վերայ եւ ինչպէս էին երաժշտութեամբ հիւանդներ բուժում...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott