artur.shahnazaryan
Logo

«ԵԹԵ ԴՈՒ ՔՈ ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՆՁՆԵՍ՝ ՀԱՇՎԻՐ, ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԴ ՀԱՆՁՆԵԼ ԵՍ»,- ԱՍՈՒՄ Է ԿՈՄՊՈԶԻՏՈՐ, ԿՈՄԻՏԱՍԱԳԵՏ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ

Article image Կոմիտասն այսօր աշխարհի, մասնավորապես` հայերի համար, թեեւ, համարվում է բացահայտված, այդուհանդերձ, շարունակում է մնալ գաղտնիք: Հայկական խազերի վերծանումը, ձայնեղանակների տեսություններն ու երաժշտական խոշոր` մոնումենտալ ձեւերի մասին կոմիտասյան մեղեդային մեկնաբանություններն իսկական հանրագիտարան են, որոնք մշտական ուսումնասիրության կարիք ունեն: Կոմիտասի բացահայտած ժողովրդական երգերի բովանդակությունը, որը նրա աշխարհայացքի արտացոլանքն էր, այսօր էլ ունի իր գաղափարախոսությունը, որը երբեք ժամանակավրեպ չէ եւ կարծես նաեւ ապագայից կանչող գիտություն է: Ընդհանրապես բոլոր ժամանակներում էլ հայկական երգարվեստում Կոմիտասի երաժշտագիտության ֆենոմենն այս դաշտի սրբագրողն է, որն, ասես, անցյալից ու ապագայից հուշում է հայի ինքնության, տեսակի ու մշակույթի պահպանման խորհուրդը: Նա կարողացել է ներթափանցել դեպի յուրաքանչյուր խազի խորհրդավոր իմաստ եւ, գտնելով հայ խազերի բանալին` այն հանձնել է հասարակությանը: Մինչդեռ հասարակությունն այսօր թակում է դրսի դռներն ու Հայաստան է բերում մի խեղաթյուրված, պատճենահանված երգ ու երաժշտություն, որն իր ձայնի ֆիզիկական ազդեցությամբ ոչնչացնում, ջարդում է մարդու ներաշխարհը` նրան դարձնելով տկարամիտ: Կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հավաստմամբ` երաժշտության լեզվով Կոմիտասը փրկել է մեր ամբողջ մշակութային ժառանգությունը` նախաքրիստոնեական շրջանից մինչեւ 19-րդ դար. «Մեր մշակույթը պահպանվել է երաժշտության լեզվով` Վարդապետի շնորհիվ»: Ընդհանրապես Կոմիտասի խազաբանությունը համարվում է բարդ գիտություն: Ա. Շահնազարյանից հետաքրքրվեցինք, թե որքանով է այսօր հաջողվում ուսումնասիրել եւ պրոպագանդել Կոմիտասի երաժշտությունը, մանավանդ, որ այն հեռուստաեթերից միայն հնչում է ապրիլի 24-ից ապրիլի 24:
- Դեռեւս անցյալ տարի հայտարարեցիք, որ Կոմիտասի 5 երգեր ներառող ձայնասկավառակը բաժանվելու է դեղատներում, իսկ մասնավորապես «Օրորոցայինը»` ծննդատներում, քանի որ այդ գործերը բուժիչ հատկություն ունեն: Վստահեցնում էիք, որ կոմիտասյան «զորակոչ» եք սկսում ու «Անտիվիրուս-Կոմիտաս» ձայնասկավառակով հարձակում եք գործելու: Նախագիծը լուրջ մարտահրավեր է, մինչդեռ առ այսօր նախագիծը չի իրականացվել: Ինչո՞ւ:

- 1990-ականներից ես զբաղվել եմ նաեւ ազգային գաղափարախոսությամբ, մասնավորապես` այդ հարցը Կոմիտասի մեկնաբանությամբ դիտարկելով: Կարծում եմ` ազգային գաղափարախոսությամբ զբաղվող մարդիկ մեր ժողովրդի բնավորությանը, էությանն այնքան ծանոթ չեն եղել, որքան Կոմիտասը: Վերջում հանգեցի այն մտքին, որ Կոմիտասի ասածը ճշմարտություն է: Նա ասում էր, որ մեր ժողովուրդը քարոզ չի հասկանում, եւ մեկ հասկացված ձայնը հազար ճառ արժե: Մեր շուրջը նայելով` հասկացա, որ, օրինակ` գերմանացիներն այդ ուղղությամբ են շարժվել` մտքերը ժողովրդին հասցրել են երաժշտության, ձայնային ալիքի տեսքով, ենթագիտակցական մակարդակով: Կոմիտասյան երգն ազգին ենթագիտակցորեն միացնող հատկություն ունի: Ես հիմա վախենում եմ այն երգ անվանել, որովհետեւ ձայնային այնքան անկապ համադրություններ երգ կոչվեցին, որ մարդ չի ցանկանում Կոմիտասի ստեղծածը նույնացնել այդ բառի հետ: Ինձ մոտ երգիչ, երգչուհիներ են գալիս, ասում են` ուզում ենք Կոմիտաս երգել: Ասում եմ` Կոմիտասը երգ չունի, դա ձեր պատկերացրած տաշի-տուշին չէ, դրանք ձայնի տեսքով տիեզերական օրենքներ են, մեր էությունն է, ուրիշ մի բան է: Ժողովուրդը դարերով ստեղծում է մշակույթ, բայց գալիս է մի ժամանակ, որ ժողովուրդն ինքը պետք է արժանի լինի այդ մշակույթին: Մշակույթը մնացել է իր արժեքի մեջ` ժողովուրդն է փոխվել եւ պիտի արժանի համարվի իր մշակույթին: Կոմիտասի ելեւէջները բջջի նման լավ հատկություն ունեն, եւ եթե մարդու ուղեղն այն ընդունում է` այլեւս ուղեղից դուրս չի գալիս: Դրանց մեջ տիեզերական, բնության օրենքների մի բնական ալիք կա, որն ապրում է մարդու մեջ բոլոր ժամանակներում: Որեւէ երաժշտագետ չի կարող բացատրել` գաղտնիքն ինչում է: Պարզ թվացող երգի գաղտնիքը Կոմիտասն այնպիսի՜ բարդ վերլուծություններով էր փորձում պարզել. թվաբանական հաշվարկներ էր անում, ձայների տեւողությությունը շարում էր իրար կողքի` փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ այս նոտան մի քիչ ուշ եկավ, սա ի՞նչ բնության օրենք է, որ պիտի այսպես լիներ, եւ այլն: Աղյուսակներ էր կազմում` շեշտի, մտքի, հոգու, շնչառության ալիքի, հոգեբանական, եւ տեղադրում էր դրանց մեջ` մինչեւ անգամ փորձելով պարզել ապագայի երաժշտության գաղտնիքը` ավանգարդ երաժշտությունը: Կոմիտասը դեպի ապագան շարժվող, ժամանակակից եւ աբստրակտ մտածողության կրող էր: Անդրադառնալով «Անտիվիրուս-Կոմիտաս» ձայնասկավառակի նախագծին` շեշտեմ, որ այն շատ աշխատող նախագիծ է, որը հարյուրավոր երիտասարդների ոգեշնչել է, որովհետեւ մշտապես հետաքրքրվում են, թե ե՞րբ է կյանքի կոչվելու նախագիծը, որպեսզի իրենք տարածեն: Թեեւ ամեն ինչ արվեց սկսած մութ օրերից, որպեսզի չլինեն երիտասարդներ, որովհետեւ 1990-ականներին առավոտից իրիկուն նրանց գլխին «շ ՉՏՐՏվՈ» երգը տեռոր էր դարձել, բայց այսօր զարմանալիորեն հրաշալի երիտասարդություն ունենք: Հինգ երգերի ձայնագրությունն ավարտված է, ինչպես նաեւ մայրերի համար 4 օրորոցային կա, որն ընդգրկված է նույն ձայնասկավառակում: Մեզ անհրաժեշտ է ապահովել մոտ 100.000 տպաքանակ, եւ պետք է նշեմ, որ ձայնասկավառակի վրա գրված է` «Խնդրում ենք բազմացնել»: Բանկերին ու կազմակերպություններին նամակներով դիմում եմ, որպեսզի ֆինանսապես աջակցեն կամ պատվիրեն: Օրինակ` «Ջավախք» միությունն է պատվիրել 1000 ձայնասկավառակ` Ջավախքում տարածելու համար: Մշակույթի նախարարն էլ պատրաստակամություն հայտնեց պատվիրելու եւ առաջին մեծ խմբաքանակն անվճար բաժանելու հարցում: Նախագիծն իրականացնելը ձգձգվում է զուտ ֆինանսների բացակայության պատճառով:

- ԱԺ ընտրությունների քարոզարշավը նպաստավոր պայմաններ է ստեղծել նմանօրինակ «բարեգործության» համար: Օրինակ` ես «երկու ձեռքով» կընտրեի այն թեկնածուին, ով դրամի կամ մուրաբայի փոխարեն` ինձ Կոմիտասի ձայնասկավառակը որպես կաշառք առաջարկեր: Դա շատ աշխատող PR ակցիա կլիներ:

- Անկեղծ ասած` մտքովս չէր անցել: Այդուհանդերձ, ես դիմելու եմ բոլոր կուսակցություններին: Ընդ որում, մեր ժողովուրդը հիմա դրա կարիքը շատ ունի: Ապացուցված է, որ Կոմիտասը բուժում է մարդու ոչ միայն հոգին, այլ նաեւ` մարմինը: Կոմիտասի երաժշտությունը` ձայնի ալիքը, ականջից մտնելով ներս` մարդու բջիջների վրա մեծ ազդեցություն է թողնում: Օրինակ` բժշկագիտությամբ, պետական մակարդակով Մոցարտի երաժշտությամբ Իսրայելում եւ շատ այլ երկրներում կաթված են բուժում, որովհետեւ այդ ներդաշնակ հնչյունների շարքն ուղեղը բերում է ինչ-որ կոնդիցիայի: Յուրաքանչյուր ազգ իր կառուցվածքն ունի, եւ մեր ազգի գենետիկայի մեջ Կոմիտասի երգերի ելեւէջներն են նստած, որոնք անպայման բերում են ներդաշնակության: Հեռուստատեսությամբ մատուցվող աղմուկը` մուղամային այլանդակությունը, քայքայում է օրգանիզմը: Դա շատ վտանգավոր է: Մենք Կոնսերվատորիայում անցնում ենք ձայնի ֆիզիկական հատկությունը առարկան, եւ պետք է նշեմ, որ գիտականորեն պատկերացնելու դեպքում` կհասկանաք դրա վտանգավորության աստիճանը: Նոր սերնդին ամենամեծ վնասը հասցրել է հեռուստատեսությունը, որովհետեւ մեր երեխաները խելք ունեն, կարող են հիմար բաները չընդունել, բայց երգն իրենցից կախված չէ, ականջից մտնում է ներս, ու մարդը չի էլ հասկանում, թե իր հետ ինչ է կատարվում: Խեղաթյուրում է ենթագիտակցությունը, հոգեկան աշխարհը: Կոմիտասի երաժշտությունը բնության, արեւի, ամեն ինչի հետ մարդուն բերում է ներդաշնակության ու խաղաղեցնում, հավասարակշռեցնում է: Կոմիտասը հայի ռիթմերը դասակարգել է, մարդիկ այդ գիտական աշխատանքների մասին չգիտեն: Մեր ամբողջ կենսառիթմերը նա գրանցել է, որը շատ խորը բան է:

- Ժողովուրդն այսօր էլ մեծարում է Կոմիտասին: Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ վստահեցրել էիք, որ Կոմիտաս սիրում են` սկսած տաքսու վարորդից, մինչեւ չինովնիկ: Այդ դեպքում ինչո՞ւ են մեզ մատուցում թուրքական մուղամ: Հեռուստաեթերը Կոմիտասի երաժշտությունը, հնչեցնում է միայն ապրիլի 24-ին` Ծիծեռնակաբերդ ուղեւորվող բազմության տեսարանները ցուցադրելու կադրերի «ետեւում»:

- Չեմ կարող չնշել, որ Մշակույթի նախարարությունը Կոմիտասի հետ կապված ցանկացած նախագիծ իրականացնում է: Երկու երգչախումբ պետականացվեց նրա համար, որ Կոմիտաս են երգում: Թոփիկյանի երգչախումբը մինչեւ պետական կարգավիճակ ստանալը ձայնագրեց Կոմիտասի գրեթե ամբողջ ժառանգությունը: «Հովեր» երգչախումբը տարիներով Կոմիտաս է երգել, ձայնագրել է պատարագը. նույնիսկ ուսումնասիրելով Կոմիտասի արխիվը եւ տեմպերը վերանայելով նորովի ձայնագրվեց եւ պետականացվեց: Նախարարության պատվերով` Գարիկ Չուխադյանի կազմակերպությունն իրականացրեց «Կոմիտաս-մուլտիմեդիա»: Այսինքն` մեկ CD-ի մեջ Կոմիտասն ամբողջությամբ` կենսագրություն, լուսանկարներ, նրա մասին նամակներ, եւ այլն:

- Բայց շարքային մարդուն այդ աշխատանքները որքանո՞վ հասու դարձան:

- Շարքային մարդը երգչախումբ չի լսի, այլ կլսի միաձայն երգերը: Կոմիտասն ասում էր` ժողովուրդը գործողությունից դուրս երաժշտություն չի հասկանում: Երբ ինքը գնում էր գութաններ գրառելու, ասում էին` չենք երգի քեզ համար, գնա, վարելու ժամանակ արի, որ երգենք. գութանը վարելու ժամանակ են երգում: Այնպես, ինչպես հարսանիքի երգը չեն երգի, եթե հարսանիք չէ: Եթե դուք այդ հարսանիքի ծեսը բեմադրեք` ժողովուրդը կնայի, կհասկանա, բայց եթե ֆրակներով մարդկանց բեմ բարձրացնեք` չի հասկանա: Ժողովուրդը ծեսի, գործողության մեջ է ընկալում: Օրինակ` ես առաջարկում եմ օրենք ընդունել, որ աղջիկ տալուց տղային հարցնեն` Կոմիտասի 5 երգերից գոնե երկուսը գիտի՞, եթե ոչ` աղջիկ չտան: Հայերը զարմանալի բնավորություն ունեն. երբ հայ մարդը ցեղական շուն է ունենում` երկու տարի չարչարվում է, որ այդ ցեղական շան համար մի շուն ճարի, բայց իրենց աղջիկներին մարդու տալուց առանց մտածելու են առաջնորդվում ու հետո էլ բողոքում են: Բա շանդ հարցով 2 տարի զբաղվում էիր` աղջկադ մարդու տալուց չիմացա՞ր` ում ես տալիս: Մենք հրաշալի աղջիկներ ունենք, բացահայտ ասում եմ` իմ հույսը մեր կանայք են: Կոմիտասն իր ընտիր երգերի մեծ մասը գրառել է հայ կանանցից եւ աղջիկներից, որովհետեւ ասում էր` տղամարդիկ դուրս ընկած, քրդական երգեր, թուրքիներ, շարքիներ էին երգում: Այսօր էլ է այդպես:

- Բայց այսօր հայ երգչուհիները բեմահարթակներում, եթերում շպարված, կիսամերկ շոուներ են կազմակերպում ու իրենց «արվեստագետ» հռչակում: Նույնիսկ այս դեպքո՞ւմ եք Դուք Կոմիտասի մշակույթի պահպանությունը վստահում նրանց:

- Նրանք քիչ քանակ են կազմում: Ես խոսում եմ դպրոցներում դասավանդող, ազգագրական պարային խմբերում ընդգրկված, երգչախմբերում երգող կանանց ու աղջիկների մասին: Իրենց ձեռքում է այսօրվա ապագան, ու իրենք պատրաստ են գործելու: Այդ ուժն ազգի մեջ մեծ բան ունի անելու: Արեւելյան մտածողությունը, որը եկել է թուրքերից, եւ Սովետի ժամանակ էլ հայ կնոջ կերպար էին քարոզում, թե` հայ կինը պիտի լինի էսպես, էնպես. նման բան չկա, արաբական փիլիսոփայություն է: Տիգրան Մեծի ժամանակ հայ կինը թելադրող, եվրոպական կնոջ պահվածք է ունեցել: Կարդացեք Երվանդ Լալայանի ազգագրությունը. հայ կնոջը որպես կիսաստված են վերաբերվել: Կոմիտասը մեծ նշանակություն էր տալիս կնոջը` հավաստիացնելով, որ նրանք հազարամյակների մեր մշակույթն են պահել: Թումանյանն ասում էր` մի կին կրթել, նշանակում է` մի գերդաստան կրթել: Ի դեպ, Չարենցը Կոմիտասին ոչ ոքի հետ չէր համեմատում, որովհետեւ նույն բանն է, թե Կոմիտասին համեմատես ժողովրդի հետ: Նա մեր հազարամյակների ամբողջ ժողովուրդն է: Մենք չունենք մի հայ անհատ, որի գործունեությունը ժամանակահատվածով այդքան մեծ լինի: Այսինքն` նախաքրիստոնեական ժամանակաշրջանի անհիշելի ժամանակներից մինչեւ մեր օրերը եւ տարածաշրջանով այդքան լայն` արեւմտյան եւ արեւելյան Հայաստանի ամբողջ ընդգրկումով: Ժողովուրդը շատ է սիրում Կոմիտաս, բայց հեռուստատեսությունը թուրքական երգեր է հաղորդում: Ի դեպ, Կոմիտասի երգերի մեծ մասն ուրախ, առույգ երգեր են, իսկ որոշ երգերինը` պայծառ, լուսավոր տխրություն է, ինչպես պոեզիայի մեջ: Նա ասում էր` երեխաներին տխուր երգ չտաք` ազգը կկործանեք: Մեծերի կամ այսօրվա անկապ երգերը մանուկներին հրամցնելն ամենավտանգավոր բանն է, խաթարվում է երեխաների ներաշխարհը: Օրինակ` ցուցադրվող սերիալի ժարգոնը ես ժողովրդի մեջ չեմ լսում, բայց ներկայացնում են այնպես, իբրեւ մեր ժողովուրդն այդպես է խոսում: Ես ապրում եմ Թոխմախում, հանցագործ աշխարհի մարդկանց եմ ճանաչում, բանտում բարեկամ ունեմ, որոնցից ոչ ոք այդպես չի խոսում: Գնացեք բանտ ու կհամոզվեք, որ նույնիսկ այնտեղ սերիալների ժարգոնով չեն խոսում:

- Այսինքն` միտումնավոր, ուղղորդվող ծրագի՞ր եք համարում հեռուստատեսային արտադրանքը:

- Տպավորություն է, թե հատուկ մեխանիզմ է կիրառվում, որպեսզի այդ արատավոր երեւույթները պահպանվեն, չկորեն: Մեզ մոտ չեք գտնի 10 հոգի իրար ճանաչող մարդ, որոնց փախցրել են, ընդ որում` տանից: Սա ստեղծվում է, որ մարդ փախցնելու մեթոդը ներդրվի, վախ են սերմանում, տանջելու, ծեծելու պրոպագանդա են իրականացնում: Հասկացանք, նման դեպքեր բոլոր երկրներում հատուկենտ լինում են, բայց մեզ մոտ հո համատարած չէ՞: Եթե նայեք սերիալները, ամբողջ հայ ժողովուրդը հիվանդանոցներում պառկած է, սերիալի բոլոր հերոսները վնասված հիվանդանոցում պառկած են: Ես նույնիսկ սարսափեցի, երբ իմացա, որ ջահելներ են այդ սերիալները գրում: Նույնը երգի ասպարեզում է. չկա այն պահանջարկը, որը մատուցում են եթերից: Գյուղերում` մարդիկ, բանտերում` կալանավորները, բողոքում են այդ անճաշակությունից: Եթե Թուրքիան 1 մլրդ դոլար ծախսեր այսպիսի դիվերսիա կատարելու համար` նման հաջողության չէր հասնի: Կան որոշ ծրագրեր, որոնք դրսից են ֆինանսավորվում: Մեկ անգամ ասացի` կարող է` Թուրքիան է վճարում, ասացին` ապացույց չունես: Ասում եմ` բա իր շահը ո՞րն է, որ անընդհատ թուրքական երաժշտություն է պտտում: Մենք ունենք հոգեւոր եւ ֆիզիկական հայրենիք: Եթե դու քո հոգեւոր հայրենիքը հանձնես` հաշվի, որ հայրենիքդ հանձնել ես: Եվ եթե մեր ֆիզիկական հայրենիքի սահմաններն այսօր մեր զինվորները պաշտպանում են` փառք իրենց, ապա մեր հոգեւոր հայրենիքում ներխուժել են` մտել են մեր հող եւ արդեն տիրություն են անում` ցանկանալով ամբողջությամբ նվաճել հայրենիքը: Մենք հոգեւոր հայրենիքի մեջ հիմա պատերազմի մեջ ենք: Թշնամին հարձակվել, մեր հոգեւոր հայրենիքը գրավում է եւ մեր նոր սերնդին ուզում են թուրքացնել: Նրանք եթերն արդեն կարողանում են տիրապետել: Այս հարցով պետք է զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը եւ Պաշտպանության բանակը: Եթե թշնամու դրոշը բերեին կախեին` այդքան վնաս չէր տա, որքան իրենց մշակույթի պրոպագանդան: Երաժշտությունը լեզու է, եւ իրենց լեզուն մեզ պարտադրում են մայրենի լեզվի փոխարեն: Թուրքական երաժշտությանն էլ ազգային մրցանակ են տալիս:

Աղբյուրը www.armtown.com

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1174
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
29
Ապր
»23:18
«Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԶԳԱԼ ՄԱՐԴԸ, ՈՐ Կ ...
Article image Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոմպոզիտոր, Կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հարցազրույցը տպագրված ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ շաբաթաթերթի ս.թ. ապրիլի 24-ի համարում:...
Կարդալ
2013
30
Հունվ
»14:22
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյան ...
Article image Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հարցազրույցը Երևան հեռուստաընկերության "Կարծիքների Խաչմերուկ" հաղորդմանը...
Կարդալ
2012
13
Նոյեմ
»21:11
ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ
Article image http://www.anunner.com Հայագիտական կայքը ներկայացնում է երաժշտագետ, Կոմիտասագետ, կոմպոզիտոր ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ-ի դասախոսության 3-րդ (վերջին) մասը: Թեման. ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ...
Կարդալ
2012
28
Հոկտ
»15:54
ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳՈՒՄ
Article image Հին աշխարհի իմաստուն երաժիշտներն այնքան խորունկ հմտութեամբ են ուսումնասիրել ու զարգացուցել իրէնց ժամանակի երաժշտութիւնը, որ գրեթէ բոլոր գաղտնիքները երեւան են հանել: Արդ, օգուտ քաղելով, գլխաւորաբար Մայր Աթոռի համար 2359 ձեռագրէն, լուսաբանելու ենք՝ թէ ինչ հիման վերայ եւ ինչպէս էին երաժշտութեամբ հիւանդներ բուժում...
Կարդալ
2012
28
Հոկտ
»12:55
ՀԱԶԱՐԱՆ ՀԱՒՔ*
Article image Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գէլը միշտ խաղում էին իրար մօտ, երբ գետերը կաթն ու մեղր էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սէրն ու հանգիստն անվրդով, արեւլուսի կողմերում թագաւորում էր բարի Արան թագաւորը: Էն երկնքի պայծառ արեւի նման ամէնքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագաւորը, էն գարունքուայ անձրեւի նման ամէնքի վրայ էլ հաւասար թափւում էր նրա բարութիւնը: Էսպէս թագաւորեց երկար ժամանակ: Երբ որ ծերացաւ, միտք արեց՝ մի էն տեսակ բան շինի, որ իրենից յետոյ բարի յիշատակ մնայ աշխ ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott