artsvi.bakhchinyan
Logo
Armenian Russian

Սոնյա ՓՈԼԱՏՅԱՆ. Միջին Արևելքի առաջին բալետի պարուհիներից մեկը

Article image Զրուցակիցս Միջին Արևելքի առաջին պրոֆեսիոնալ բալետի պարուհիներից մեկն է` լիբանանահայ, այժմ կանադաբնակ Սոնյա ՓՈԼԱՏՅԱՆԸ: Հայաստանում վերջին անգամ եղել էր քառասուն տարի առաջ:

- Զարմանալի է, որ եղեռնի սերնդի մարդիկ Լիբանանի, Սիրիայի պես երկրներում իրենց զավակներին ուղարկում էին դասական երաժշտություն, պար սովորելու:

- Այո, այդպես էր, ծնողներս 1915-ի ջարդի զավակներ էին, երկուսն էլ` Թոքաթից, առանց ծնողների հաստատվել էին Բեյրութում և ընտանիք կազմել: Նրանք նախ մտահոգված էին զավակներին հայկական կրթություն տալու հարցով (ես ուսանել եմ Բեյրութի Նշան Փալանճյան ճեմարանում) և հետո` ինչն իրենք չէին կարողացել ստանալ ծնողների բացակայության պատճառով` փորձել են իրենց զավակներին տալ: Սկզբում, անշուշտ, մանկապարտեզի դաստիարակը հավանել էր իմ ճկունությունը և ծնողներիս ասել, որ ահա ձեր Սոնան կարող է դասական պարարվեստի հետևել: Եվ 1951-ից` 9 տարեկանից սկսեցի հաճախել Լիբանանի ազգային կոնսերվատորիայի բալետի բաժին:

- Ձեր հայրը դե՞մ չէր: Այդ սերնդի հայ հայրերը սովորաբար դեմ են եղել զավակների բալետային կրթությանը, այն էլ` Միջին Արևելքում:

- Այնքան էլ չէ: Իր համար առաջնայինը դպրոցական դասերի նիշերս էին, որ պիտի բարձր լինեին: Եթե պատահում էր, որ ստացածս գնահատականը շատ հաջող չէր լինում` հայրս որպես պատիժ արգելում էր այդ օրը բալետի գնալ...

- Հետաքրքիր է` Լիբանանում դասական պարը ո՞ր համակարգով էր դասավանդվում` ռուսակա՞ն, ֆրանսիակա՞ն:

- Ուսուցչուհիս` Էլենա Իմազը, արգենտինուհի էր: Նա Վագանովայի դպրոցի հետևորդ էր, այնպես որ այդ համակարգն էր մեզ ուսուցանում: Այն, անշուշտ, մի փոքր տարբեր էր Եվրոպայում ընդունվածից, թեթևակի փոփոխվել էր: Երբ հետագայում որոշ ժամանակ ուսանեցի Խորհրդային Հայաստանում` արդեն գաղափար ունեի այդ համակարգի մասին: Ի դեպ իմ ուսումնառության տարիներին` 1950-ականների վերջին Լիբանանում բախտ ունեցա տեսնել Նատալյա Դուդինսկայային և Ռուդոլֆ Նուրեևին: Ինձ հանձնարարվեց ծաղկեփունջը Նուրեևին հանձնել կուլիսներում, ինչը ես արեցի քաշվելով: Նա շատ գեղեցիկ տղա էր, մոտ քսան տարեկան...

- Ձեր կենսագրության մեջ այդ սերնդի համար մեկ այլ անսովոր բանն էլ այն էր, որ 15 տարեկանում ձեր ծնողները համաձայնեցին ձեզ մենմենակ ուղարկել Փարիզ` կատարելագործվելու:

- Ուսուցչուհիս պատճառ եղավ, որ ես թոշակ ստանամ և երկու ամառ երեքական ամիս շարունակ Փարիզում սովորեմ: Նա միշտ ասում էր, որ ես այդ տարիքում մտային առումով շատ հասուն, լուրջ և կազմակերպված եմ: Գուցե հիմա այդպիսին չեմ, սակայն այն ժամանակ այդպիսին էի (ծիծաղում է): Դժվար էին մենակ Փարիզ գնալը և սովորելը: Այնտեղ օպերային թատրոնում հետևեցի բալետային շրջանակներում ճանաչված արտիստների դասերին: Մեկ-երկու դաս էլ վերցրի ռուս լեգենդար պարուհի Օլգա Պրեոբրաժենսկայայից, որն արդեն բավական տարիքով էր, տեղից չէր շարժվում, սակայն բացառիկ ուսուցչուհի էր, հետաքրքրական անձ էր, և այդ մեկ-երկու դասն էլ ինձ համար շատ կարևոր եղավ:

- Լիբանանում դասական պարը նոր էր ճանապարհ հարթում: Ի՞նչ դժվարությունների բախվեցիք:

- Դժվարություններից մեկն այն էր, որ ոչ մեր համայնքը, ոչ լիբանանցիները տակավին հասունությունը չունեին` հասկանալու համար, թե ինչ է բալետը: Այն շատ խորթ էր մեծ մասի համար: Երբ 1957-ից սկսեցի հանդես գալ Բեյրութի «Լե բալե Լիբանե» խմբում` ժողովուրդն սկսեց մի քիչ վարժվել, սակայն շատերն էին անտեղի արտահայտություններ թույլ տալիս: Բայց հետաքրքրականն այն է, որ երբ հետագայում ես բացեցի իմ ստուդիան, այդպիսի մտքեր արտահայտողների զավակներն ամենն ինձ աշակերտեցին: Կարծում եմ` դա մեծ առաջադիմություն էր մեր ազգի համար, քանի որ այդ ժամանակվա Լիբանանի հայության սերունդը դեռևս շատ զարգացած չէր. իրենց զավակների միջոցով ժամանակի ընթացքում հաղորդակցվեցին դասական արվեստներին: Ի դեպ դասական բալետից բացի ես 1960-1965 թվականներին Բաալբեկի միջազգային փառատոնի ազգագրական պարախմբի մենապարուհին էի, հյուրախաղերով հանդես եկա Մերձավոր Արևելքի մայրաքաղաքներում, նաև Անգլիայում, Պորտուգալիայում, Արգենտինայում, Բրազիլիայում:

- Իսկ հայերը ձեզ երբևէ չմեղադրեցի՞ն, որ նվիրվել եք ոչ ազգային պարարվեստին:

- Հայկական միջավայրում, իհարկե, նախընտրում էին ազգային պարը, սակայն բալետով զբաղվելս մասնավոր նյութ չի եղել: Մեր հանդիպած միակ դժվարությունն այլ էր` կառավարությունը երբեք չի աջակցել արվեստին: Լիբանանը բիզնեսի երկիր է, մենք մեր անձնական թևերով էինք թռչում: Պետք է կյանքդ ինքնուրույն կազմակերպես, ստեղծագործես, արժանիքներդ ներկայացնես:

- Ինչպե՞ս հայտնվեցիք Հայաստանում:

- Կրկին` կրթաթոշակ ստացա և իբրև արտասահմանյան ուսանող եկա, 11 ամիս սովորեցի Հայաստանում, ուսումս լրացրի 1965-ին: Պարարվեստի ասպարեզում առաջին սփյուռքահայ ուսանողն էի: Բոլորը զարմանում էին, որ արտասահմանից ուսանող է եկել պարեր սովորելու, քանի որ սովորաբար այդ նպատակով որպես հյուր էին գալիս, մինչդեռ ես որպես ուսանող եկա, քննություն տվեցի և պետական դիպլոմ ստացա: Ինձ համար շատ հետաքրքրական էր, ուսանելի, մթնոլորտը հոյակապ էր, անմոռանալի, և վերջապես` մեր հայրենիքն էր: Այն, ինչ ծնողներս չտեսան, ես առիթ ունեցա տեսնելու և վայելելու: Նաև հանդես եկա որպես պարուհի և կորդեբալետի կազմում մեր Օպերայի և բալետի թատրոնում մասնակցեցի «Ժիզել», «Հավերժական կուռք», «Կարմիր գլխարկ», «Անուշ» ներկայացումներին: Նաև կատարեցի Նազենիկի գլխավոր դերապարը` հեռուստատեսությամբ ներկայացված «Հարճը» բալետում (ըստ Դանիել Վարուժանի), որ բեմադրել էր Զարեհ Մուրադյանը` Ծովակ Համբարձումյանի երաժշտությամբ: Երբ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի համույթը պետք է հյուրախաղերով Միջին Արևելքում հանդես գար` ինձ խնդրեցին մի արաբական պար նախապատրաստել: Բեմադրեցի Ֆեյրուզի երգեցողությամբ լիբանանյան «Դաբկե» պարը, որը հաջողությամբ ներկայացվեց Լիբանանում, Սիրիայում և Եգիպտոսում: Իսկ այն ժամանակվա մեր բալետմայստեր Եվգենի Չանգան, երբ բեմադրում էր Սպենդիարյանի «Երեք արմավենին», ինձ դիմեց, որ օգնեմ իրեն` արաբական պարային համարներ բեմադրել: Ուսումնարանի ավարտական դասարանում տանգո և ֆլամենկո պարերը բեմադրեցի, որը Ռուդոլֆ և Նադեժդա Խառատյանները շատ մեծ հաջողությամբ ներկայացրին մեր Օպերայի և բալետի թատրոնում...

- Ի՞նչ տվեց հայաստանյան կրթությունը:

- Նախևառաջ` Վագանովայի ոճն ավելի ըմբռնեցի և յուրացրի: Ընդհանուր զարգացումս ավելացավ` հայրենիքումս լինելու իրողությամբ: Անշուշտ, մանկավարժական առումով ևս ինձ համար կարևոր էր գործի հոգեբանական կողմը հասկանալը: Մինչև հիմա դասերի ժամանակ երբեք չեմ բղավում: Շատ խիստ եմ, բայց նուրբ ձևով եմ խիստ, խստության մեջ հասկացողություն պիտի լինի, չպետք է պարուհին ընդվզի ու չտա այն, ինչ ուզում ես ստանալ: Բացի այդ` մոտիկից առնչվեցի հայկական պարին...

- Եվ այսպես` վերադարձաք ծննդավայր...

- ...և անմիջապես, նույն թվականի սեպտեմբերին հիմնեցի «Սոնյա Փոլատյան բալետի դպրոցը»: Աշակերտների տարիքը 7-30-ն էր: Ներկայացրի պարային փոքր բեմադրություններ, աշակերտներիս հետ ելույթներ ունեցա Բեյրութի զանազան սրահներում, հեռատեսիլով, հանդես եկա դասախոսություններով, բազմաթիվ բեմադրություններ կատարեցի լիբանանյան խմբերի համար: Նաև մի քանի եգիպտական ֆիլմերի պարի ղեկավար և խորհրդատու եղա, որոնցից հայտնի է Հասան Ռամզիի «Ճերմակ ձիավորը»: Իմ մասնակցությամբ բեմադրված ամենամեծ նախագծերից մեկը եղավ 1970-ին Բուրջ Համուդ հայկական թաղամասում մեկ ամիս շարունակ բացօթյա ներկայացված «Կեցցե արքան» պարային ներկայացումը, որ բեմադրեց դերասան և բեմադրիչ Ժիրայր Ավետիսյանը ՘հայաստանցիները նրան պիտի որ հիշեն «Կարինե» երաժշտական ֆիլմից)...

Սփյուռքահայերս միշտ թափառական ենք եղել: Ծնողներս Հայաստանից հեռացան Սիրիա, ապա` Լիբանան: Պատերազմի պատճառով 1984-ին ամուսնուս` հրատարակիչ Մանուել Օրճանյանի և երեք զավակներիս հետ ստիպված եղանք հաստատվել Մոնրեալում: Ամեն ինչ զրոյից սկսեցինք: Կանադայում ոչ ոք մեզ չէր ճանաչում: Կամաց-կամաց գործի անցա, նորից հիմնեցի մի դպրոց, որն անվանեցի «Պարի օջախ»: Սկսեցի յոթ աշակերտից, որից մեկն իմ աղջիկն էր: Այժմ ունենք 120-130 աշակերտ, 4-5 ուսուցիչ, ես էլ վարչարարությամբ եմ զբաղվում: Տարեվերջին ելույթներ ենք ունենում: Բալետային համարներից բացի` բեմադրում եմ հայկական, լիբանանյան, ռուսական, հունական, իսպանական պարեր: Սիրողների դպրոց է, անշուշտ, բայց խիստ ձևով ենք աշխատում, լավագույններին ուղարկում ենք Կանադայի ազգային բալետի դպրոց: Արդեն երկու աշակերտներ ավարտել են այդ դպրոցը, և նրանցից մեկը պարում է Քվեբեքի երիտասարդական բալետում: Հայկական պարերով հատուկ չեմ զբաղվում, քանի որ երբ գնացի, Կանադայում արդեն կային հայկական պարախմբեր: Բայց հայկական երաժշտությամբ պարեր բեմադրում եմ: Համագործակցում եմ նաև Մոնրեալի մի քանի մշակութային ընկերակցությունների հետ, փոխնախագահն եմ «Ակկադիայի ժամանց» միության: 2003-ին իմ գործունեության համար արժանացա Էլիզաբեթ թագուհու հոբելյանի հուշամեդալին...

- Վաղուց չէիք եղել Հայաստանում...

- Հիմա բոլորովին փոխվել է Երևանը: Սակայն այսօր այցելելով պարարվեստի ուսումնարան, մեծ հաճույքով ներկա գտնվելով պարապմունքներին, հանդիպելով հին բարեկամներիս` զգացի, թե կյանքը որքան հանդարտորեն, նույն հետևողականությամբ է շարունակվում այդ հաստատությունում: Այդ կայունությունն ինձ ուրախացրեց, քանի որ ծառը հասունացել է և պտուղներ է տալիս:

- Չնայած հայ բալետն այսօր իր լավագույն օրերը չի ապրում:

- Սակայն գոհացուցիչ էր այն, ինչ տնօրենն ինձ ասաց, որ այսօր մոտ 50 երիտասարդ պարող ունենք արտասահանում, որոնք հանդես են գալիս ամենալավ խմբերում: Պարարվեստը, արվեստն առհասարակ, սահման չունի: Եվ եթե մեր երիտասարդները Հայաստանի այդ որակն են աշխարհում ներկայացնում, դա ապացուցում է մեր բալետային կրթության ամենաբարձր որակը, ինչը մեծ պարծանք է ինձ համար...

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1341
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott