artsvi.bakhchinyan
Logo

ՀԱԿՈԲ ԽԱՌԱՏՅԱՆ. «ԻՆՁ ՀԱՐԱԶԱՏ ԵՆ ԲՈԼՈՐ ՊԱՐԱՅԻՆ ՈՃԵՐԸ»

Article image Հակոբ Խառատյան, ամերիկյան եւ կանադական բալետի հայ պարող։ Ծնվել է 1970-ին, Երեւանում, բալետի անվանի պարողներ Ռուդոլֆ եւ Նադեժդա Խառատյանների ընտանիքում։ 1980–1987 թթ. սովորել է Երեւանի պարարվեստի ուսումնարանում (Սեդա Եգորովնայի եւ Հովհաննես Դիվանյանի դասարան), 1987–1990 թթ.՝ Պետերբուրգի Վագանովայի անվան պարի ուսումնարանում՝ աշակերտելով բալետի նշանավոր գործիչներ Բրեգվաձեին, Գենսլերին, Սերգեեւին, Դուդինսկայային եւ Դեսնիցկուն: Ուսումնառության տարիներին աչքի է ընկել «Պախիտա» եւ «Մարդուկ-Ջարդուկը» բալետների գլխավոր դերերում։ 1992–1994 թթ. Վաշինգտոնի «Կիրով» բալետի ակադեմիայում աշակերտել է Սիզովային, Վինոգրադովային, Ջուլուխաձեին եւ հորը՝ Ռուդոլֆ Խառատյանին։ Որպես մենապարող հանդես է եկել «Սարասոթա բալետ» (1993), Ինդիանապոլսի բալետի խմբում, «Վաշինգտոն բալետ» (1994–1995), «Հարթֆորդ բալետ» (1996–1997), «Մոնրեալի դասական բալետ» (1998–2000), «Կանադական մեծ բալետ», «Միլուոքի բալետ» եւ այլ խմբերում: Որպես հրավիրյալ աստղ բազմիցս հրավիրվել է տարբեր խմբերի (հատկապես Նյու Յորքի «Սեիսկայա բալետի») բալետային ներկայացումերի։ Գլխավոր դերեր է կատարել ինչպես դասական («Դոն Կիխոտ», «Մոխրոտիկը», «Կարապի լիճը», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Կոպելիա», «Կորսար»), այնպես էլ ժամանակակից բալետներում («Անառակ որդին», «Գալիլեո», «Վոլֆգանգ պար», «Կամիլ», «Քարտեզ», «Մեկ այլ տեղ», «Ամառվա գիշերներ», «Կանաչ սեղան», «Աքսիոմ 7», «Փոքրիկ աշխարհ» եւ այլն)։ 1999–2004 թթ. հանդես է եկել «Արքա բալետ» խմբի կազմում՝ ներկայացնելով Ռուդոլֆ Խառատյանի բեմականացրած «Կորսար», «Սենյակը», «Երկխոսություն», «Արձագանքներ» եւ այլ համարները։

«Պարոն Խառատյանը նրբագեղ պարող է, որը կարող է իր ոստյուններով ժայթքել անսպասելի ուժով» («Նյու Յորք թայմս»)։ «Մասնավոր հաճույք է բարձրահասակ, նիհար, սուր դիմագծերով եւ սրամիտ Հակոբ Խառատյանի պարը» («Վաշինգտոն փոսթ»)։ «Ինչպես հաճախ է պատահում, երբեք չես իմանում, թե ով է հայտագրի իսկական աստղը, մինչեւ այն ներկայացվելը։ Այս դեպքում նա Հակոբ Խառատյանն է, մի հրաշալի պարող, որն արդեն հանդիսասրահին հմայել էր «Վարդի տեսիլքը» բալետում... Թվում է, թե նա ուրիշ աշխարհից է եկել։ Բարձրահասակ, հղկված, ակրոբատի պես արագաշարժ, կայծակի պես հզոր, եւ տակավին այնքան թեթեւ, որ հազիվ ես հավատում, թե նրա ոտքերը դիպչում են գետնին» («Դեյ»)։

1991–1992 թթ. Հակոբ Խառատյանը եղել է Մոնրեալի դասական բալետի դպրոցի լիիրավ դասավանդող, 1994–2001 թթ. վարպետության դասեր է տվել ամերիկյան ամենատարբեր բալետի դպրոցներում։ 2004-ի օգոստոսին հրաժեշտ է տվել բալետին։ Այժմ նա նախագահում է Միլուոքիի «Արարատ ֆայն սփիրիթս» մեծածախ առեւտրի բաշխման ընկերությունը, որը ոգելից խմիչներ է արտահանում Հայաստանից ԱՄՆ։

Zoom Image

* * * *

Չորս տարի առաջ Երեւանում ելույթ ունեցավ հայ բալետի ականավոր դեմքերից Ռուդոլֆ Խառատյանի ղեկավարած «Արքա բալետ» խումբը Վաշինգտոնից, որի աչքի ընկնող մենապարողներից էր Ռուդոլֆի որդին՝ Հակոբ Խառատյանը։ Այն ժամանակ մտքներովս չէր անցնի, որ ներկա ենք Հակոբի հրաժեշտի ներկայացումներին, քանի որ 34-ամյա բարձրահասակ, համակրելի, առնական եւ ճկուն պարողը գտնվում էր միանգամայն գերազանց «մարզավիճակում»։ Այս տարի օգոստոսին նա կրկին Հայաստանում էր՝ հայրենի քաղաքում գտնվելու, ազգականներին հանդիպելը եւ անձնական կյանքի գործերի կարգավորումը համատեղելով մասնագիտական աշխատանքի հետ։ Հակոբը պարապում էր մեր օպերայի եւ բալետի թատրոնի երիտասարդ մենակատարների հետ, որոնք պատրաստվում էին մեկնել Սոչի՝ բալետային միջազգային մրցույթում ներկայացնելու Ռուդոլֆ Խառատյանի պարային համարներից։ Դիտելով նրա պարապմունքը՝ դարձյալ հիացա Հակոբի բարձր կատարողական արվեստով եւ ափսոսացի, որ նա մի փոքր շուտ է թողել բեմը։

Ի տարբերություն հոր, որը տասնամյակներ շարունակ ծառայեց հայրենի բալետին, Խառատյան կրտսերը շուտ հեռացավ Հայաստանից՝ համալրելով աշխարհի բալետային բեմերը զարդարող հայազգի պարողների շարքերը, եւ, ըստ էության, հայաստանցի հանդիսատեսին նա մնաց անծանոթ։ Այս արվեստագետին փոքր-ինչ ծանոթացնելու նպատակով էլ պարապմունքից հետո հենց թատրոնում նրան հրավիրեցի զրույցի, որից ծնվեց հետեւյալ երկխոսությունը.

Ա. Բ. – Հակոբ, Թեդ Վիլյամսն ասել է, որ պարելը ութսուն տոկոս աշխատանք է եւ քսան տոկոս՝ տաղանդ։ Իսկ քեզ մոտ ինչպե՞ս էր։

Հ. Խ. – Տոկոսային հարաբերության մասին չեմ կարող ասել։ Ինձ մոտ բնականից կար հակում դեպի պարարվեստը, քանի որ բալետային ընտանքից եմ, սակայն առանց աշխատելու ոչ մի արդյունքի չես հասնի։ Աստված երեւի ծնողներիս միջոցով ինձ ինչ-որ բան տվել էր...

Ա. Բ. – Այսինքն՝ ծնողներդ դեր չունեցա՞ն քո մասնագիտության ընտրության մեջ։

Հ. Խ. – Ծնողներս ուզում էին, որ ես դիվանագետ դառնամ։ Սովետական ժամանակ պարարվեստի ուսումնարանից գնում էին հանրակրթական դպրոցները եւ երեխաների միջից ընտրում թեկնածուներ։ Ես թիվ 71 դպրոցի սովորող էի, մեզ մոտ էլ եկան, իմ տվյալներն էլ ստուգեցին եւ իմանալով անունս, ասացին՝ դու մեր Ռուդիկի, Նադյայի տղան ես, դե ծնողներիդ կասես քեզ բերեն մեզ մոտ։ Այդպես սկսվեց։ Բայց մինչ այդ ես այս թատրոնում եմ մեծացել, ծնողներս միշտ բերում էին իրենց փորձերին, ես էլ, փորձասենյակում, վարժափայտի տակ նստած, հետեւում էի իրենց փորձերին։ Եթե ներկայացումներում երեխաներ էին պետք լինում՝ ես մասնակցում էի։ Առաջին անգամ կապիկի դեր եմ խաղացել, չեմ էլ հիշում ինչ բալետ էր։

Ա. Բ. – Դու մեր բալետում շատ կարճ ժամանակ ես հանդես եկել...

Հ. Խ. – Համարյա չեմ աշխատել մեր թատրոնում։ Մասնակցել եմ հորս ղեկավարած հեռուստաբալետի ներկայացումներին, մասսայական տեսարաններում։ Ես ընդունվեցի մեր թատրոն, որից անմիջապես հետո եղավ ուղեւորություն Կանադա, սկզբում մնացի այնտեղ։ Հետո մեկնեցի Վաշինգտոն, որտեղ ինձ հետ մի շարք պայմանագրեր կնքեցին։

Ա. Բ. – Բայց կարո՞ղ ենք ասել, որ դու հայ բալետային դպրոցին ես պատկանում։

Հ. Խ. – Կարող ենք, քանի որ ես այստեղ եմ ստացել իմ կրթությունը։ Ճիշտ է, հետո սովորել եմ Լենինգրադում՝ Վագանովայի անվան դպրոցում, բայց բեմի վրա իմ հայությունն արտահայտվում է իմ տեմպերամենտով, իմ ներքինով, Հայաստանի՝ ինձ տված էներգիայով, քանի որ ես այստեղ եմ ծնվել, այս հողի հաց ու ջրով եմ մեծացել։ Այնպես որ ես հայ պարող եմ։

Ա. Բ. – Իսկ բալետի քննադատները երբեւէ նշե՞լ են քո անցած դպրոցի առանձնահատկությունների մասին։

Հ. Խ. – Նշել են՝ ռուսական դպրոցի հետ կապված։ Աննա Քիսելգոֆը, որը «Նյու Յորք թայմսի» բալետի հայտնի քննադատն է, մի առիթով գրել է. «Զարմանալի է, թե ինչպես Հակոբ Խառատյանը, լինելով ռուսական դպրոց անցած պարող, փոխվել է դեպի բալանչինյան շարժունակությունը»։ Դրա համար հորս պիտի շնորհակալ լինեմ, քանի որ նա իր դասընթացներում շատ բաներ է ներառել ոչ միայն դասական ու ժամանակակից բալետից ,այլեւ մարտարվեստից, հանդես է բերել փիլիսոփայական մոտեցումներ, էներգիայի, ճիշտ շնչառության հետ կապված գաղափարներ է մեզ տվել։ Դասերից հետո, այդ հիմնքն ունենալով, արդեն կարող ես ուզած ոճի բան կատարել։ Վաշինգտոնի դպրոցում հայրս ինձ այդպես ուսուցանեց։ Ես Երեւանում երբեք նրա մոտ չէի պարապել։ Դժվար էր Ամերիկայում նույն դասարանում լինել հորս հետ միասին, երբեմն վիճում-կռվում էինք, բայց կարծես թե գործը գլուխ եկավ։ Մինչ այդ դպրոցում ես շատ չարաճճի էի, բայց հայրս կարողացավ ինձ ձեռքը հավաքել եւ ինձ պարող դարձնել։

Zoom Image

Ա. Բ. – ԱՄՆ-ում հաստատված մի հայաստանցի պարող վերջերս հարցազրույցում ասել է, որ Հայաստանում եւ Ռուսաստանում աշխատելուց հետո ինքը հիասթափվել է ամերիկյան բալետային խմբերից, որտեղ քիչ ուշադրություն է դարձվում առօրյա պարապմունքներին, կարգապահությունը խիստ չէ, պարը հաճախ դիտվում է որպես հոբի, ոչ մասնագիտություն։ Քեզ մոտ եղե՞լ է նման հիասթափություն։

Հ. Խ. – Չէի ասի, թե ամերիկացի պարողների մոտ կարգապահությունը քիչ է եւ որ նրանք քիչ են պարապում։ Այնտեղ մրցակցությունը շատ մեծ է։ Մի քիչ թուլացրիր քեզ՝ կգան, վրայովդ կանցնեն, այնպես որ եթե մի բանի հասել ես՝ ամեն գնով պիտի այն պահես եւ զարգացնես։

Ա. Բ. – Ռուսական բալետային դպրոց անցած պարողները շատ հարգի են ԱՄՆ-ում...

Հ. Խ. – Այն ժամանակ՝ այո, երբ Նուրիեւը, Բարիշնիկովը հաստատվեցին Արեւմուտքում, ռուսական դասական բալետն էլ մի տեսակ չափանիշ էր։ Բայց ամերիկացին էլ իր սեփական բալետն է ստեղծել։ Ռուսական, խորհրդային բալետը այն հիմքն է, որի վրա հնարավոր է տարբեր ոճերի պարեր ստեղծել։ Անձամբ ես միշտ աշխատել եմ արտահայտվել տարբեր ոճերի մեջ, քանի որ ինչքան բազմազան գործեր անես՝ այնքան ավելի կհարստանաս։ Նախընտրած ոճ չունեմ, ինձ բոլորն էլ հարազատ են՝ լինի Ադանի «Ժիզելը», Բալանչինի «Ապոլլոնը», թե հորս, Իրժի Կիլիանի աշխատանքները եւ կամ մեծ անուն չունեցող մի քանի բալետմայստերների ոճը, որոնք շատ հետաքրքրական գործեր են բեմադրում։

Ա. Բ. – Դրսից եկած պարողի համար դժվար չէ՞ր Ամերիկայում առաջ գնալը։

Հ. Խ. – Պետք է գնաս ու փորձես դռները բացել, մեկը կարող է չբացվել, մյուսը կբացվի։ Պետք է շատ համառ լինես աշխատանքիդ մեջ, դրական մտածես։ Ամերիկյան բալետում գործում են շոու-բիզնեսի կանոնները։ Իրար հանդեպ անհանդուրժողականություն կա, հատկապես կանանց մեջ։

Ա. Բ. – Իսկ քո հայկական անուն-ազգանունով դժվարություներ չստեծե՞ց։

Հ. Խ. – Գուցե շատ ավելիին հասնեի, եթե փոխեի անունս, չգիտեմ։ Բայց ես միշտ ուզել եմ իմ իսկական անուն-ազգանունով առաջ գնալ, որ մարդիկ իմանան հայերի մասին։ Շատ անգամ թերթերում, հեռոււստատեսությամբ իմ մասին միշտ նշվել է՝ Հայաստանից, հայ... ես էլ դա էի ուզում։

Ա. Բ. – Չապլինն ասել է. «Պարողը կիսով չափ միանձնուհի է, կիսով չափ՝ բռնցքամարտիկ»։ Քեզ մոտ ո՞րն է գերակայում։

Հ. Խ. (Ծիծաղում է) – Չեմ կարող ասել։ Միայն գիտեմ, որ ինչքան խորը մարդ լինի պարողը՝ այնքան կկարողանա գրավել հանդիսատեսին։ Բեմի ուժն է, վերեւից գալիս է էներգիան, հաղորդվում է քեզ, դու այն փոխանցում ես հանդիսատեսին, նա էլ իր կողմից ուղարկում է վերեւ, վերադարձնում է պարողին։ Մի տեսակ շրջապտույտ է ստացվում։ Սա ինչ-որ մետաֆիզիկական երեւույթ է։ Ժամանակին շատ էի կարդում նման թեմաներով։

Zoom Image

Ա. Բ. – Չորս տարի առաջ «Արքա-բալետի» հյուրախաղերը Երեւանում քո վերջին ելույթներն էին...

Հ. Խ. – Ստացվեց այնպես, որ իմ ստեղծագործական կյանքը ես ավարտեցի այնտեղ, որտեղ որ սկսել էի։ Շրջանը փակվեց։

Ա. Բ. – Դիտելով քո այսօրվա պարապմունքը՝ թվում էր, թե այս չորս տարիների խզումը տեղի չէր ունեցել։

Հ. Խ. – Եթե սովորում ես հեծանիվ քշել՝ չես մոռանա, թեկուզ ֆիզիկական տվյալներդ փոխված լինեն։ Ես երկար չպարեցի, բայց շատ պարեցի։ Ամերիկայում այդպես է, ցերեկը պարապում ես մի բալետ, որը ներկայացվելու է երկու ամսից, երեկոյան զբաղված ես մեկ այլ ստեղծագործության մեջ։ Ժամանակ է եղել, երբ միաժամանակ յոթ տարբեր բալետներում եմ զբաղված եղել։

Ա. Բ. – Հայ բալետի այսօրվա անմխիթար վիճակից ինչպե՞ս է պետք դուրս գալ։

Հ. Խ. – Նախեւառաջ կազմակերպվածություն է պետք, որը չկա։ Առանց կարգուկանոնի, սուրճ խմելով, գործի նկատմամբ անլուրջ մոտեցմամբ ոչնչի չենք հասնի։ Պետք է նաեւ իմանալ, թե աշխարհում ինչ է կատարվում բալետի բնագավառում, ամեն նորություն պետք է ստանալ, դիտել, ուսումնասիրել, ճանաչել տարբեր խմբերի, պարողների։ Ինֆորմացիա շատ չի պտտվում այստեղ։ Կուզեի, որ վիճակն արդեն փոխված լիներ երեկ կամ երեկ չէ մյուս օրը, որ վաղուց արդեն ասածիս պես լիներ։

Zoom Image

Ա. Բ. – Ի՞նչ ես մաղթում հայաստանցի երիտասարդ պարողներին։

Հ. Խ. – Աշխատասիրություն։ Լուրջ վերաբերմունք գործին։ Որ մի կողմ թողնեն անհավեսությունը։ Շատ ինֆորմացիա քաղեն իրենց մասնագիտության վերաբերյալ, դրանցից վերցնեն լավագույնը ու դարձնեն իրենցը։ Մեր պարային պոտենցիալն այնպիսին է, որ այսօր մենք կարող էինք Երեւանում միջազգային մակարդակի բալետ ունենալ, որն ապրեր նորմալ ստեղծագործական կյանքով, մեկնեին հյուրախաղերի, այստեղ ընդունեին աշխարհի լավագույն խմբերին... Այսինքն՝ Հայաստանում ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ բալետի հայ պարողը ստիպված չլինի գնալ ուրիշ երկրներում աշխատել։ Եթե ժամանակին մեզ մոտ, 1990–1991 թվականներին աշխատելու, ստեղծագործելու նպաստավոր պայմաններ լինեին՝ ես էլ երեւի կմնայի իմ երկրում...

Zoom Image

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2353
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott